09:57 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Գևորգ և Գոհար Վարդանյանները

Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը

Личный архив Г.Хажакяна
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
69870

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը` Ամիրը, ծնվել է 94 տարի առաջ այս օրը։ Վարդանյանը ոչ միայն խորհրդային հետախուզության լեգենդն է, այլ նաև համաշխարհային նշանակություն ունեցող անձնավորություն։ Նրա կատարած աշխատանքը մինչև այսօր էլ գաղտնի է պահվում, ու ինչպես նա ինքն էր ասում, շատ բաներ չեն գաղտնազերծվի։ Երբեք։

Ամիրի ու նրա կնոջ` Գոհարի ոչ լեգալ կյանքն անցել է տարբեր մայրցամաքներում և տասնյակ երկրներում։ Նրանք երբեք չեն սխալվել, քանի որ հետախույզը, ինչպես և սակրավորը, սխալվելու միայն մեկ հնարավորություն ունի։ Բաց աղբյուրներում որոշ չափով լուսաբանվել է միայն Վարդանյան ամուսինների հետպատերազմական գործունեությունը Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում ու ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի դեմ։ Վարդանյանները մասնագիտացել էին ռազմաքաղաքական հետախուզության ուղղությամբ։

Վարդանյանի գործունեությունն առավել հայտնի է դարձել 1943 թվականի վերջին երեք դաշնային երկրների նախագահների համաժողովի պատրաստման ու ընթացքի ժամանակ։ Վարդանյանն ու նրա համակարգող Իվան Աղայանցը հաղթող դուրս եկան Օտտո Սկորցենիի հետ շախմատային խաղում, որտեղ խաղասեղանին էր դրված գերմանական ռեյխի կյանքը. Թեհրանի համաժողովի ժամանակ մահափորձ էին պատրաստում Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ։

Ու չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ երեք ղեկավարների կյանքը նաև հայ հետախույզների ձեռքերում էր։ Ռեժիսորներ Ալովի ու Նաումովի` ժամանակին հայտնի «Թեհրան-43» ֆիլմը` Կառվարենցի երաժշտությամբ ու Ազնավուրի երգերով, հենց այդ մասին է պատմում։ Սակայն այդ գործողության բոլոր մանրամասները դժվար թե հայտնի դառնան, պարոն Վարդանյանն այսպես էր ասում. «Թեհրանի հարցով այնքան բան կա, որի մասին չի խոսվել ու որին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել… Թեև ֆիլմեր են նկարահանվել ու գրքեր են գրվել»։ 1943 թվականին, երբ Վարդանյանն Իրանում էր աշխատում, նա ընդամենը 19 տարեկան էր։

Հետախույզներն ընտանեկան դուետ էին կազմել` պարոն և տիկին Վարդանյանները աշխատանքի մեջ մեկ մարդ էին դառնում։ Հնարավոր է` առաջին հայացքից տարօրինակ թվա, քանի որ նման գործերի մեջ ինչքան շատ մարդ բան իմանա, այնքան ավելի են մեծանում օբյեկտիվ ռիսկերը, սակայն հենց այն փաստը, որ նրանք ամուսիններ էին, բազմաթիվ անգամ փրկել է նրանց։

Գնդապետ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Առաջին Գլխավոր վարչության հետախույզ, Խորհրդային Միության հերոս Վարդանյանի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա մասին բազմաթիվ գրքեր են գրվել ու տասնյակ ֆիլմեր նկարահանվել, սակայն, միևնույն է, Թեհրան- 1943-ը նրանց խոշորագույն հաղթանակն է։

Աշխարհի ճակատագրի համար այդ համաժողովն ահռելի նշանակություն ուներ. երեք հզոր տերությունների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, և այդ հանդիպումը որոշում էր` ինչպիսին է լինելու մոլորակը։ Դա, իհարկե, հասկանում էին նաև Բեռլինում։ Երրորդ ռեյխի հետախուզությանը հանձնարարվել էր Թեհրանում մահափորձ կազմկակերպել Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ։

Գործողությունը «Երկար ցատկ» անվանում էր ստացել, որը մշակել էր Հիտլերի հատուկ հանձնարարությունների գործակալ Օտտո Սկորցենին։ Նա արդեն դիվերսիոն գործողությունների հայտնի մշակող էր, մի քանի հաջողված գործողություններ էր անցկացրել, իսկ 1966 թվականին Սկորցենին հաստատել էր, որ Հիտլերն անձամբ էր հանձնարարել վերացնել երեք առաջնորդներին։ Կամ նրանց, կամ նրանցից մեկին պետք էր առևանգել։

1943 թվականի օգոստոսին գերմանացիները Թեհրանից 70 կմ հեռավորության վրա գտնվող Կում քաղաքի մոտակայքում վեց ռադիստներից կազմված խումբ էին իջեցրել։ Այն ժամանակ Հիտլերը լավ թաքնված գործակալների հզոր ցանց ուներ։ Գերմանացիները տեղացիների պես էին հագնվել, դեմքերը հինայով ներկել, մեկն էլ նույնիսկ մոլլայի կերպարով էր ներկայացել։ Գերմանացիներն իրենց հետ վերցրել էին ռացիաներ, զենք, սարքավորումներ և հասել Իրանի մայրաքաղաք։ Նրանց թաքստոցը ԽՍՀՄ ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ գտնվող առանձնատունն էր։ Այնտեղից էլ նրանք ռադիոկապ էին հաստատել Բեռլինի հետ` Սկորցենիի գլխավորությամբ դիվերսանտների պլացդարմ պատրաստելու համար։

Վարդանյանն ու ընկերները, նաև բրիտանական հետախուզության նրանց գործընկերները համապատասխան տեղեկություն ունեին ու ձեռքերը ծալած չէին նստել։ Գերմանացիների ռադիոկապը լսել ու վերծանել էին։ Իսկ փոխադրիչի տեղը որոշելուց հետո բռնել էին ամբողջ խմբին։

Այստեղ պետք է կրկին ասել, որ այդ գործողության մանրամասները խիստ գաղտնի են մնալու, սակայն Գևորգ Վարդանյանի ղեկավարությամբ երիտասարդների խումբը խաթարել էր Երրորդ ռեյխի ամենագաղտնի գործողություններից մեկը։ Համաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ Թեհրանում գերմանացի մի շարք գործակալների էին ձերբակալել։ Վերջինը Ֆրանց Մայերն էր, որը մորուք ու ներկած մազեր ուներ և հայկական գերեզմանոցում գերեզմանափոր էր աշխատում։

Վարդանյանն ասել է, որ ինքն ազատ խոսում է յոթ լեզվով` ռուսերեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, արաբերեն ու պարսկերեն։ Միաժամանակ խոստովանել է, որ ցուցակն այդքանով չի սահմանափակում. այլ լեզուներ էլ գիտի, բայց չի կարող ասել կոնկրետ որ լեզուները, քանի որ գաղտնի տեղեկություն է։

Վերջին գաղտնի գործուղումից Գևորգ ու Գոհար Վարդանյանները վերադարձան 1986 թվականին։ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Չեբրիկովը նրանց հանձնեց Հերոսի ոսկե աստղ, Լենինի, Կարմիր Դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններ, մեդալներ «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի հանդեպ հաղթանակի համար»։

Գլխավոր թեմաներ