10:05 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Փերլ Հարբոր

Ինչպես Հայաստանում ծնվածը ճապոնացի սամուրային դիմավորեց Կալմիկիայում

© Wikipedia/ public domain
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
59 0 0

1941թ–ի դեկտեմբերի 7–ը Համաշխարհային պատերազմի պատմության մեջ նշվել է որպես ճակատագրական իրադարձություն։ Այդ օրը Ճապոնիան օդային հարված հասցրեց Փերլ Հարբորին, որտեղ տեղակայված էր Խաղաղօվկիանոսյան ամերիկյան նավատորմը, և ԱՄՆ–ն մտավ պատերազմի մեջ։

Բայց սա ընդամենն առիթ է, որպեսզի պատմենք ճապոնական այն օդաչուի մասին, որը գերությունից հետո իր ճակատագիրը կապեց ԽՍՀՄ-ի հետ։

Օրերս մոսկվացի ընկերս ամերիկյան ֆիլմից հետաքրքիր հատված ուղարկեց Երկրորդ համաշխարհայինի մասին` 1958թ-ին նկարահանված «Կապույտ վեցյակը»։ Ֆիլմը պատմում է ռազմական նավաստիների մասին, որոնց շարքում է եղել նաև հայ Ահարոն Սլոբոջյանը։ Նա իր մարտական ընկերներին հրավիրում է հայկական ռեստորան` ազգային ճաշատեսակներ համտեսելու, և երբ ընկերները մտնում են հաստատություն, Ահարոնը հայրենակիցներին կոչ է անում զարմացնել հյուրերին հայկական հյուրընկալությամբ։ Ամերիկյան ֆիլմում հնչում է մաքուր արևմտահայերենը։

Այդ հուզիչ պահը մտքեր ծնեց այն մասին, որ հայերը շատ երկրների շարքային ծառայության պիտանի քաղաքացիների պես զորակոչվել են բանակ և պատերազմել գերմանացիների, ճապոնացիների, իտալացիների և նրանց մարիոնետային դաշնակիցների դեմ։ Հայաստանի պատմության մեջ եղել են պատերազմներ անտիկ ժամանակների մեծ կայսրությունների` Պարսկաստանի, Հռոմի, Բյուզանդիայի, մոնղոլների, արաբների, սելջուկների հետ և այլն։

Բայց ճապոնացի նվաճողները հազիվ թե երբևէ մոտեցած լինեն Հայաստանի սահմաններին կամ հայկական ջոկատները լողալով հասած լինեն Ճապոնիա կամ նրա գերիշխանության տակ գտնվող տարածքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմն է ստիպել է նրանց առնչվել իրար հետ։ Խորհրդային զորքերի հայ զինվորներն ու սպաները պատերազմել են ճապոնացիների հետ Մանչժուրիայում, իսկ ամերիկյան հայերն ամերիկյան բանակի և նավատորմի կազմում կռվել են նրանց դեմ Խաղաղ օվկիանոսի կղզիներում ու ջրերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ տարիներ անց ինձ` Հայաստանի բնակչիս, հաջողվել է հանդիպել ճապոնական նախկին ռազմագերու հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Կալմիկիայի հեռավոր գյուղերից մեկում` Յուժնիում։ Այստեղ Իոսիտեր Նակագավային հորեղբայր Սաշա են ասում։ Պատերազմի ժամանակ նա օդաչու է եղել, Ֆիլիպինների երկնքում կռվել ամերիկացիների դեմ։ Հետո տեղափոխվել է ռազմաճակատի այլ հատված և Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո հայտնվել խորհրդային գոտում։

Ռազմագերիների ճամբարում սամուրայի երդմանը հավատարիմ սպաները որոշել են խարակիրի անել, բայց ռազմական վիրաբույժը փրկել է երիտասարդ ճապոնացու կյանքը։ Նրա համար դա խայտառակություն է եղել և հրաժարվել է վերադառնալ Ճապոնիա այն ժամանակ, երբ դա հնարավոր է դարձել ռազմագերիների համար։ Այսպես Իոսիստերը դարձել է Սաշա և իր կյանքը կապել նոր հայրենիքի հետ։ Այդ մասին ես ռեպորտաժ էի պատրաստել ՆՏՎ-ի թղթակից աշխատելու տարիներին։

Հետո ինձ պատմեցին, որ այդ ռեպորտաժից հետո տեղի իշխանությունները նոր ու մեծ տուն են հատկացրել Սաշա հորեղբորը։

Գլխավոր թեմաներ