08:53 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Եվգենի Պետրոսյան

Եվգենի Վահանովիչի «Պետրոսյանությունը». երկրպագուների բանակներ և դժգոհների ցույցեր

© Photo: Alisa Egorova / official site of Yevgeni Petrosyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (25)
14210

Տասնամյակներ շարունակ հեռուստատեսային էկրաններից չիջած, զվարճալի ծրագրերի անփոխարինելի մասնակից, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը, որի նկատմամբ հանդիսատեսի վերաբերմունքը տատանվում է հակակրանքից մինչև ահռելի սեր, այսօր նշում է ծննդյան 73-ամյակը:

Այնպես է լինում, որ մանկական և պատանեկան հետաքրքրություններն անհետ անցնում են, բայց շատ հաճախ դառնում են ապագայի գործ: Պետրոսյանի դեպքում հենց երկրորդ տարբերակն է, նա փոքր տարիքից մասնակցել է մանկական բեմադրությունների, համերգների, դպրոցից հետո մեկնել է Մոսկվա՝ դերասանությունը մասնագիտություն դարձնելու համար:

Եթե Պետրոսյանը մտադրվեր դառնալ մաթեմատիկոս, ապա կդառնար՝ նկատի ունենալով մաթեմատիկոս հորը, որն ակադեմիական կրթությամբ և անսահման աշխարհայացքով մարդ է եղել: Բայց քանի որ նախընտրել է հումորային ժանրի դերասան լինելը, ուրեմն դա էլ եղել է նրա կոչումը:

Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական արվեստանոցում, ուր Եվգենի Պետրոսյանն ընդունվել է 1961թ-ին, նրա բախտը չէր կարող չբերել ուսուցիչների հարցում, այդպիսին են եղել վաղեմի պրոֆեսիոնալների ժամանակները, ընդ որում` բոլոր ոլորտներում: Արվեստանոցներում Պետրոսյանին դասավանդել են, մասնավորապես, Ռինա Զելյոնայան և Ալեքսեյ Ալեքսեևը, իսկ ուսումից հետո Ռուսաստանի պետական նվագախմբի կոնֆերանսիեի նրա աշխատանքը ղեկավարել է անձամբ Լեոնիդ Ուտյոսովը:

Մոսկվայի էստրադայի թատրոնը Պետրոսյանի համար դարձել է այն հարթակը, որտեղ նա կարողացել է լիովին կայանալ՝ սկզբից կատարելով դերեր այլ հեղինակների ստեղծագործություններից, իսկ հետո, երբ հավաքել է իր գրչին պատկանող ֆելիետոնները, կատակային կարճ համարները, լուրջ հաջողությունների է հասել` ստեղծելով Էստրադային մանրախաղի թատրոնը: Թատրոնի հիմնադրման տարին համարվում է 1979թ-ը: Այդ ժամանակ ցանկացած, նույնիսկ սիրողական թատրոնի ստեղծումը (անգամ խուլ ծայրամասերում) տնօրինում էր պետությունը: Իսկ թատրոնը ոչ թե Ուրյուպինսկում էր, այլ Մոսկվայում:

1980-ականների սկզբին էլ սկսվել է Եվգենի Պետրոսյանի հաղթարշավը համամիութենական, այնուհետև համառուսական համերգասրահներով, և նա շուտով պետք է նշեր 40-ամյա հոբելյանը: Փոխվել են հաղորդումների անվանումները և դրանց ձևաչափերը, մասնակիցների կազմը, բայց Եվգենի Պետրոսյանը միշտ մնացել է:

Հնարավոր է, որ հումորային ծրագրերի այդ «պետրոսյանականացումը» չար կատակ է խաղացել արտիստի հետ: Ոչ, նա չի կարող բողոքել հանդիսատեսի պակասից կամ հետաքրքրության բացակայությունից, նրա ելույթների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են, հեռուստահաղորդումներն ունեն կայուն բարձր վարկանիշ: Բայց եթերային ժամանակն ավելացնելու հետ մեկտեղ ավելացել է նաև քննադատության ալիքը, որի գագաթնակետը դարձել է Մոսկվայում 2005թ-ին տեղի ունեցած ցույցը:

«Ընդդիմությունը» պահանջել է Պետրոսյանի «Ծիծաղի համայնապատկերը» և «Անշլագը» փոխարինել այլ հաղորդումներով՝ նշելով, որ հումորը և կատակները ցածրորակ են, իսկ ծրագրերը՝ միօրինակ: Մարդիկ ուզում էին նոր դեմքեր տեսնել, և նրանց կարելի էր հասկանալ: Ցուցարարները ճիշտ են եղել այն հարցում, որ Պետրոսյանին և մյուսներին լսող նոր սերունդը որպես փայլուն հումորի օրինակներ է ընկալում այն, ինչի մեջ ընդհանրապես փայլ չկա, այլ կա միայն հասարակական ճաշակին ու միտումների հետևելու սկզբունք: Քանզի փայլուն հումորը, որն առանց այն էլ հասանելի է միայն ընտրյալներին, մոռացության է մատնվել:

Բայց արտիստը մեղավոր չէ: Պետրոսյանը ծվեն-ծվեն չի արել հասարակական-քաղաքական համակարգը, չի դարձել կրթական մակարդակի` անդունդ գլորվելու պատճառ, դրա համար էլ հումորն ավելի պարզունակ և տափակ է դարձել: Նա ուղղակի կարողացել է օգտվել պահից, առավել ևս, որ իր տաղանդով եղել է հենց այդպիսի ժանրի մեջ, որը հեռու է նրբություններից և առավելագույն կերպով մոտեցված է զանգվածային մշակույթին:

Դատելով նրանից, որ Պետրոսյանը ցույցերից հետո էլ է մնացել էկրաններին, որոշվել է, որ նա, ով չի ուզում, կարող է չնայել Պետրոսյանին, այլ գնալ, օրինակ, Ժվանեցկու համերգներին, որին հասկանում են քչերը, բայց նրան հասկացողներից քչերն են ծիծաղում: Ավելի հաճախ ժպտում են՝ տխուր կամ հեգնական:

Պետրոսյանին մեղադրել են համացանցից կատակներ գողանալու մեջ, ինչին նա միշտ պատասխանել է, որ իր յուրաքանչյուր մանրախաղն ակնթարթորեն տարածվում է համացանցում, և երբ նա երկրորդ անգամ է ներկայացնում այն, ապա տպավորություն է ստեղծվում, որ այդ կատակն ինչ-որ մեկից վերցրել է: Համոզիչ բացատրություն է, այնպես չէ՞:

Ինչո՞ւ նյարդերը քայքայել նման հարցերի պատճառով: Բազմաթիվ մարդկանց դուր է գալիս Պետրոսյանը և այն, ինչ նա անում է բեմում, և ոչ ոք իրավունք չունի այդ լսարանին զրկելու իր տեսարանից: Մնացածը կարող են ընտրել իրենց ճաշակին համապատասխան հաղորդումներ՝ հաշվի առնելով ընտրության բազմազանությունը, իսկ եթե չեն գտել, կարող են գնալ ձուկ բռնելու:

Այսօր ասում են, որ Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի սկանդալային ամուսնալուծությունն իսկական չէ, այլ շոու է՝ հորինված գովազդի համար, որպեսզի տաքացնեն հանգչող հետաքրքրությունը: Մենք չենք ուզում դատել և մտնել ուրիշի անձնական կյանքի մեջ: Պետրոսյանը Ստեպանենկոյից առաջ երեք կին է ունեցել, նա ամուսնական ասպարեզում փորձառու մարդ է և կողքինների խորհրդի կարիքը չունի:

Ինչպես նաև ցուցումների, թե ում հետ ելույթ ունենա:

«Ես տարբեր եմ: Կյանքում ես նման եմ մյուսներին. կարող եմ տխրել, ուրախանալ, կատակել ընկերներիս հետ, կարող եմ, հակառակը, լուրջ լինել՝ կախված նրանից, թե ինչ է տեղ ունենում շրջապատում: Այսինքն ես կենսուրախ քեֆչի չեմ, որն ամեն վայրկյան կատակում է: Ընկերների միջավայրում կատակելը շատ լավ է, բայց մեր մասնագիտությունում դա գլխավորը չէ: Հաճախ հայտնի հումորիստները կյանքում լուրջ և նույնիսկ ձանձրալի մարդիկ են եղել», — իր մասին ասել է Եվգենի Պետրոսյանը հարցազրույցներից մեկում:

Ուստի երկար տարիների ստեղծագործական կյանք մաղթենք Եվգենի Վահանովիչին բեմում և առօրյայում: Նրան սպասում են, ծափահարում, մեջբերում. ուրիշ ինչպե՞ս է դրսևորվում արտիստի հանդեպ սերը:

թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (25)

Ըստ թեմայի

«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին
Պետրոսյանին ամուսնալուծությունից հետ էր պահում Ջունայի խորհուրդը. ի՞նչ էր գուշակել նա
Բեղավոր լոքոն ձեզ օգնական. ինչպես է Պետրոսյանը հանգստացնում նյարդային համակարգը. տեսանյութ
«Մենք հասուն մարդիկ ենք». Եվգենի Պետրոսյանի դուստրը չի սատարո՞ւմ հորը
Եվգենի Պետրոսյանն անկայուն հոգեբանական վիճակում է. փաստաբան

Գլխավոր թեմաներ