00:23 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայաստան

Ի՞նչ արժե Հայաստանի «ռեբրենդինգը», կամ ինչո՞ւ են մազերը բիզ–բիզ կանգնում

© Sputnik/ Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Վարդան Ալոյան
13140

Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը ժամանակին պետական գանձարանի համար արժեցել է 400 հազար դոլար։ Սյունակագիր Վարդան Ալոյանը խորհրդածում է նման ծախսերի նպատակահարմարության մասին։

Ամեն անգամ, երբ լսում եմ գումարների մասին, որոնք դիզայներական ընկերությունները տրամադրում են բրենդի կամ ռեբրենդինգի ստեղծման համար, գլխիս սակավաթիվ մազերը բիզ–բիզ են կանգնում։

Կարող եք մարգինալ համարել։ Կամքը ձերն է։ Խոստովանեմ` արտհաուսային ֆիլմեր չեմ սիրում, Փարաջանովի «Նռան գույնը» չեմ հասկանում և այդպես էլ չկարողացա ստիպել ինձ մինչև վերջ կարդալ Ջոյսի «Ուլիսեսը»։

Բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում։ Ես կասկածներ ունեմ, որ պարոնայք դիզայներները տեղը տեղին խաբում են տնտեսվարող սուբյեկտներին։ Ընդ որում, ոչ միայն մեզ մոտ` Հայաստանում կամ Ռուսաստանում։ Ամբողջ աշխարհում։ Առաջին անգամ բախվեցի այդ խնդրի հետ երկաթուղում։ Հայ երկաթուղայինները որոշել էին ռեբրենդինգ կատարել։ Պայմանավորվել էին հայտնի մոսկովյան ընկերության հետ, կանխավճար տվել։ Նրանք եկել էին, այցելել Մատենադարան, շրջել Հայաստանով, տպավորություններ հավաքել։ Հետո ստեղծել էին հին հայկական գորգերի ավանդական նախշերով լոգոտիպ և ցուցադրել իրենց աշխատանքը երկաթուղու` կրկին նշանակված պետին։ Երբ նոր պետն իմացել էր, թե որքան գումար պետք է վճարի այդ «կեռումեռ գծերի» համար (100 հազար դոլար), իսկույն հրամայել է դադարեցնել ռեբրենդինգի գործընթացը։ Ասեմ ձեզ` բավական մեծ աղմուկ էր բարձրացել։

Ահա այդ ժամանակ էլ սկսեցի հետաքրքրվել, թե ընդհանրապես որքան արժե ապրանքանիշ ստեղծելը, գոյություն ունեն արդյո՞ք ինչ–որ սակագներ, գներ, սանդղակ, ըստ որոնց որոշվում է գինը, թե այդ սանդղակով չափում են միայն պատվիրատուի դրամապանակի հաստությունը։ Երկար փորձեցի, բայց այդպես էլ չհասկացա։ Հասկացա միայն, որ դա ոչ միայն թանկ հաճույք է, այլ շատ թանկ։ Օրինակ, BBC–ն դեռ 1997թ–ին ռեբրենդինգի համար վճարել է 1,8 միլիոն դոլար։

BP–ն (Բրիթիշ Փեթրոլիումը) մեր օրերում վճարում է, ամուր բռնվեք` 211 միլիոն դոլար։

Ինձ հատկապես հուզեց  գումարը, որն Արտեմի Լեբեդևը վերցրել էր Մոսկվայի մետրոպոլիտենից «М» տառի ռեբրենդինգի համար` 232 միլիոն։ Ճիշտ է` ռուբլի։

Թող բոլորս այսպես ապրենք։ Մի տառի ռեբրենդինգ ես անում և առոք–փառոք ապրում։ Ի դեպ, երկաթուղայիններից 100 հազար դոլար ուզողներն այս ֆոնին ուղղակի անմեղ գառնուկներ են։ Այնպես որ, երբ անցած  տարի մեր մամուլում սարսափելի աղմուկ բարձրացավ «Հայաստանի բրենդի» համար, որի համար վճարել էին 400 հազար դոլար, ես նույնիսկ ուզում էի պաշտպանել ստեղծողներին։ Իբր, ի՞նչ եք ուզում խղճուկ 400 հազար դոլարի համար` Լեոնարդո դա Վինչիի յուղաներկով կտա՞վը։

Ճիշտ է, ինձ մյուսների նման հանգիստ չէր տալիս մի միտք. իսկ ի՞նչ է խորհրդանշում այդ ապրանքանիշը։ Հետո, երբ կարդացի հեղինակի` ամերիկյան GK BRAND ընկերության բացատրությունը, ոչ միայն հանգստացա, այլ նույնիսկ հպարտացա։ Պարզվեց, որ այդ ծաղկած ծաղիկը «Հավերժ արև» է, որը խորհրդանշում է, այն, որ «Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն իր մշակույթով զգալի ազդեցություն է ունեցել մոլորակի բոլոր անկյունների վրա` իր ավանդն ունենալով ինտելեկտուալ, հոգևոր, գիտական, գործնական և այլ ոլորտների վրա»։

Եվ այդ ամենն ընդամենը 400 հազար դոլարով։ Ռաֆինացված ինտելիգենտները, հավանաբար, իսկույն գլխի են ընկել «գիտական, գործնական և այլ ոլորտների մասին», իսկ ինձ նման մարգինալներին ստիպված եղան բացատրել։

Նման բան պատահել է նաև Էստոնիայում։ Ճիշտ է` ելնելով իրենց ազգային մտածողությունից, էստոնացիները բարձր չեն աղմկում, բայց խնդիրը մնում է։ Այդ մերձբալթյան երկրի կառավարությունը 200 հազար եվրո է վճարել «Էստոնիա» ազգային ապրանքանիշի համար և արդյունքում ստացել են ահա սա։

Իսկ հիմա Էստոնիայի քաղաքացիները ցանկանում են հասկանալ այդ ծուռումուռ խորհրդանիշները։ Ես իմ փորձի բարձրությունից, իհարկե, հասկանում եմ, որ այդ լոգոտիպը խորհրդանշում է, որ «Էստոնիան այն սակավաթիվ երկրներից է, որն իր մշակույթով զգալի ազդեցություն է ունեցել…» և հետևում ենք տեքստին։ Բայց չեմ գուշակի, թող իրենք գուշակեն։

Ինչպե՞ս էր ասում Իպոլիտ Մատվեևիչը։

–       Ի՞նչ արժի թթու վարունգը։

–       Հինգ կոպե՞կ։

–       Այնուամենայնիվ։

Գլխավոր թեմաներ