15:46 21 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը

Վարդան Մինասյանի երկրորդ գալուստը. հին մարզչի հետ կապված նոր հույսերը

© Photo : provided by Hakob Berberyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
17120

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ պաշտոնից հրաժարվելուց հետո նոր մարզչի անունը բավականին արագ հայտնի դարձավ։ Թեև ճիշտ չէ Վարդան Մինասյանին «նոր» մարզիչ անվանել. նա արդեն եղել է գլխավորը , ավելին` մեր ազգային հավաքականի ամենալուրջ նվաճումները նրա անվան հետ են կապված։

Նախօրեին՝ ուշ երեկոյան, Վարդան Մինասյանը հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին։ Հարցազրույցը ճիշտ ժամանակին էր, քանի որ հայ երկրպագուները հիմա անորոշության մեջ են. ցավոք, այդ վիճակը նրանց համար սովորական է դարձել։

Վարդան Մինասյանն ակնհայտորեն անկեղծ էր պատասխանում, թեև նույնքան էլ ակնհայտ է, որ ամեն ինչ չասաց։ Եվ ճիշտ արեց. պետք չէ ներքին խոհանոցի գործերը հանրային քննարկման հանել: Նման մոտեցումը ճիշտ է ցանկացած ոլորտում, հատկապես ֆուտբոլի պես զգայուն, կան հարցեր, որոնք համազգային հանրաքվեով չեն լուծվում։

Նախորդի մասին ջերմ խոսքեր ասելով` Միանասյանը խոսեց նոր հին պաշտոնում իր առաջ ծառացած խնդիրների մասին ։ Դրանք կանխատեսելի են՝ կրկին փորձել դուրս գալ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Ազգերի Լիգայի կամ ընտրական փուլի միջոցով։ Քանի որ գլխավոր խնդիրները սահմանվել էին, խոսակցությունը շարունակվեց ավելի արդիական թեմաներով, թե ինչպես են գործերը հավաքականում։

Անձամբ ինձ ապշեցրեց մի դրվագ, երբ Մինասյանը հանգիստ ասաց, որ եթե Յուրա Մովսիսյանը սկսի ցույց տալ այն խաղը, որին ընդունակ է (իսկ դրան կարող է նպաստել ամերիկյան ակումբից նրա տեղափոխությունը շվեդական ակումբ), հավաքական կհրավիրվի։ Այնպիսի տպավորություն է, ասես մի քանի տարի այդ կարևորագույն ֆուտբոլիստը, որի նմանները մեզ մոտ քիչ կան, չի անտեսվել, ասես նրան չեն «պատժել» անհասկանալի պատճառով, և ինչո՞ւ միայն նրան…

Ի՞նչ եղավ, որ այսուհետ Մովսիսյանի առաջ ճանապարհը բացվեց դեպի թիմ։ Հնարավոր է, այդ խոսքերը հնչեցին հասարակությանը հանգստացնելու համար. հայտարարել են, թե հետ կկանչեն «եթե համապատասխանի», սակայն չեն կանչի` պատճառաբանելով, որ «չի համապատասխանում»։ Բայց հավատանք Մինասյանին (իսկ նրան չհավատալու հիմք չկա), որ Յուրայի շնորհազրկման ժամանակը լրացել է, ի՞նչ պատճառով։ Ֆուտբոլի մեր ֆեդերացիայի նախագահը իր կարծիքը հեշտորեն փոխող ու սեփական սխալներն ընդունող մարդու տպավորություն չի թողնում։

Դեռ կերևա։ Իսկ ժամանակին իր հեռանալու մասին հարցին (անսպասելիորեն, քանի որ թիմը հաջողությունների էր հասնում) Մինասյանը խուսափողական պատասխան տվեց։ Արտահայտությունը, թե իբրը նա այն ժամանակ զգաց, որ «սպառել էր իրեն հավաքականի մարզչի դերում» ու ուզում էր «ֆուտբոլային ակումբում աշխատել», հնարավոր է, նրա նախորդ հրաժարականի դրդապատճառներից էր, բայց ոչ առաջնահերթը։

Իսկ Մինասյանի մյուս ասածների հետ դժվար է չհամաձայնել, նաև նրա, որ մանկապատանեկան ֆուտբոլը մեծերի ֆուտբոլի միակ սնուցող հիմքն է, ու որ ավելի ուժեղ ակումբներ են պետք ու ներկայացուցչական առաջնություն, ինչպես նաև այն, որ հավաքականում պետք է խաղան ֆուտբոլիստները, որոնք դա պատիվ են համարում։ Հավաքականում խաղալը անկեղծ բնական հայրենասիրության դրսևորում է, ոչ ցուցադրական հայրենասիրության։ Եվ խաղացողն իր մակարդակով պետք է համապատասխանի ազգային հավաքականի որակին։

Դարպասապահների հետ աշխատելու է մեր անգերազանցելի Ռոման Բերեզովսկին, Դավիթ Յուրչենկոյի հետ բանակցություններ են տարվում (դրանք արդեն տարիներ շարունակ են ընթանում), Ռոբերտ Արզումանյանը արդեն երկու տարի է ֆուտբոլ չի խաղում ու այդ պատճառով չի ներառվի հավաքականում։ Ինչ վերաբերում է Վարդան Բիչախչյանին, ապա բոլոր մարզիչները ուշադիր հետևում են նրան, սակայն երիտասարդ ֆուտբոլիստին ժամանակ է պետք, ինչպես ասում են, հասունանալու համար։

Իսկ մինչև այդ հավաքականը Մինասյանի գլխավորությամբ երկու ստուգիչ խաղ պետք է անցկացնի` մայիսի վերջին ու հունիսի սկզբին։ Դրանք կարևոր խաղեր են լինելու, քանի որ հաջորդները կարող են պաշտոնական լինել՝ Ռուսաստանում կավարտվի աշխարհի առաջնությունն, իսկ եվրոպական դաշտերում կմեկնարկեն Ազգերի Լիգիայի խաղերը։

Իսկ մենք պետք է Եվրոպա դուրս գանք։ Համենայն դեպս` Վարդան Մինասյանն այդպես է կարծում, մենք սովոր ենք վստահել նրան։

Ըստ թեմայի

Վարդան Մինասյանը կրկին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվողը` խոհարարի դերում
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կարող է ընդգրկվել FIFA 19-ի մեջ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռուսաստանի ընտրանուն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարով որակազրկեց ԽՍՀՄ չեմպիոնին

Գլխավոր թեմաներ