01:48 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Էդուարդո Էռնեկյան

Ինչո՞ւ է Էռնեկյանն իր բիզնեսը զարմիկին հանձնում. լողի ու յոգայի գաղտնիքները

GFDL/Mpkstroff84
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
37931

Էդուարդո Էռնեկյանը` հարստության չափանիշներով երկրորդ արգենտինացին, Corporacion America Airports SA ընկերության սեփականատերը, մտադիր է օդանավակայանների կառավարումը փոխանցել զարմիկ Մարտինին։ Հիմա 85–ամյա Էռնեկյանը այս կամ այն չափով 51 օդանավակայան է կառավարում. դրանց մեծ մասը Հարավային Ամերիկայում է։

Հայաստանի ազգային հերոս, «Սուրբ Էջմիածնի Ասպետ», Հայրենիքի ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանների կրող Էռնեկյանը հեռանում է բիզնեսից, ամենայն հավանականությամբ, տարիքի պատճառով։ Թեև ինքն էլ, նրա շրջապատի մարդիկ էլ պնդում են, որ իր տարիքի համար շատ լավ ֆիզիկական տվյալներ ունի, բայց տարիներն իրենց գործն ասում են, ու ժամանակն է հետնորդներին նշանակել։

American International Airports ու Aeropuertos Argentina-2000 ընկերությունների նախագահ Էռնեկյանի կարողությունը գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար, բիզնեսը տարատեսակ է, այն կառավարելու համար կոմպետենտ մարդիկ են պետք։

Արգենտինահայ միլիարդատերը հավանաբար կարծում է, որ իր զարմիկ Մարտին Էռնեկյանն այդպիսին է։ Համենայն դեպս` օդանավակայանների կառավարման բնագավառում։ Իսկ դա նշանակում է, որ երևանյան «Զվարթնոց» օդանավակայանն էլ կփոխի իր գլխավոր կառավարչին։ Էռնեկյանի ձեռնարկած «Զվարթնոցի» վերանորոգումն արժեցել է մոտ 200 միլիոն դոլար։

ХХ դարի սկզբին ցեղասպանությունից փրկված գաղթականների ընտանիքի որդի Էռնեկյանն, այնուամենայնիվ, նշում է, որ այսօրվա գործերը ուրիշին փոխանցելը բիզնեսի նոր ուղղություններ ուսումնասիրելու հնարավորություն կտա։ Ավելորդ չի լինի հիշել, որ նա կառավարում է գրեթե ամբողջ արգենտինական մեդիաշուկան ու, մասնավորապես, հայկական «Կոնվերս բանկի» սեփականատերն է։

Ինչու՞ է նա գործերը ժառանգում զարմիկին։ Պարզապես Էդուարդո Էռնեկյանը երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չունի։ Նա չի բացահայտում իր «կուսակրոնության ուխտի» գաղտնիքը, մենք էլ այդ նուրբ հարցում գուշակություններ չենք անի։

Ժամանակին Էռնեկյաններն Արգենտինայում բավականին հաջողված տեքստիլ արտադրություն ունեին, նույնիսկ Puma ընկերության ամենախոշոր մատակարարներից էին։ 1981 թվականին Էռնեկյանը, արգենտինացի տեքստիլի ոլորտի այլ գործարարների հետ, բարդ ժամանակներ ապրեց։ Այն ժամանակ երկրում նոր օրենքներ էին ընդունվել, բիզնեսը գրեթե շահույթ չէր բերում։

Էռնեկյանը ձեռք գցեց մեդիաշուկային, Cablevisión S.A. կաբելային կայանը ձեռք բերեց, ու բիզնեսն առաջ գնաց։ Միաժամանակ նա Արգենտինայում մի քանի հսկայական հողատարածք ձեռք բերեց։

1995 թվականին Էդուարդո Էռնեկյանը ճանաչվեց Արգենտինայի տարվա լավագույն բիզնեսմենը։

Մարտին ու Ուգո Էռնեկյանները` Էդուարդոյի հանգուցյալ եղբոր` Ալբերտո Էռնեկյանի որդիները, հորեղբոր համար հարազատ են դարձել։ Հիմա Մարտինն, ամենայն հավանականությամբ, օդանավակայաններն է կառավարելու. միայն Արգենտինայում դրանք 30–ն են։ Անկասկած, նրա եղբայրն էլ շատ գործ կունենա։

Էդուրադոն օդանավակայանների կառավարումը դեռ Մարտինին է փոխանցում։ Ինչպես ասում է ամենաավագ Էռնեկյանը, նա պատրաստվում է հետևել ամբողջ գործընթացին` ընդհուպ մինչ այն պահը, երբ հասկանա, որ զարմիկը լիովին մտել է գործի մեջ։

Թեև Մարտին Էռնեկյանն այդ գործերում հաստատ նորեկ չէ։ Իսկ ինքը` գործարարության պատրիարքը, պատրաստվում է ժամանակ ազատել յոգայով ու լողով զբաղվելու համար։ Էռնեկյանն ասում է, որ լողն ու յոգան անհրաժեշտ են 85 տարեկանում լավ ֆիզիկական վիճակը պահպանելու համար։

Իսկ ամենակարևորը բիզնեսի նոր հնարավորությունների ու ուղղությունների ուսումնասիրությունն է։ Չէ՞ որ երբեք ուշ չէ սովորել։

Գլխավոր թեմաներ