17:10 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
226 0 0

Երևան քաղաքում երթևեկության հետ կապված իրավիճակը հեշտացնելու համար խորհրդարանը (կամ քաղաքապետարանը) պետք է ինչ-որ բան անի ապահովագրական ընկերությունների հետ: Խցանումների պատասխանատվությունն առաջին հերթին նրանց վրա է, վստահ է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը:

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրեց երթևեկության խնդրին, ինչը պիկ ժամերին բառացիորեն կաթվածահար է անում մայրաքաղաքը: Հասկանալի է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, քաղաքաշինության հանձնաժողովի նախագահը, ոստիկանապետը և Երևանի քաղաքապետը պարտավոր են լուծել այս հրատապ խնդիրը:

Կրկին «շրջանցեցին» երևանյան խցանումների հիմնական մեղավորին

Սակայն մեկ այլ բան զարմացրեց:  Մասնավորապես, կառավարության նիստի ժամանակ մայրաքաղաքի երթևեկության խցանումներում առյուծի մեղքի բաժինն ունեցող կառույցները չնշվեցին: Դրանք ապահովագրական ընկերություններ են, որոնց, ասենք, «կես-իրավասու» գործողությունների պատճառով էլ հիմնականում խցանումներ են լինում մայրաքաղաքի կարևոր մայրուղիներում:

Ցանկացած երևանյան ավտոմեքենատեր (իսկ նրանք վերջին տարիներին ավելի ու ավելի են շատանում) կհաստատի, որ հիմնականում կարևոր մայրուղիների վրա հաճախակի գերբեռնվածություն է առաջացնում այն հանգամանքը, որ ավտոմեքենաները միմյանց  բախվելով, թեթև քսվելով, երբեմն ժամեր շարունակ  կանգնում են ճանապարհի մեջտեղում` սպասելով ավտոապահովագրողներին:

Սովորաբար նմանատիպ իրավիճակում, եթե աշխատավայր շտապող երևանցիների բախտը բերի, մեքենաները փակում են Մյասնիկյան պողոտայի երեք գծերից  մեկը, որը տանում է Նորքի զանգվածները: Եվ սա բավական է, որպեսզի երթևեկության հոսքի արագությունը նվազի առնվազն երեք-չորս անգամ:

Դե, իսկ եթե մեքենաները հանկարծ կանգնեն, այնպես որ փակեն  երկու գծերը, ապա համարեք, որ «քաշված» եք: Կես կամ մեկ ժամյա ուշացումը երաշխավորված է:

Նկարագրված իրավիճակը, հավատացեք, ծանոթ է բոլոր այն երևանցիներին, որոնք մայրաքաղաքի ծայրամասերում են ապրում:  Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի անգամ  քաղաքապետարանում կամ խորհրդարանում,  ապահովագրական ընկերությունների վատ որակի աշխատանքների վերաբերյալ որևէ միջոցառում ձեռնարկելու մասին հարցը երբեք առաջ չի քաշվել: Կառավարությունը  ևս չնշեց հիմնական մեղավորներին:

Մյուս կողմից, հասկանալի է, որ ապահովագրական ընկերությունների աշխատակիցներն էլ են մարդ, և նրանք գործի բերմամբ, ամենայն հավանականությամբ, ստիպված են օրվա ընթացքում վազվզել քաղաքի փողոցներով,  գրանցել, չափել, լուսանկարել և այլն:

Անհրաժեշտ է ներդնել ապահովագրողների աշխատանքի չափանիշներ և տուգանել`խախտումների դեպքում

Միայն թե երևանցիները այստեղ ի՞նչ մեղք ունեն:  Գուցե խելամիտ կլիներ պարտավորեցնել ապահովագրական ընկերություններին ավելացնել այդ «արտագնա խմբերի» քանակը: Կամ էլ օրենք կամ օրենքի փոփոխություն ընդունել, որը կպարտավորեցնի ապահովագրողներին  քաղաքի ցանկացած հատվածում եղած վթարի վայր հասնել, ասենք, 15 րոպեում: Դե, նաև տուգանել այն  ապահովագրական ընկերությանը, որը ժամանակին չհասցրեց գրանցել պատահարը և ազատել ուղեգիծը:

Թե չէ, ի՞նչ է ստացվում: Հերիք է ավտոմեքենայի տերը մեկ սանտիմետրով տեղափոխի մեքենան (գիծն ազատելու համար), եկած  ապահովագրողները հրաժարվում են հատուցել վնասը: Ահա և մեքենաները կոտրած  խեղճերը կանգնած երկար սպասում են ապահովագրողին: Նրանք նյարդայնորեն զանգահարում են այն հեռախոսահամարներով, որոնց այդ ժամերին ապահովագրական գրասենյակներում սովորաբար չեն պատասխանում  (ի դեպ, դա նաև միտում է): Նաև ստանում են խցանումներում կանգնած վարորդների վրդովված նկատողությունները…

Դե, ապահովագրական գրասենյակն ամեն ինչ անում է ավելի շատ գումար հավաքելու և ավելի քիչ գումար վճարելու համար, սա է նրանց աշխատանքը: Հետևաբար, նրանք բծախնդրորեն կգտնեն ամեն մի մանրուք, պատճառ, որ հաճախորդին չվճարեն:  Դե, իսկ  ինչու՞ չի կարելի այդ նույն ռազմավարությունը նրանց դեմ կիրառել:

Ասենք` ուշացրեցիք օրենքով սահմանված 15 րոպեում դեպքի վայր հասնելը, բարի եղիր տուգանք վճարել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գրանցող խմբերը բավարա՞ր չեն (նրանք, արդեն,  այսպես ասած, «լեզուները հանած» վազվզում են ամբողջ քաղաքով): Ավելացրեք ձեր աշխատողների և մեքենաների թիվը:

Իրականում, եթե անկեղծ լինենք, ավտոապահովագրության մասին օրենքը Հայաստանում կառուցված է այնպես, որ ապահովագրողներն հենց այնպես առասպելական գումարներ են վաստակում: Ուրեմն նրանք կարող են ավելացնել աշխատողների և մեքենաների քանակը: Չեն աղքատանա:

Գլխավոր թեմաներ