08:08 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Երևան

Երևանյան նրբանկատություն կամ հայ տղամարդը բարձունքում է

© Sputnik / Rouben Shukhyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
7320

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը Երևանի ու հայ տղամարդկանց նրբանկատության մասին պատմություն է պատմում։

Այնպես ստացվեց, որ Սարյանի տուն-թանգարանի 50 ամյակին նվիրված գիտական համաժողովի մասին իմացա օդում, թեև համարյա տասն օր քայլում էի հարազատ քաղաքիս փողոցներով։ Այստեղից հետևություն` կա՛մ Երևանում դեգերելու ընթացքում բավարար չափով ուշադիր չեմ եղել, կա՛մ էլ տեղի ունենալիք իրադարձությանը պատշաճ ուշադրություն չի հատկացվել։

Երեկո էր։ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը դեռ չէր հասցրել օդ բարձրանալ, երբ կողքս նստած կինը (անկասկած` ազգությամբ ռուս), որից նուրբ հոտ էր տարածվում, առաջ քաշեց սեղանիկը, վրան դրեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» ալբոմն ու սկսեց թերթել ուտելու և ժամանակ առ ժամանակ նրան մոտեցող երիտասարդի հետ զրուցելու ընթացքում։

Երիտասարդը, որը նույնպես կովկասյան արտաքին չուներ և նույնպես մասնակցել էր սարյանական համաժողովին, կնոջը պատմում էր Հայաստանից ստացած տպավորությունների մասին։ Խիստ էսթետիկից մինչև գաստրոնոմիական տպավորություններն ավելի մեծ էին, քան այն տարածությունը, որն այդ պահին բաժանում էր մեզ երկրից։ Լսելը հաճելի էր, բայց ես բոլորովին այլ բանի մասին էի մտածում։

Տասն օր շարունակ Երևանում էի և ամեն օր գնում էի Սարյանի արձանի մոտ գտնվող պուրակ, նստում էի մոտակա նստարանին ու ամեն օր նույն տեսարանին ականատես լինում` աղբի կույտ ու կոտրված շշի բեկորներ անկյունում։

Երբ տասն օր շարունակ ոչինչ չի փոխվում, նշանակում է, որ որևէ մեկը չի մաքրում այդ աղբը և ոչ մի տեղ չի տանում այն։ Ամեն ինչ մնում է մարդկանց… Իսկ մարդիկ դրան արժանի չեն։ Ո՛չ նրանք, ովքեր դրսից են գալիս հարգանքի տուրք մատուցելու Սարյանին, ո՛չ էլ նրանք, ովքեր մշտապես ապրում են Երևանում։

Ասում են`երբ բաժակը բավարար չափով մաքուր չէ, այն ամենը, ինչ լցվում է այդ բաժակի մեջ, փչանում է։ Եթե պատկերացնենք, որ Երևանը բյուրեղապակյա պնակ է, որը բավարար չափով լվացած չէ, ապա քաղաքում ինչ էլ անցկացնեն` փառատոն, համերգ, համաժողով, ներկայացում, կկորցնի բյուրեղապակյա պնակին բնորոշ սառցե թափանցիկություն ու գույների խաղը։

Սարյանական համաժողովից վերադարձող կինը հրաժարվեց ընթրիքից և շարունակեց թերթել ամսագրի էջերը, երբ մի տղամարդ մոտեցավ աթոռին ու ձգվեց, որ ինչ-որ բան հանի բեռների դարակից։ Սովորաբար նման արտաքին ունեցողները բիզնես կարգով են մեկնում, բայց այս դեպքում ինչ-որ բան այն չէր։

Ուղևորը երկար ժամանակ փորձում էր գտնել ուզածը և, ըստ երևույթին շոշափելով չէր կարողանում գտնել, հետո կարծես գտավ, բայց այդ պահին շողշողացող ամսագրի վրայով նուրբ շիթով ինչ-որ կարմիր ու, ըստ երևույթին, քաղցր բան ծորաց։ Երևանից հեռացող կինը վեր թռավ, փորձեց ամսագիրը հեռու պահել վտանգից, բայց արդեն ուշ էր։

Տղամարդն առանձնապես չնեղվեց կատարվածից, չասաց` վախ կամ դրա նման մի բան, զուսպ տոնով ներողություն խնդրեց, կանչեց բորտ-ուղեկցորդուհուն, ու քանի դեռ աղջիկը կարգի էր բերում տարածքը, տղամարդը հյուրին մեկնեց այցեքարտը։

— Հակառակ կողմում գրեք ձեր հասցեն` տան, աշխատավայրի, որը կցանկանաք։ Նոր ալբոմը ձեզ կհանձնեն Մոսկվա հասնելուն պես։

— Ոչինչ, ոչինչ,-ընդդիմացավ կինը,- մի անհանգստացեք։

Համարյա Մոսկվա էինք հասնում, երբ բորտ-ուղեկցորդուհին մոտեցավ կնոջը։

— Սա ձեզ, — ասաց նա ու ֆրանսիական օծանելիքի տուփը մեկնեց կնոջը։

— Բայց ես…

— Սա նվեր է այն տղամարդուց, որ ձեր ալբոմը ջրեց։

— Այ քեզ բան, սա իմ սիրած բույրն է։ Ինչպե՞ս կռահեց,- ասաց կինն ու գնաց անծանոթին շնորհակալություն հայտնելու։

«Շերեմետևոյում» անձնագրերի ստուգման ժամանակ մենք իրար կողքի հայտնվեցինք։

— Եվ ո՞վ էր այդ նրբանկատ տղամարդը,- չդիմացա ու հարցրի ես։

— Գիտե՞ք` այնտեղ ընդամենը գրված է` Հայաստան, մեկ էլ հեռախոսահամարը։ Ո՛չ անուն կա, ո՛չ ազգանուն, ո՛չ էլ պաշտոն։

«Ճիշտ է գրված»,- մտածեցի ես։

— Գիտե՞ք,- շարունակեց կինը,-երևանցի տղամարդիկ շատ նրբանկատ են ու դաստիարակված։ Եվ որ ամենակարևորն է` երիտասարդները նույնպես։ Լավն է ձեր քաղաքը։

Կինն ամեն ինչ ճիշտ ասաց, բայց, միևնույն է, մեր քաղաքը մաքրել պետք է։ Երևանն արժանի է դրան։

Գլխավոր թեմաներ