08:38 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Յակով Զարոբյանը

Ապրիլի 24-ը հաստատվեց Զարոբյանի ջանքերի ու խորամանկության շնորհիվ. ջրցան սարքեր կիրառվեցին

© Энциклопедия фонда "Хайазг"
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
34820

Խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության թեման արգելված էր։ Սակայն կար մի մարդ, որը որոշեց` արգելքը վատ բան է, և մտադրվեց այն չեզոքացնել։ Նրա անունը Յակով Զարոբյան էր, նա մահացել է 38 տարի առաջ այս օրը։ Այդ կոմունիստի կյանքի պատմությունն է հիշում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Յակով Զարոբյանն ընտրվել էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1960 թվականի վերջին օրերին, իսկ պաշտոնից հեռացվեց 1966 թվականի փետրվարի 5-ին։ Փաստորեն նա միայն 5 տարի է զբաղեցրել հանրապետության բարձրագույն ղեկավարի պաշտոնը, սակայն շատ բան է հասցրել անել այդ ընթացքում։ Այդ թվում նրան հաջողվեց Ցեղասպանության օրը պաշտոնապես սգո օր դարձնել, ինչն անհնար էր թվում, սակայն նրան աջակցեց ամբողջ Հայաստանը։

Երբ Զարոբյանը ստանձնեց կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը` նա արդեն ծրագրել էր 1915-1923 թվականների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պաշտոնական սգո օր հայտարարել, որպեսզի անօրինական ցույցեր և հավաքներ չլինեին։ Չէ՞ որ իշխանության արձագանքը նման իրադարձություններին կանխատեսել հնարավոր չէր։ Շատերին այն ժամանակ խնդիրն անլուծելի էր թվում, սակայն ոչ իրեն։

1964 թվականին Զարոբյանը հասկանում էր, որ հաջորդ գարնանը, երբ կլրանա թուրքական զանգվածային սպանությունների կես դարը, ժողովրդական ցույցերն ու երթերն անխուսափելի կլինեն։ Ժողովուրդը հիշում էր, իսկ եթե հիշում է, ապա անպայման դուրս էր գալու այդ օրը որևէ կերպ սգալու։ Մոսկվայից` ճնշում գործադրելու հրամանն այդ դեպքում գրեթե անխուսափելի կլիներ, այդ պատճառով էլ Զարոբյանը որոշեց նրանցից ավելի արագ գործել` կորցնելու բան չուներ։

1964 թվականի ամռանն ու աշնանը Զարոբյանը Երևանից Մոսկվա և Մոսկվայից Երևան էր մեկնում` երկար մնալով միության մայրաքաղաքում և փորձելով ակնհայտ փաստարկները ներկայացնել ԽՄԿԿ-ի բարձրագույն ղեկավարությանը։ Գործին հայ պատմաբանները միացան, տեղեկատու մեծ նյութ նախապատրաստեցին Մոսկվայի համար` հենց այդ փաստաթղթերն էլ իր հետ վերցրեց Զարոբյանը։

Խրուշչովը սկզբում ընդհանրապես քիչ էր հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նա Հայաստանի մասին տեղեկացել է հանրապետություն այցելելուց հետո` ասելով, որ նույնիսկ չի իմացել, թե ինչ տաղանդավոր, աշխատասեր և խորհրդային իշխանության նկատմամբ լավ տրամադրված ժողովուրդ է այստեղ ապրում։ Սակայն նրա վերաբերմունքը խնդրահարույց հարցի վերաբերյալ պարզելու անհրաժեշտություն չեղավ, քանիր որ 1964 թվականի հոկտեմբերին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրեց Լեոնիդ Բրեժնևը։

Սուսլովը դեմ էր, ոչ թե կտրականապես, սակայն բավական հստակ էր արտահայտել իր բացասական վերաբերմունքը այդ նախաձեռնության վերաբերյալ։ Առանձնապես ուրախ չէր նաև Միկոյանը, սկզբում միայն արտգործնախարար Գրոմիկոն միանշանակ հավանություն տվեց` նախազգուշացնելով միայն, որ զերծ մնան տարածքային հավակնություններից։ Հակառակ դեպքում կստացվեց, որ Թուրքիային պահանջներ է ներկայացնում Խորհրդային Միությունը, ինչն անմիջապես հերթական միջազգային ճգնաժամի կհանգեցներ։

Կարող է տարօրինակ թվալ, սակայն նաև Բրեժնևը հարցին դրական արձագանքեց, և աշխատանքները սկսվեցին։ Հրապարակվում էին հոդվածներ, գրքեր, փաստաթղթերի ժողովածուներ, այդ թվում` արխիվային, իսկ 1965 թվականի ապրիլի 24-ին նախատեսվում էր հատուկ նիստ անցկացնել օպերայի և բալետի թատրոնում։ Սակայն անօրինական ցույցեր ամեն դեպքում եղան։

Ցերեկը Երևանի կենտրոնում բազմամարդ երթ անցկացվեց, որն ավարտվեց Լենինի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքով։ Կուսակցական ղեկավարները և նույնիսկ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը փորձում էին հանդարտեցնել մարդկանց, ինչպես կարող էին, բացատրում էին, որ հարցը գրեթե լուծված է, բոլոր մանրամասները հանրապետության ղեկավարությունն այդ պահին բացահայտել չէր կարող։ Հավաքվածները գնացին Կոմիտասի անվան պուրակ, այնտեղ ելույթ ունեցան Սիլվա Կապուտիկյանն ու Պարույր Սևակը` հեղինակություն ունեցող և անվախ մարդիկ, որոնք կարողացան հանդարտեցնել թեժացող կրքերը։

Սակայն միայն կարճ ժամանակով։ Օպերային թատրոնի մոտ, որտեղ տեղի էր ունենում ծրագրված ժողովը, երեկոյան հանրահավաքի մասնակիցներից բաղկացած մի խումբ մոտեցավ։ Ելույթ ունեցավ Կաթողիկոս Վազգեն I-ը, իսկ Վիկտոր Համբարձումյանի ելույթի գրեթե վերջում հրապարակից աղմուկ բարձրացավ, քարեր սկսեցին նետել, կոտրել նախասրահի դռների ապակիները։ Ոստիկանությունը ջրցան բրանդսպոյտներ կիրառեց, դա չօգնեց, ամբոխը պահանջում էր վերադարձնել Թուրքիայում մնացած հայկական հողերը։

Անգամ առաջարկ եղավ դիմել զինվորականների օգնությանը, ինչից Զարոբյանը կտրուկ հրաժարվեց։ Ամբոխը վերջապես հանդարտվեց, 20 մարդ ձերբակալեց և գրեթե բոլորին հետո ազատ արձակեցին` վարչական տուգանքներ սահմանելով։ Մոտակա օրերին հուշահամալիրը կառուցելու վերաբերյալ որոշում կայացվեց։

Հետաքրքիր է, որ կենտրոնական իշխանությունների ներկայացրած որոշման նախագծում ապագա հուշահամալիրը կոչվում էր հուշարձան «ի հիշատակ հայերի, որոնք ընկել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Այդ թեմայով Զարոբյանի հետ զրույցի մասին իր հուշերում պատմում է գրող Սերո Խանզադյանը. «Զարոբյանն ուշադրությունը շեղող այդպիսի անվանում էր ընտրել, որպեսզի Մոսկվան հուշահամալիրի համար թույլտվություն տար առանց ավելորդ քաշքշուկի`արդարացիորեն համարելով, որ ժողովուրդն այդ արձանին ճիշտ անվանում կտա։

Այդպես էլ եղավ. մրցույթին մոտ 80 աշխատանք էր ներկայացվել։ Նախագծերից որ մեկն ընտրվեց` հայտնի է բոլորին, 1967 թվականին հուշահամալիրը հիմնականում պատրաստ էր, ավելի ուշ ավարտական աշխատանքներ իրականացվեցին։

Իսկ Յակով Զարոբյանին պաշտոնից հեռացրեցին մեկ տարի առաջ, նախկին առաջին քարտուղարը նշանակվեց ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Նա կյանքից հեռացավ 1980 թվականի ապրիլի 11-ին և իր կտակի համաձայն` թաղվեց Երևանում։

 

Ըստ թեմայի

Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ
Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված արտասովոր հուշարձան կկանգնեցվի
Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը կմասնակցի Կաննի կինոփառատոնին
Ամերիկյան հեռուստատեսային խոշոր ցանցը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրի
Սերբիայում ամաչել են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ
Վրաստանի վարչապետը Երևանում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերին
Վալենսիայի Պատգամավորական խորհուրդը մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Գլխավոր թեմաներ