12:15 22 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Հարսնացու

Որքա՞ն արժե հայ կինը, կամ ինչպես փրկվել «նիսյայի տետրից»

CC0 / Soroush Karimi
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արամ Գարեգինյան
136601

Հայի ինչի՞ն է պետք կինը, և արդյոք ի զորո՞ւ են արծաթն ու ոսկին փոխարինել կյանքի ընկերուհուն։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է խնդրին անդրադառնալ տարբեր մասնագիտությունների մարդկանց տեսանկյունից։

Մարտի 8-ին երջանիկ (այդպես չէ՞) ամուսինները շնորհավորում են իրենց տիկնանց։ Ամուրիները գլուխ են քորում։ Ոմանք տրվում են երազանքներին, ոմանք էլ` հաշվարկ անում։ Փորձենք հաշվել, թե ի՞նչ ծախսեր պետք է անենք, եթե պատվիրենք այն ամենն, ինչ ստանում ենք կնոջից։

Հայկական կայքերում տեղադրված հայտարարություններում տնային խոհարարի ծառայություններն ամսական մոտ 120-150 հազար դրամ արժեն (ավելի քան 250 — 300 դոլար)։

Հավաքարարինը` ամսական 80-100 հազար դրամ, իսկ օրավարձով` 5-10 հազար։

Ի՞նչ արժե հոգեբանի ծառայությունը։ Հոգեբանը մեկ ժամի համար տասը և ավելի հազար դրամ է վերցնում։

Որոշակի բնույթի ծառայություններ մենք չենք ներառել, որ փրկվենք զայրացած ընթերցողուհիների նամակներից և պատասխան վիրավորական համեմատություններից։ Սակայն այս ամենը մոտավոր հաշվարկով կարող է գրեթե նույնքան արժենալ, որքան հոգեբանի ծառայությունները։

Այդ իսկ պատճառով միջին աշխատավարձ ստացող տղամարդիկ լավ կյանքի ընկերուհուն նայում են հույսով (եթե իրենցն է) և թախիծով (եթե իրենցը չէ)։

Թեև բոլոր ծառայությունները միանգամից պատվիրելու դեպքում այդ ամենի համար կարելի է ավելի քիչ վճարել։ Տնայնագործի ծառայություններն արժեն 120-150 հազար դրամ՝ տան ամբողջ աշխատանքը կատարելու համար։ Սակայն չմոռանանք` հոգեբանի ծառայությունները դրանում չեն ներառվում։

Ճիշտ է, հաշվարկ կատարելիս պետք է նկատի ունենալ նաև բացասական գործոնները` ընտանեկան վեճերից առաջացող սթրեսները և կնոջ կողմից գործադրվող հոգեբանական ճնշումը (մեզ ծանոթ «սղոցելը»)։ Սակայն կանանց տոներն են, հետևաբար՝ նման բաներով չենք զբաղվի։

Իսկ ո՞րն է առավել շահավետ։ Փորձենք պատկերացնել, թե այդ մասին ինչ են մտածում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Սուլթաններին չենք հարցնում. «если б я был султан» երգից իրենց պատասխանը վաղուց է հայտնի։

Ֆինանսիստ

Ամուսնության դրական կողմերը. մի քանի ծառայություն միանգամից են ստանում, ինչը նվազեցնում է մարդ/ժամ ծախսերը։

Մեծ մասամբ, ծառայությունների ծավալն այդ դեպքում քիչ թե շատ կայուն է լինում, թեև ոչ միշտ են դրանք մատուցվում ակնկալվող պարբերականությամբ ու ամբողջականությամբ։

Մինչդեռ, այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունները դադարում են՝ վճարումներն ավարտվելուն պես (պարտքով տրամադրումը խիստ սահմանափակ է)։

Ամուսնության թերությունները. լրացուցիչ (և ոչ միշտ կանխատեսելի) ծախսեր են պահանջվում ժամադրությունների և ամուսնության համար։

Որքան ցածր է աշխատավարձն ու քիչ են այլ ծախսերը (այդ թվում պասիվ եկամուտը` դեպոզիտից, արժեթղթերից և այլն), այնքան մեծ է ռիսկը, որ կինը դիտավորյալ ակնկալվող ծավալով և որակով աջակցություն չի ցուցաբերի։

Ծանոթագրություն. ամուսնու եկամուտների տատանումների պարագայում կնոջ տրամադրության փոփոխության ռիսկը ակտուար հաշվարկի ենթակա չէ։

Իրավաբան

Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում ամուսնական հարաբերությունները ծառայությունների մատուցման որոշակի կայունություն են երաշխավորում։ Սակայն կայունությունը ապահովվում է կողմերի հայեցողությամբ։ Ամուսնության գրանցումը կողմերին չի պարտավորեցնում մատուցել այս կամ այն ծառայությունները (քանի որ «ամուսնական պարտականություն» հասկացությունը իրավական առումով առոչինչ է)։

Այս հանգամանքը հաշվի առնելով` ամուսինն ու կինը (հետայսու` ամուսիններ) գործնականում պայմանավորվածություն են ձեռք բերում (բանավոր կամ ենթադրյալ) եկամուտների և դրանց տնտեսման, տնային առօրյա պարտականությունների կատարման, ամուսինների դրես կոդի (հիմնականում` կնոջ) և հասարակական վայրերում նրանց վարքագծի վերաբերյալ (մասնավորապես` ամուսնու)։

Պայմանավորվածությունները հաճախ վիճարկվում են և միջանձնային հարաբերությունները պարզելու (վեճերի) պատճառ դառնում։ Վեճը, սկանդալը, որպես կանոն, լուծվում է նույն պահին բանակցությունների միջոցով։

Բանակցությունների թեմաների (ոչ ամբողջական) ցուցակը` բնակտարածությունը, սեփական աշխատավարձը, ամուսնու/կնոջ ծնողները, որոնց հետ ամուսինները բնակվում են համատեղ, կնոջ աշխատավարձը (առանձին դեպքերում նաև նրա հոր), ամուսնու` արտամուսնական կապերի հակվածությունը (կամ դրանց իմիտացիան)։

Ծրագրավորող

Բինար ընդդիմություն.

1. Կինը սնունդ է պատրաստում, իրերն ու հագուստը մաքուր են։ Հաճախ (օրական մեկ անգամ) հարցնում է, թե ինչո՞ւ է «այս համակարգիչը» սեղանի մեջտեղում դրված։ Հիմնական փաստարկները (main int argc)` «այդպես չի կարելի», «մեր տանն այդպես չէին անում», «մեռա ասելով»։

Ռեկուրսիվ ֆունկցիա` «Մեկ անգամ էլ տեսա, որ ճաշ ուտելու փոխարեն չորահաց ես ծամում` մենակ տրանսպորտի փող կտամ»։

2. Կին չկա։ Լիարժեք ազատություն։ Տնային աշխատանքը` ոնց կստացվի (if)։ Մարդ չկա, ում հետ կարելի է խոսել։ Չաթ-բոտ գրելու ժամանակ չկա (const)։ Անեկդոտի ընկեր չկա (float —ը ընկերներին ոչ միշտ է հետաքրքիր, կնոջը (const)` միշտ)։ Կողքիս ինչ-որ բան պակաս է, բայց ինչ` պարզ չէ (x)։

Պոետ (վիճելն անիմաստ է)

Սուտ են ձեզ ասում, թե բոռ ենք անպետք,

Ապառաժ քարից ենք ծլեցնում բողբոջ,

Սարեր ենք շարժում… բայց ինչպե՞ս անենք,

Որ գութը շարժենք անողոք կնոջ:

Հիշենք տարաբախտ մեր Մուրացանին.

Կյանքը հյուծում էր հաշվապահությամբ՝

Իրեն զրկելով գրչի բերկրանքից:

Իսկ կինը՝ Ոսկին, չար հանդգնությամբ

Չէր իջնում իր խեղճ մարդու շալակից:

Տաքսու վարորդ

Ոնց թե՝ պետք ա, թե պետք չի: Էդ ի՞նչ հարց ա, այ հոգուդ մեռնեմ։ Առավոտվա մինչև հինգը ռուլին եմ։ Գոնե տուն կգաս, մարդու երես կտենաս։ Թե չէ, սաղ օրը՝ պասաժիր, գաիշնիկ, դիսպետչեր…

Գլխավոր թեմաներ