08:21 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
305750

Զինվորների մահվանը զուգահեռ առաջնագծում անձնական ողբերգություն էին ապրում Արցախի տարբեր գյուղերի ու քաղաքների բնակիչները։

Շաբաթ, 2016թ.–ի ապրիլի 2։ Իմ առավոտը սկսվեց ատամնաբույժի սենյակում, այնտեղ էլ ավարտվեց։ Աշխատանքի պահին ատամնաբույժի օգնականը գոռաց. «Տեսե՞լ ես` ի՞նչ է կատարվում»։ Նա մոտեցավ հեռուստացույցին և հինգ րոպե անց վերադարձավ. «Ղարաբաղում պատերազմ է»։ Մի քանի սպասող այցելուներ հեռուստացույցով ուշադիր լսում էի հաղորդավարին` ձեռքերով ծածկելով դեմքը և կրկնելով`խեղճ երեխաներ, խեղճ երեխաներ։

Երբ դուրս եկա փողոց, հեռախոսս զանգեց, և հնչեց արտահայտություն, որին սպասում էի. «Գնում ենք Ղարաբաղ»։

Կես ժամ անց ես արդեն Վանաձորից Երևան էի գալիս, ևս մի քանի ժամ հետո գործընկերներիս հետո ճանապարհ ընկա Արցախ։ Մինչև այդ մենք հասցրել էինք մի քանի կադր ստանալ Ստեփանակերտից, որոնցում երևում էին քաղաքի կենտրոնով անցնող ինքնագնացները։ Ավելի ուշ այդ կադրերը կտարածվեին համացանցում և կապացուցեին` հակամարտությունը թեժացել է։ Արցախից եկող նորությունները չափազանց հակասական էին, տեղեկատվական պատերազմը հետ չէր մնում իրական մարտական գործողություններից։

Գիշերը հասանք Ստեփանակերտ, փողոցում քիչ մարդ կար, բոլորն ինչ-որ տեղ էին շտապում։ Գրականության մեջ օգտագործվող «ճչացող լռություն» արտահայտությունը սազում է այս իրավիճակին։

Դեռ չէինք հասել կենտրոն, երբ կառավարական շենքերի մոտ բոլորովին պատահական հանդիպեցինք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին։ Չեմ հիշում զրույցի մանրամասները, բայց այն, բնականաբար, վերաբերում էր նրան, ինչ կատարվում էր։

Այնուհետև ժամանակային չափումը դուրս է մնում իրադարձությունների շղթայից։ Դու լավ ես հիշում, թե որտեղ ես եղել, մարդկանց, նրանց դեմքերը, բայց չես հիշում, թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել։ Ընդամենը չորս օր, բայց իրականում մի ամբողջ հավերժություն։

Այդպես էր ոչ միայն ինձ հետ։ Սոցցանցերում արդեն ապրիլի 1–ին մարդիկ սկսել էին հիշել, թե ինչ է եղել «երկու տարի առաջ այդ ժամանակ»։ Նեղ ժամանակային շրջանակներն արագ ջնջվում են, մնում են միայն իրադարձությունները։

Առաջին ծանր տպավորությունը «Գրադի» կողմից գնդակոծված դպրոցն էր Մարտունիից ոչ հեռու, որտեղ մահացել էր 12–ամյա տղա, նրա երկու եղբայրները և ևս մի աշակերտ վիրավորվել էին։ Մենք այնտեղ հասանք անձրևոտ գիշերով` կատարյալ խավարի մեջ լուսարձակների լույսի տակ ողբալի տեսարան էր. շենքի վրա բեկորների բազմաթիվ հետքեր էին, բոլոր ապակիները կոտրված էին և թափված գետնին։

Զարհուրելի մթություն, անձրև, ոտքերի տակ ճռթճռթացող ապակի, շենքի դիմաց արկի փոսն էր և պահակը, որը հարևան տնից էր եկել, երբ նկատել էր ավտոմեքենայի լույսերը և սկսել էր պատմել ողբերգության մանրամասները։ Հետո հիվանդանոցում վիրավոր երեխաներ, բժիշկներ, ախտորոշումներ…

Հենց այնտեղ տեղի բնակիչներից և զինվորականներից, որոնք նախազգուշացրեցին, որ արկը կարող է ամեն վայրկյան պայթել, մեզ փոխանցվեց վտանգի զգացողությունը։ Մինչև այդ այն ձևական էր, տրամաբանական, բայց ոչ զգացմունքների մակարդակում։ Մարտակերտի մոտ մեր խմբի մի մասը (մենք կիսվեցինք) մյուս լրագրողների հետ ընկել էր հրետակոծության տակ (բարեբախտաբար, առանց ողբերգական հետևանքների)։

Հենց այնտեղ մենք զգացինք պատերազմի հոտը։ Մեզանից ոչ հեռու` մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հրաձգային զենքից (թնդանոթից կրակելուց մի քանի րոպե հետո) խփվեց ադրբեջանական անօդաչու թռչող սարքը։ Որքան էլ տարօրինակ լինի, գեղեցիկ տեսարան եմ հիշում` ինչպես է գիշերը դաշտում կրակում «Գրադը»…

Ճնշող, ծանր տպավորություն թողեց ազատագրված Թալիշ գյուղը, որտեղ ադրբեջանական զինվորների գազանությունների մասին ավելի վաղ հայտնի էր դարձել։ Հենց գյուղ մտնելիս տեսանք ոչխարների և կովերի լեշեր` սպանված հրետանային համազարկով։ Ուրվական–գյուղ։ Թվում էր, թե բնակիչները միանգամից անհետացել էին։

Ծանր լռություն էր իշխում տներում, գյուղում զբոսնող հավեր, մի քանի տներ, մի քանի չգնդակոծված տներ. թվում էր, թե բնակիչները մի քանի րոպեով են գնացել։ Ավերված մանկապարտեզ և դպրոց։

Լավ եմ հիշում Վասյա Խաչատրյանի անունը և ազգանունը։ Նա գյուղի բնակիչներից մեկն էր, որը վերադարձել էր անմիջապես գյուղի ազատագրումից հետո, որպեսզի ստուգեր` ինչ-որ բան մնացել է։ Նրա աչքերում հուսահատություն էր։

Հուսահատությամբ լի էին նաև գյուղի մյուս բնակիչների աչքերը, ովքեր պատերազմից փախել էին Ստեփանակերտ կամ ուրիշ շրջաններ։ Ինչ ասես արժի 104–ամյա Հայկա տատիկի պատմությունը, որին Թալիշից գրկած տարել էր թոռը։

Նրանք բոլորը ցանկացել և ցանկանում են խաղաղություն։ Բայց ոչ թե երերուն, այլ վերջնական։ Ոմանք պատրաստ էին վտանգել ամեն ինչ, այդ թվում` երկու որդիներին, որոնք առաջնագծում էին, միայն թե ամեն ինչ մեկընդմիշտ ավարտվի։

Ապրիլյան օրերի արդյունքը դարձավ մոտ հարյուր զինվորի, մի քանի խաղաղ բնակչի մահը, և հիշողությունը` ամեն մեկի համար առանձին։ Ինչ-որ մեկի համար դա կորստի ցավն է, մյուսների համար` մարտական մկրտությունը, երրորդների համար` հերթական անգամ «փիառվելու» հնարավորությունը։

Բայց Արցախում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Մարտունիում վիրավորված երեխաները գնում են դպրոց, Թալիշ գյուղում շինարարություն է ընթանում։

Իսկ Վասյա Խաչատրյանի, ինչպես նաև ամբողջ Արցախի «ոդիսականը» դեռ շարունակվում է։

Ըստ թեմայի

Քառօրյա պատերազմի վերքերը տարբերվում էին իրենց ձևով ու բարդությամբ
«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմ՝ Արցախի մասին
Արցախյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով

Գլխավոր թեմաներ