01:48 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Հռիփսիմե Սիմոնյան

Հայ քանդակագործուհու արվեստի գաղտնիքը. ինչպես նրան հաջողվեց հաղթել քաղցկեղին

Из семейного архива
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
12720

Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Հայաստանում խեցեգործական քանդակագործության ու կիրառական արվեստի հիմնադիր Հռիփսիմե Սիմոնյանի համար արվեստն ամեն ինչ էր, արվեստը նրա ողջ կյանքն էր:

Վերջերս նշվեց Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Հայաստանում խեցեգործական քանդակագործության ու կիրառական արվեստի հիմնադիր Հռիփսիմե Սիմոնյանի հարյուրամյակը։ Արվեստից առավել բարձր ու վեհ բան գոյություն չուներ, ստեղծագործելիս նա մոռանում էր ամեն ինչի, անգամ իր մոտ ախտորոշված քաղցկեղի մասին։

Արվեստի օգնությամբ էլ նա հաղթահարեց սարսափելի հիվանդությունը։

Թերևս Հռիփսիմե Սիմոնյանին կարելի էր ժամանակակից հայ արվեստի դասական համարել՝ մեծարելով ու հարգանքի տուրք մատուցելով նրան: Այդպես էլ կար մինչև վերջերս, երբ պատահեց մի բան, ինչը դեռ հարկավոր է մանրամասնորեն ուսումնասիրել և վերլուծել:

Նախորդ շաբաթն առանձնացավ չափազանց տհաճ պատմությամբ: Ուրուգվայի առողջարանային քաղաքներից մեկում՝ Պունտա դել Էստեում, տեղի ունեցավ Հայաստանի անունը կրող հրապարակի բացման արարողությունը: Այդ կապակցությամբ Հարավամերիկյան պետությանը Իջևան քաղաքի անունից որպես նվեր շնորհվեց «Հայ կինը» քանդակը, որն ակնհայտ Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքի կրկնօրինակն է։

Սակայն այդպես էլ չնշվեց, որ նվերը կրկնօրինակ է, ավելին՝ քանդակը ներկայացվեց որպես այլ հեղինակի բնօրինակ ստեղծագործություն։ Հենց այդ էլ խիստ զայրացրեց Սիմոնյանի բարեկամներին: Այժմ նրանք խորհրդակցում են իրավաբանների և հեղինակային իրավունքի մասնագետների հետ։

Sputnik Արմենիան անդրադարձել է այս պատմությանը և հետևելու է դեպքերի զարգացմանը։ Իսկ այս հոդվածում հարկ եմ համարում պատմել Հռիփսիմե Սիմոնյանի մասին։
Նկարչուհու թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, պատմում է, որ տատիկը մոլեռանդ արվեստասեր էր՝ այդ բառի ամենադրական իմաստով: Նա անձնվիրության վառ և ուսանելի օրինակ էր։

Հազար անգամ անցել եմ Աբովյան փողոցով, ու միշտ կավե կինը ինձ է նայել՝ այն ժամանակ, երբ դեռ իր թիկունքում եմ, և այն ժամանակ, երբ արդեն իրենից առաջ եմ անցել՝ հայացքով միշտ ուղեկցելով ինձ։ Հռիփսիմե Լևոնովնան մեծ վարպետությամբ է քանդակել արձանի շեղ, ձգված աչքերը և հայացքը, որը թեև հակասում է ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի բոլոր օրենքներին, բայց իրականում գոյություն ունի։

Քանդակագործի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Ա. Խաչատրյանի տուն- թանգարանում բացվել էր նրա ցուցահանդեսը: Հենց այնտեղ էլ, ի դեպ, այժմ պահպանվում է այն քանդակը, որի գրանցումն այդպես էլ հայաստանյանից չփոխվեց ուրուգվայականի: Աշխատանքը քանդակագործի ժառանգների սեփականությունն է:
Ընդհանրապես կարելի է Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքների մի քանի տասնյակ ցուցահանդես կազմակերպել, և ոչ մի անգամ ցուցանմուշները չեն կրկնվի՝ այնքան որ մեծ է նրա թողած ստեղծագործական ժառանգությունը: Արևիկ Գրիգորյանը հավաստիացնում է, որ տատիկի՝ միս ու արյուն տված իրերի քիչ թե շատ ամբողջական հավաքածու ստեղծելն անհնար է, քանի որ դրանք անթիվ են և սփռված են ամենատարբեր մասնավոր ու պետական հավաքածուներում՝ Երևանի ազգային պատկերասրահից մինչև Մոսկվայի խեցեգործության թանգարան: Կամ պարզապես զարդարում են տարբեր մարդկանց բնակարաններն ու առանձնատները:

Մի քանի տարի շարունակ Հռիփսիմե Սիմոնյանը Երևանի հախճապակու գործարանի գլխավոր նկարիչն ու քանդակագործն էր: Անթիվ-անհամար են նրա նկարազարդած բաժակները, պնակներն ու արձանիկները: 70 տարի է անցել, սակայն նրա նկարազարդած սպասքը դեռ կարելի է տեսնել բազմաթիվ երևանցիների բնակարաններում: Այժմ դրանք ոչ այնքան հեռավոր ժամանակների կնիքը կրող, սակայն դեռ արդիականությունը չկորցրած հազվագյուտ իրեր են:

Ճենապակու վրա նկարազարդելուց բացի Սիմոնյանը ստեղծագործել է նաև դեկորատիվ կիրառական արվեստի բոլոր ժանրերում՝ նկարել է ջրաներկով, զբաղվել գրաֆիկայով, արվեստի գործեր ստեղծել կավից ու քարից, նաև ոսկերչական զարդեր հեղինակել, և բոլորն անթերի։

Սիմոնյանի արվեստանոցում են եղել կաթողիկոս Վազգեն Առաջինը, ում հետ նա շատ ջերմ հարաբերություններ ուներ, ինչպես Ավետիք Իսահակյանի հետ, նաև բազմաթիվ նկարիչներ ու տիեզերագնացներ, գրողներ ու դիվանագետներ, հայ, խորհրդային ու արտասահմանյան հայտնի դեմքեր։

Սիմոնյանը ծնվել է Կարսում: Կոտորածի ժամանակ նրա ընտանիքը փախեփախ պատսպարվել է անվտանգ վայրում, բայց հետո վերադարձել է: Իսկ 1918 թ-ին վերջնականապես հաստատվել է Թբիլիսիում, որտեղ էլ Հռիփսիմեն ավարտել է դպրոցն ու 1938 թ-ին ընդունվել տեղի գեղարվեստի ակադեմիան՝ քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը՝ սովորելով Ռոդենի աշակերտ Յակով Նիկոլաձեի խմբում: Ակադեմիան ավարտելուց 10 տարի անց՝ 1950-ականների կեսից նա ինքն է սկսում ակադեմիայում խեցեգործություն դասավանդել, իսկ 1965 թվականին դառնում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետի դոցենտ:

Սիմոնյանը չգիտես ինչու ընդունվեց նաև շինարարական տեխնիկում, որտեղ նրան կամրջաշինարարի դիպլոմ շնորհվեց: Սիմոնյանն անգամ մասնակցեց Մյասնիկյանի պողոտայի սկզբնամասում գտնվող կամրջի ստեղծմանը, դրա հենարանների վրա մի կողմից քանդակելով մուրճն ու մանգաղը, մյուս կողմից՝ խորհրդային աստղը:
1943 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Երևան, և Սիմոնյանը սկսեց բուռն, հագեցած ստեղծագործական գործունեությամբ զբաղվել: 1945 թվականին նա դարձավ նկարիչների միության անդամ՝ այդտեղ կիրառական արվեստի բաժին բացելով: 1956 թվականին գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետում նրա ջանքերով խեցեգործության բաժին բացվեց: Այդպես սկսվեց հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ազգային ավանդույթների վերածնունդն ու դրանց վերաիմաստավորումը՝ ժամանակակից մոտեցումներով:

Այդ տարիներին Սիմոնյանը փոքր դիմաքանդակների մի ամբողջ շարք ստեղծեց։ Ընդ որում՝ նստած Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը լիովին կարող էր չափսերով ավելի մեծ լինել և տեղադրվել որևէ այգում կամ հրապարակում: Սիմոնյանը ստեղծեց նաև Արամ Խաչատրյանի, Սարաջևի, Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի դիմաքանդակները, անգամ չանտեսեց ռումինացի օպերային երգչուհի Զինաիդա Պալին՝ մարմնավորվելով իր կերտած Ամներիսի ու Կարմենի կերպարներով:

Սիրելի թեմաներն էին կնոջ ինքնությունը, մայրությունը: Աբովյան փողոցի հարևանությամբ տեղադրված, ինչպես նաև այդպես էլ Ուրուգվայ չուղևորված քանդակների նմանությամբ ստեղծած նրա աշխատանքները յուրօրինակ են և ակնառու, դրանք ջերմություն ու քնքշություն են ճառագում: Երևանի գլխավոր պողոտայում և սիրահարների այգում այդպիսի «Արմենուհիներ» են տեղադրված:

Տպավորիչ, առինքնող արտաքինով գեղեցիկ կինը միօրինակություն չէր սիրում, կանանց և թե հատկապես տղամարդկանց հայացքները պարբերաբար նրան էին սևեռվում: Իր բազմաթիվ հանդերձներից յուրաքանչյուրի համար նա մեկ զույգ կոշիկ էր ընտրում, ինչը խորհրդային տարիների համար գրեթե անհնարին էր, քանի որ խանութներում առանձնապես մեծ ընտրություն չկար: Բայց Հռիփսիմեին դա հաջողվում էր:

Հռիփսիմե Սիմոնյանն ապրեց՝ հասնելով պատկառելի տարիքի, բայց նրա կողքին հնարավոր չէր հիշել «ծերություն» բառը։ Երևի այդպես է լինում, երբ մարդը զբաղվում է իր սիրելի գործով, սիրված է լինում և սիրելու ընդունակ։

Գլխավոր թեմաներ