03:02 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
20810

Ասում են՝ գործած սխրանքը միշտ ինչ-որ մեկի մեղքի հետևանքն է։ Մեղք, որի հետևանքներն ուղղելու համար սխրանք է պահանջվել, հնարավոր է` պատահական, չմտածված մեղք։ Բայց ավելի հաճախ` անզգուշություն, չիմացություն կամ էլ նենգություն։

Տրոլեյբուսի ուղևորներն ասում էին, որ ինչ-որ մեկը շեղում էր վարորդին ու վիճում նրա հետ։

Դրա հետևանքով այդ չարաբաստիկ օրը՝ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, տրոլեյբուսը Երևանյան լիճն ընկավ։ Շավարշ Կարապետյանը, որն իր եղբոր հետ վազում էր ափին, 46 հոգու ափ հանեց։ Նրանցից մոտ քսանն էին ողջ։

Այս պատմության մասին շատ անգամ է խոսվել։ Հարցազրույցների ժամանակ լողորդ Կարապետյանն ամեն անգամ վերապրել է Երևանում տեղի ունեցած սարսափելի դեպքը։ Ամեն անգամ իր հերոսության մասին խոսելիս նա անպայման հիշել է՝ ինչպես է հերթական անգամ սուզվել ու մարդու փոխարեն տրոլեյբուսի նստարան դուրս բերել ջրից։ «Մինչև հիմա նախատում եմ ինձ դրա համար. այդ նստարանի փոխարեն մեկին էլ կարող էի փրկել», — կրկնում է նա, ու թվում է` ներողություն է խնդրում անհայտ, չփրկված հոգուց։

Шаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса
ImYerevan
Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսը

Ի դեպ, հնարավոր է` այն ժամանակ Շավարշ Կարապետյանը ոչ թե քսան մարդու է փրկել, այլ ավելի շատ․ հնարավոր է՝ ոմանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել ու կարողացել են ինքնուրույն հեռանալ։ Թաց, կատարվածը աղոտ գիտակցելով, բայց ողջ։

Բոլորին է հայտնի, թե Կարապետյանը քանի անգամ է լողի ԽՍՀՄ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն դարձել։ Հայտնի են նաև նրա համաշխարհային տասնմեկ ռեկորդները։ Գիտենք, որ նա կյանքի մեկուկես ամիսը «սպանել» է հիվանդանոցում՝ թոքերի բորբոքումն ու արյան վարակը բուժելով։ Թեև ի՞նչ է նշանակում` «սպանել է»․ փրկել է, ոչ թե սպանել, իսկ մեկուկես ամիսը նրա վճարն է եղել սխրանքի համար։ Մինչև հիմա էլ չի բուժել ու երբեք չի բուժի. այդ բարդացումներն իրենց մասին հիշեցնելու են ամբողջ կյանքի ընթացքում։

Նրա նմանները կյանքից չեն բողոքում։ Կարապետյանը Երևանից Մոսկվա գնաց 1993 թվականին՝ երկրի համար դժոխային տարիներին։ Նա, ով այդ ժամանակ գիտակից տարիքում էր, հիշում է այդ ժամանակները, իսկ երիտասարդները դժվար թե կարողանան աշխարհը պատկերացնել առանց համացանցի, ո՜ւր մնաց` առանց լույսի ու հացի։ Բայց եթե Շավարշ Կարապետյանը գնաց, ուրեմն պետք էր։

Այսօր Շավարշ Կարապետյանը դարձավ 65 տարեկան, նա ապրում է Մոսկվայում, գործարար է, իրեն հաջողակ է համարում։ Կոշիկի վերանորոգման ընկերություն ունի, դրանով էլ հացի գումար է վաստակում։ Կարապետյանը մի քանի աշխատատեղ է ստեղծել, հիմա անկախ է ու իրեն հաջողակ է համարում։ Հարցազրույցներից մեկում իր գործի մասին խոսելիս ասել է, որ իրեն լուրջ բիզնեսմեն չի համարում, հակառակ դեպքում արդեն օլիգարխ կլիներ։ Ու իսկապես կդառնար, եթե այդպիսի նպատակ դներ։ Չէ՞ որ նա դարձել էր աշխարհի չեմպիոն, տասնյակից ավելի ռեկորդ էր սահմանել, որովհետև իր առաջ այդ նպատակն էր դրել։

Спортсмен Шаварш Карапетян
© Sputnik / Олег Макаров
Շավարշ Կարապետյան

Իսկ սխրանք գործելու համար սովորաբար նպատակ չեն դնում` չհաշված բոլորիս սիրած ֆիլմի հերոս բարոն Մյունհաուզենին, որի դեպքում սխրանքը օրվա գործերի ցուցակում պարտադիր կետ էր։ Պարզապես պետք է կարողանալ մի փոքր ընդլայնել աշխարհընկալումն ու դուրս գալ սեփական «ես»-ի սահմաններից, գործել մի արարք, որը կարող ես, բայց ուրիշի համար, ոչ թե քո։ Ու բոլորովին պարտադիր չէ լինել շատ ուժեղ կամ ռեկորդակիր․ կան սխրանքներ, որոնք սուպերմենի ֆիզիկական ուժ չեն պահանջում։

Իսկ այն չարաբաստիկ նստարանը․․․ Ամբողջ կյանքի ընթացքում լուռ կշտամբանքի պես շնչից կախված կլինի։ Չէ՞ որ նա փորձառու մարզիկ էր, հստակ գիտեր՝ քանի սուզում կարող է իրականացնել ու վատնեց դրանցից մեկը, որը մեկի անկրկնելի կյանքն արժեր անպետք նստարանի վրա։ Նա իրեն երբեք չի ների, քանի որ խիղճը չի լռում։ Եթե ժամանակակից աշխարհը դեռ հիշում է «խիղճ» բառը։

Գլխավոր թեմաներ