14:36 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Էդուրադ Շարմազանովը՝ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների III խորհրդակցության նիստերի դահլիճում. Թուրքիա, Անթալիայում 9, հոկտեմբերի 2018 թ.

Մեծ անախորժություններ. ինչո՞վ է վտանգավոր Թուրքիայի համար Հայաստանի մասին հին երգը

© Photo: official site of the Parliament of RA
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
68840

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի նշան բողոքի, Անթալիայում լքել է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների III խորհրդակցության նիստերի դահլիճը։ Դրանից հետո Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդրըմը քարոզ է կարդացել այն մասին, թե Հայաստանն ինչ պետք է անի, ինչ` ոչ։

Ի դեպ, նրա «արժեքավոր» խորհուրդները նորությամբ աչքի չեն ընկել։

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեքշաբթի Անթալիայում լքել է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը` ի նշան Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի։ Շարմազանովը դուրս է եկել դահլիճից նրանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդրըմը խոսքը տրամադրել է Թուրքիայի բռնազավթած և միայն պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված այսպես կոչված  «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խորհրդարանի խոսնակին։

Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք կյանքի է կոչում նեոօսմանիզմի քաղաքականությունը, չեն սահմանափակվում ինքնավար Կիպրոսի հյուսիսային մասով. վերջերս Թուրքիան մի շարք շրջաններ է զավթել Սիրիայում և Իրաքում։ Պաշտոնական Անկարայի ցինիզմը երբեք սահմաններ չի ունեցել, և տարօրինակ չէ, որ այդ ֆոնին թուրքական խուրալի ղեկավարը փորձել է քարոզ կարդալ Հայաստանի գլխին։

Իբր, Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ, եթե նա ցանկանում է կայունություն տեսնել տարածաշրջանում` նկատի ունենալով Արցախի խնդիրը։ Երբ Հայաստանին սահմանակից երկու պետական գոյացությունների պաշտոնյաները խոսում են այդ թեմայով, նրանց մոտ ակնթարթորեն տեղի են ունենում աշխարհընկալման մթագնումներ, և ինչ–որ տեղ է անհետանում ազգերի ինքնորոշման իրավունքի հասկացությունը։

Հայաստանը, իբր, պետք է անպայման հրաժարվի Անկարայի նկատմամբ հավակնություններից «1915թ–ի իրադարձությունների» առիթով, ասել է Յըլդրըմը, ասես չի հասկացել մի պարզ ճշմարտություն, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունը ճանաչած պետությունները դա անում են խղճի կանչով` հանուն պատմական արդարության և մարդկային մասնակցության, որպեսզի այլևս երբեք…

Ոչ, իհարկե, Բինալին ամեն ինչ հիանալի հասկանում է, Անկարայում մյուսները նույնպես, բայց նրանք չեն կարող քաջություն հավաքել գերմանացիների օրինակով։ Ժխտման քաղաքականությունն օսմանյան քաղաքականության շարունակությունն է, որի շրջանակում հայերի և այլ ժողովուրդների ոչնչացումը դիտարկվել է որպես միջանկյալ միջոցառում գլխավոր նպատակին հասնելու ճանապարհին։

Չարժե այստեղ պատմել օսմանիզմի և Հայոց ցեղասպանության մասին, այդ մասին բազմիցս հանգամանորեն պատմել են։ Ուղղակի Բինալին հերթական անգամ ցուցադրել է թուրքական քաղաքականության կտրուկ լինելը. կամ դուք ընդունում եք մեր պայմանները կամ ոչ մի բանի մի սպասեք։ Եվ նման քաղաքականությունը մյուս գործոնների շարքում արդեն հանգեցրել է թուրքական պետություններին մեծ անախորժությունների, պատմությունը դա հիշում է։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այդ առիթով թուրքական խուրալի նախագահը հին երգն է երգել, թեև նույնպես հիանալի գիտի, որ Արցախը ոչ մի վայրկյան չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, քանի որ մինչ այդ հայտարարել էր իր ինքնավարության մասին՝ այդ ժամանակ գործող բոլոր օրենքներով և կանոններով։

Այն, որ ինքնորոշման իրավունքը մոռացվում է թուրք քաղաքական գործիչների կողմից այն պահին, երբ դա անհրաժեշտ է, ակնհայտ է։ Ակնհայտ է նաև այն, որ կուրությունը և հիշողության կորուստը համակում են նրանց, երբ խոսք է լինում ազգի ինքնորոշման իրավունքի մասին, շեշտենք՝ սեփական տարածքների վրա։ Չնայած ինչու խոսել ակնհայտ բաների մասին…

Իսկ չորեքշաբթի Էդուարդ Շարմազանովը վերադարձել է միջազգային համաժողովի նիստերի դահլիճ և կրկնել, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ միայն այդ  դեպքում կարելի է խուսափել նոր հանցագործություններից։

«Ես` որպես ժողովրդի ներկայացուցիչ, որը փրկվել է ցեղասպանությունից, այս ամբիոնից հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունները ճանաչելու անհնար է խուսափել նորերից», – ասել է նա։

Եթե Բինալին պատրաստվել էր այլ բան լսելու՝ դա նրա խնդիրն է։ Եթե Ցեղասպանության և Արցախի հարցերն այդքան հասարակ լինեին, ինչպես դրանք ներկայացնում են մոլորակի միայն երկու երկրներում, դրանց լուծման վրա տասնամյակներ շարունակ գլուխ չէր ջարդի միջազգային հանրությունը։

Միայն թուրքական խուրալում են այդպես մտածում։ Եվ էլի մի տեղ։

Ըստ թեմայի

«Պետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ». Շարմազանով
Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ.Շարմազանովը`Բելառուսին
Բաքուն և Անկարան միավորվում են, իսկ Հայաստանը բաժանում են սևերի ու սպիտակների. Շարմազանով
ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. Շարմազանով
Վրաստանի այդ որոշումն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա. Շարմազանով
Շարմազանով-Կոպիրկին. ի՞նչ են քննարկել Աժ փոխնախագահն ու ՌԴ դեսպանը
Շարմազանով. «102–րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»
Շարմազանովը խոսել է Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերների մասին
Շարմազանովը պատասխանեց ադրբեջանցի պաշտոնակցին. «Եթե լավ չի հասկացել, էլի կասեմ»
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Ադրբեջան, Թուրքիա, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ