08:43 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Կառավարության անդամները՝ նախագահի մոտ երդմնակալությունից հետո

Պաշտոնաթողությունների շքերթ Փաշինյանի թիմում. երբ սխալներով խաչ են քաշում կարիերայի վրա

© Photo: official site of the President of RA
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
301341

Հայաստանում նոր կառավարության իշխանության գալու առաջին օրերից ամենից շատը պախարակվեց կադրային քաղաքականությունը. պատասխանատու պաշտոններում նշանակվեցին շատ մարդիկ, որոնք կենսափորձ չունեն։ Հիմա սկսվել են հրաժարականները` շատ, թե քիչ սկանդալային, բայց, ամեն դեպքում, հրաժարականները։

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. այս ձևակերպման իրավացիությունը ոչ ոք չի վիճարկում, թեև դրանում առկա է պատասխանատվության աստիճանը նվազեցնելու որոշակի ձգտում։ Մեկ այլ հարց է, որ սխալներից գրեթե միշտ կարելի է խուսափել։

Նոր իշխանության առաջին կադրային նշանակումներից շատերի մոտ տարակուսանք առաջ եկավ։ Ոչինչ չունենալով այս կամ անձանց դեմ, որոնք հայտնվել են պատասխանատու պետական պաշտոններում, մարդիկ զարմացել էին, որ նշանակվում են անձինք, որոնք հեռու են կոնկրետ ոլորտից, չունեն բավականաչափ աշխատանքային և կենսագրական փորձ։ Այսօր մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս. ի դեպ՝ սա վատ չէ, քանի որ վերջին տասնամյակներում պետական պաշտոնյաները դարձել էին «աթոռին գամված անշարժ գույք»։

Իհարկե, ցանկալի կլիներ դիմանալ՝ տուրք տալով 100–օրվա «չգրված օրենքին» և միայն հետո սկսել եզրակացություններ և հետևություններ անել։ Բայց՝ իրադարձություններն ավելի արագ են զարգանում:

Իհարկե, երիտասարդ՝ չի նշանակում անփորձ, փոխարենը նշանակում է հավերժ անհամբեր։ Քանի որ արդեն սկսվել են պաշտոնաթողությունները, ապա այս թեման կարելի է շոշափել 100 օրից շուտ։

Վերջին օրերը նշանավորվել են Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի և Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանի պաշտոնաթողություններով։ Նրանք բոլորը հաշված օրեր են աշխատել իրենց պաշտոններում։

Չգիտես ինչու  վստահություն կա, որ հրաժարականները կշարունակվեն։ Չեմ կարող կանխատեսել, թե ով կհետևի վերոհիշյալ անձանց, բայց այն, որ գործընթացը դրանով չի ավարտվել, կասկած չի հարուցում։

Նշանակումները կատարվել են հաղթանակի էյֆորիայի ֆոնին, հաշվի առնելով անձնական ծանոթության և վստահության աստիճանը, բայց առանց հաշվի առնելու նշանակումների կոմպետենտության աստիճանը, հատկապես դրանց բարոյահոգեբանական համապատասխանությունը բարձր պաշտոններին։ Չէ՞ որ պատասխանատու պետական պաշտոնը պետք է բաժին ընկնի ոչ միայն ուղղակի կոմպետենտ մասնագետին։ Կոմպետենտության հետ պետք է համադրվի որոշակի կենսափորձ։ Դրա մեջ, մասնավորապես, մտնում է իրենց ներկայացնելու և այս կամ այն իրավիճակում պահելու կարողությունը,  ընկալումը, թե ինչպես կարող է սոցիալական ցանցերում իրեն պահի շարքային օգտատերը, բայց ոչ՝ պետական պաշտոնյան։ Եվ նման շատ բաներ պետք է համադրվեն։

Այլապես կստանանք այն, ինչ ստացել ենք։ Օրինակ, մարդիկ, որոնք վարժվել էին, որ Facebook–ում կարող են գրել այն ամենը, ինչ խելքներին փչի, շարունակում են իրենց նույն կերպ պահել կարևոր պաշտոններում։ Հենց դա էլ այդ կենսափորձի պակասն է, պատասխանատու պաշտոնի յուրահատկությունը չիմանալը և չհասկանալը, Facebook–ում հայտնի դեմք լինելու և պետական պաշտոնյա լինելու միջև տարբերությունը չհասկանալը։

Ամենևին կարևոր չէ՝ բանակում ծառայել է նույն Կարպիս Փաշոյանը, թե՝ ոչ։ Կարևոր է այն, որ առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղարը տարբերություն չի տեսնում իր խոսքերում  մամուլի քարտուղարի կարգավիճակ ստանալուց առաջ և հետո։ Ուստի ստացվում են պաշտոնաթողություններ. կամ պետք է անկեղծ լինել և հայտարարել, որ իր համոզմունքները և հայացքները թույլ չեն տալիս ներկայացնել երկիրը և նրա կառավարությանը, կամ՝ չունենալ նման համոզմունքներ, այլ ունենալ այնպիսիները, որոնք չեն վնասի կառավարությունում համախոհների հեղինակությանը և, վերջին հաշվով, երկրին։

Ի դեպ, թույլ տվեք հարցնել`  պարտադի՞ր է, որ բոլոր փոխվարչապետներն ունենան առանձին մամուլի քարտուղարներ։ Չափազանց շատ չէ՞ հայրենական համեստ բյուջեի համար։ Չէ՞ որ վարչապետի աշխատակազմը ներառում է նաև մամուլի ծառայություն, մի՞թե այն ի վիճակի չէ սպասարկել նաև պետության ղեկավարի տեղակալներին։

Ինչ վերաբերում է Գևորգ Աճեմյանին, իհարկե, մարդն իրավունք ունի սեփական կարծիքն ունենալ ցանկացածի մասին, այդ թվում` առաջին նախագահի, դա կարող է լինել նաև չափազանց բացասական կարծիք։ Անձամբ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքը Տեր–Պետրոսյանի մասին ալերգիայի հասնող բացասական է, բայց ֆիզիկական արատը ծաղրելը և վիրավորելն ընդհանրապես անթույլատրելի է, իսկ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի դեպքում՝ առավել ևս։

Միքայել Արզումանյան… Քանի անգամ է նոր վարչապետը խոսել քաղաքական գործընթացներում բանակի մասնակցության անթույլատրելիության մասին։ Եվ ահա բարձրաստիճան գեներալը լուսանկարվում է նախաձեռնող խմբի անդամների հետ, որոնք պահանջում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, և սատարում է նրանց։ Եթե դա քաղաքական գործունեություն չէ, ապա ի՞նչ է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նույնպես հրաժարականի դիմում էր ներկայացրել կառավարության մյուս անդամների հետ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում տարաձայնությունների պատճառով։ Այս դեպքում վարչապետը չընդունեց հրաժարականը, նախարարը շարունակում է աշխատանքը` ցուցադրելով ոչնչի չպարտավորեցնող սկզբունքայնության չափավոր բաժին։

Գուցե ճիշտ կադրային քաղաքականություն կառուցելու համար ժամանակ է պետք։ Բայց և՝ չարժե մարդկանց նշանակել միայն այն հիմնավորումով, որ նրանք երբեք չեն համագործակցել ներկայում անցանկալի ՀՀԿ–ի հեռ, առավել ևս, որ չհամագործակցածների շարքում ևս կան մի շարք փորձառու պրոֆեսիոնալներ։ Երբեմն այս կամ այն նշանակումը բացատրելու համար բերվում է փաստարկ, թե երիտասարդ է, երբեք չի եղել համակարգում, նշանակում է` կոռումպացված չէ։

Բայց մի րոպե. այն, որ մարդը երբեք չի աշխատել այն պաշտոնում, որը հնարավորություն է տվել կաշառքներ վերցնել և չարաշահումներ անել, բոլորովին չի նշանակում, որ նա չի վերցնի կաշառք` հայտնվելով «յուղոտ» տեղում։ Ծայրահեղ կաշառակերները մանկապարտեզից սկսած կաշառք չեն վերցրել, յուրաքանչյուրի մոտ դա սկսվել է առաջին շահավետ պաշտոնից։ Այնպես որ՝ դա բոլորովին փաստարկ չէ։

Ի դեպ, կոնկրետ ոչ մեկին նկատի չունեմ։

թեգերը:
Մանե Թանդիլյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ