04:46 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սպիտակ

«Ախր այնտեղ ողջ մնացածներ կան». ինչպես էին հայերին փրկում մահացու որոգայթից

© Sputnik/ Игорь Михалев
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյան
126 0 0

1988թ–ի Սպիտակի աղետալի երկրաշարժը գլխիվայր շուռ տվեց մարդկանց կյանքը, երկիրը, ապագան։ Այնպիսի սարսափելի վերք թողեց, որ այն, հավանաբար, կսպիանա մի քանի սերունդ հետո։ Ամեն տարի հատկապես այս օրը մարդիկ վերապրում են այդ օրերի ու տարիների սարսափելի իրադարձությունները։

Հայրս ու ես այս ողբերգության օրը Երևանից Կիրովական հասած առաջին մարդկանցից էինք։ Մոտավորապես ցերեկվա երկուսն էր, երբ մտանք քաղաք, որտեղ մեծացել էր հայրս ու որտեղ ապրում էին տատիկս ու պապիկս։ «Նիվայով» շրջանցեցինք փլատակների մեջ կորած Սպիտակը, անցանք քաղաքի շուրջ գտնվող վարած արտերով։ Մեզ հետ զուգահեռ Երևանից դուրս եկածները երկար ժամանակ մնացել էին ճանապարհին. Սպիտակում քանդված շենքերը փակել են ճանապարհները։

Հյուսիսային շրջանների հետ հեռախոսային կապ չկար, և մեզ թվում էր, որ Կիրովականը Սպիտակի նման ջնջվել է երկրի վրայից։ Բայց քաղաքը մեզ դիմավորեց առաջին հայացքից ամբողջական տեսքով։ Նույնիսկ քիմիական գործարանի խողովակներից ծուխ էր բարձրանում, իսկ պողոտայի սկզբում` հենց առաջին խաչմերուկում, փուլ էր եկել գմբեթավոր հինգհարկանի շենքի տանիքը։

Առաջին հայացքից թվում էր, որ գոնե այստեղ ոչինչ չի եղել, բայց քաղաքը մի տեսակ տարօրինակ էր, ոչ սովորականի նման անվրդով, լարված, վախեցած և ուղղակի տագնապած։ Ո՛չ մեքենաներ կային, ո՛չ էլ մարդիկ. ասես ամեն ինչ անհետացել էր, և մարդիկ միանգամից հեռացել էին այստեղից։ Պողոտայում մեր շենքը (ժողովրդի լեզվով ասած` «Բակալեն») նույնպես կանգնած էր իր տեղում` անվնաս, բայց անբնակ։ Եվ միայն ժամանակ, երբ հատեցինք պողոտայի կրկնակի հոծ գիծը և մտանք բակ, տեսանք, որ մի քանի շենքերի բոլոր բնակիչները հավաքվել են մարզահրապարակի կենտրոնում` բարձրահարկ ու հնգահարկ շենքերից հեռու։

Շատ լավ եմ հիշում տատիկիս. նա հարևաններից ամենամեծն էր ու փորձառուն, նստել էր հրապարակի կենտրոնում` շուրջը հավաքելով բակի բոլոր երեխաներին։ Կարծես թխսկան լիներ, որը ճուտիկներին պաշտպանում է իր թևերով, նույնիսկ գոռում էր, որպեսզի փոքրիկներից ոչ մեկը չհեռանա և չմոտենա շենքերին, որոնք ժամանակ առ ժամանակ ցնցվում էին։

Մենք հետո իմացանք, թե ինչ է հետցնցումն ու սեյսմոլոգիայի հետ կապված մյուս նրբությունները… Տատիկս այդ ժամանակ արագ բացատրեց, որ մոտակայքում մի ամբողջ թաղամաս է ավերվել։ Հենց այն, որտեղ գտնվում էին մորաքրոջս, քրոջս բնակարանները։ Զարմիկս` Ռոբերտը (Կիրովականում նրան ասում էին Օբոնիկ), նույնպես տանն էր եղել։

Կիրովականում ավերված շենքերը վեցն էին կամ տասը։ Հիմնահատակ քանդված շենքերը։ Դրանցից մեկում մնացել էր եղբայրս։ Մենք նրան գտանք միայն մեկ շաբաթ անց, ինչպես նաև մորաքրոջս բակից գտած շատ շատերին։ Նրանց, ում հետ ընկերություն էի արել մանկուց և ում հետ անցկացրել դպրոցական գրեթե բոլոր արձակուրդները` Երևանից գնալով տատիկի տուն։

Առաջին երկու օրը մենք ուշքի չէին գալիս, թևաթափ էինք եղել։ Բոլորովին չինք պատկերացնում, թե ինչ պետք է անել, որտեղից սկսել փլատակներից կազմված մահացու որոգայթում մնացած մարդկանց որոնումները։

Հիշում եմ, որ սարսափելի ցուրտ էր, հատկապես գիշերները։ Ասես բնությունը որոշել էր վերջնականապես հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր համարձակվել էին փրկվել աղետի սարսափելի հարվածից։ Բակի մարզահրապարակի կենտրոնում, որն ինքներս էինք ավլում և մաքրում ֆուտբոլային կամ բասկետբոլային «մարտերից» հետո, հսկայական խարույկ էին վառել ձեռքի տակ եղած իրերով։

Մեր բակի երեխաներին (բոլորին) քաղաքից տարել էին հենց առաջին օրը. Հայրս այդ օրերին երկու անգամ «Նիվայով» գնացել էր Կիրովականից Երևան։ Իսկ ես ու եղբայրներս (նրանք ավելի ուշ էին եկել Երևանից) երկու օր շարունակ պտտվում էինք ավերակների մոտ` վշտից կուչ եկած, հուսահատ, չպատկերացնելով` ինչից սկսել, ինչ անել։

Հետո հասան արդեն նաև բանակային ստորաբաժանումները` ամբարձիչ կռունկներով և այլ տեխնիկայով։ Հիշում եմ` ինչպես մարդիկ հարձակվեցին երիտասարդ նեղաչք զինվորիկի վրա, որը փորձեց միացնել բուլդոզերի շարժիչը. «Ի՞նչ ես անում, ախր այնտեղ կենդանի մարդիկ են»։ Հիշում եմ` սկզբում զինվորները շրջափակեցին ավերակները կենդանի օղակով, բայց շատ արագ հասկացան, որ նման բան չարժե անել. մարդիկ փորձում են փրկել իրենց մտերիմներին ու հարազատներին։

Հիշում եմ` ինչպես էին Ֆրանսիայից փրկարարներ ժամանել` վառ դեղին ավտոբուսներով, նույն գույնի հանդերձանքով, շներով և տեխնիկայով։ Մորաքրոջս ամուսինը ստիպված էր եղել թողնել որդու որոնումները և գնալ ֆրանսիացիների հետ. նա միակն էր, ով ֆրանսերեն գիտեր։ Նրան որպես թարգմանիչ կցել էին եվրոպացիներին։

Հիշում եմ մեծ, դեղին սարքերը, որոնք իրենց հետ բերել էին փրկարարները. փլատակները, որոնք մենք ժամերով, օրեր շարունակ ձեռքով էինք մաքրում, իսկ այդ սարքերը միանգամից էին հեռացնում։

Հիշում եմ նաև, որ գերեզմանատանն աշխատում էր «Բելառուս» էքսկավատորը` կիլոմետրանոց փոսեր փորելով գերեզմանների համար։ Դրանք չէին բավականացնում, հերթեր էին գոյանում… Բոլորը հասկանում էին, որ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել ողջ մնացածների, վիրավորների մասին, բայց բոլորը խուճապահար շտապում էին գտնել և հողին հանձնել իրենց հարազատներին, հատկապես երբ լուրեր տարածվեցին, որ հինգերորդ օրը փլատակները պարզապես կմաքրեն բուլդոզերներով։

Դեկտեմբերի յոթը սարսափելի, ողբերգական ամսաթիվ է։ Բոլոր հայերը (յուրաքանչյուրը յուրովի) սգում է այդ օրը։ Ազգը, իհարկե, բարոյապես, հոգեբանորեն կարողացել է ուշքի գալ, իսկ ահա հիշողությունը չես կարող ջնջել։ Հիշելը դժվար է, իսկ մոռանալը` անհնար։ Չի էլ կարելի. չափազանց շատ են եղել կորուստները, և մեծ է եղել ցավը։

Գլխավոր թեմաներ