10:01 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տոլմա

ՅՈՒՆԵՍԿՕ–ն ենթարկվեց Բաքվին, բայց հայկական տոլմայի համը դրանից չի փոխվի

© Sputnik/ Andranik Ghazaryan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
127 0 0

Դեկտեմբերի 6–ին հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակեց ադրբեջանական կերակրատեսակ և ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այս որոշման պատճառների ու հնարավոր հետևանքների մասին մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Դեռ երեք տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվեց հայկական լավաշը։ Ավելի վաղ այդ ցուցակում ընդգրկվեցին հայկական խաչքարերի խորհուրդն ու վարպետությունը, «Սասունցի Դավիթ» էպոսն ու դուդուկի կատարումը։ Չհաշված, իհարկե, հայկական քոչարին։ 

Այսօր հարևան երկիրը թնդում է ուրախությունից, պարզվում է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման Ադրբեջանին է վերագրել։ Սակայն պետք է փոքրիկ, բայց սկզբունքային ճշտում անել. հարևան երկրին է վերագրվել տոլմայի պատրաստման բաղադրատոմսերից միայն մեկը և ոչ թե այդ ուտեստի գյուտը։ Այդ դեպքում կստացվեր, որ տոլման բոլորովին նոր ուտեստ է, որ նույնիսկ 100 տարվա պատմություն չունի, քանի որ Ադրբեջանը 2018 թվականին կնշի հարյուրամյակն այն պահից, երբ պատմության մեջ առաջին անգամ որպես պետություն հիշատակվեց։ Դա չափազանցված կլիներ նույնիսկ ոչ ամենաճշգրիտ կազմակերպության` ՅՈՒՆԵԿՕ-ի համար։

Դե ինչ ասենք։ Մենք ագահ չենք։ Կարելի է տոլմայի ևս մի երկու բաղադրատոմս ճանաչել ադրբեջանական կամ թեկուզ էսկիմոսական, հատկապես այն բաղադրատոմսը, որում խաղողի թուփ է օգտագործվում։ Դրանից տոլմային ոչինչ չի լինի։

Խոսքը մի քիչ այլ բանի մասին է։ «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ամենահայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանն այսպես է ասել. «Ես միշտ կարծել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի կազմակերպություն է, որը սեփական շահի համար թշնամանք է սերմանում ազգերի միջև։ Այդ պատճառով դրան լուրջ չեմ վերաբերվում։ Եթե հիմա մենք էլ դիմենք, ծախսեր անենք, ապա կազմակերպությունը կհայտարարի` տոլմայի հայկական տեսակ էլ կա, որի մասին իրենք չգիտեին»։ 

Ու ահա այստեղ դժվար է չհամաձայնել Մամուլյանի հետ։ Ընդհանրապես ինչի համար է պետք ճանաչել ինչ-որ բանի պատկանելությունը, կապ չունի` իր է դա, թե երևույթ կամ արվեստի գործ։ Հատկապես, երբ խոսքը մի բանի մասին է, որն աշխարհի պես հին է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաները չեն կարող չհասկանալ մի պարզ բան, օրինակ` այն փաստը, որ Ակրոպոլիսը Հունաստանում է, չի նշանակում, որ ամբողջ քաղաքակիրթ մարդկության հպարտությունը չէ։ 

Հատկապես, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ իրենց որոշումով ավելի են խորացնում երկու ժողովրդի, այսպես ասենք, առանց այդ էլ ոչ միանշանակ հարաբերութունները։ Մնում է ենթադրություն անել` աշխարհում գիտությանը, մշակույթի, մարդասիրության տարածմանը կոչված կազմակերպությունը կա՛մ հատուկ ու մտածված է «ժողովուրդների մեջ թշնամանք սերմանում», կա՛մ սեփական շահն ունի։

Այդ պատճառով էլ հենց նույն Մամուլյանը հորդորում է լուրջ չվերաբերվել այդ կառույցի որոշմանը։ Նա չի բացառում, որ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանից բողոք կամ պատասխան հայտ ստանա, ապա կարող է երկրորդ որոշումը կայացնել ու հայտարարել, որ նույն ուտեստը նաև հայերի «սեփականությունն» է։

Բայց, հավանաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում էլ հիմարներ չեն հավաքվել, ու ոչ ոք չի հրաժարվի գումար վաստակելուց։ Հակառակ դեպքում կարելի էր նիստերի ու որոշումների վրա ծախսվող գումարներն ու այլ պաշարներն ուղղել համաշխարհային ժառանգության իսկական պահպանմանն ու աջակցմանը։ Այդ հիվանդությամբ, թերևս, տառապում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այլ նաև մեր մոլորակի երկրների մեծ մասի կառավարությունները։

Տոլմայի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը չի փոխվի` անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Ի դեպ, չեմ զարմանա, եթե այդ գրասենյակը մի այսպիսի մրցույթ հայտարարի` ով իրեն լավ պահի, նրան էլ կվերագրենք անիվի հայտնագործությունը։

Նույնիսկ մեր արևելյան հարևանները երևի չհամարձակվեն մասնակցել։ Անհարմար բան կստացվի. ակնհայտ է, որ անիվը մեկ դարից էլ հին է։

Իսկ անվի պատրաստման մի քանի բաղադրատոմս, ցավոք, գոյություն չունի։

Գլխավոր թեմաներ