13:56 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Արա Գյուլեր

Գյուլերի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղության

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
54730

Լուսանկարչության կնքահայր ու կենդանի լեգենդ Արա Գյուլերին իրավամբ կարող է համարվել ոչ միայն իր հարազատ Կոստանդնուպոլիսի տարեգրողն, այլ նաև երկրի ու դարաշրջանի, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Գյուլերը կենդանության օրոք դարձավ ֆոտոռեպորտաժի դասական ու դիմանկարի ժանրի ճանաչված վարպետ: Ոչ մի բեմադրված նկար ու ավելորդ ձևականություն, միայն ճիշտ պահին ճիշտ կադրը տեսնելու հանճարեղ կարողություն:

Արա Գյուլերը ծնվել է Կոստանդնուպոլսում 1928 թվականին: Հայ ընտանիքը դեղատուն ուներ, իսկ արևելյան քաղաքի համար այդպիսի հաստատությունն ասես սրճարան լինի, այստեղ գալիս էին ոչ միայն դեղերի համար: Հարևանների մտերմիկ զրույցները արագացնում էին արևի մայր մտնելը, իսկ փոքր բիզնեսը բավարար էր, որպեսզի ընտանիքի ոչ միայն իր գլուխը պահեր, այլ նաև օգներ հարազատներին:

Դա Պերե կոչվող թաղամասն էր, այստեղ քրիստոնյաներն էին ապրում։ Ամենաշատը հույներն էին, բայց հայերն էլ քիչ չէին։ Խաղաղ էին ապրում, հարևանություն էին անում, բոլորն աշխատասեր էին, որպես կանոն ամեն մեկը մի յուրօրինակ տաղանդ ուներ։ Թաղամասը հայտնի էր տարբեր արհեստանոցներով, գրքի ու հին իրերի հետաքրքիր խանութներով։

1955 թվականին, ինչպես միշտ, թուրքական քրոնիկական հիվանդության սրացում եղավ. Պերե շրջանում ջարդեր սկսվեցին։ Հիմնականում հույներին էին կոտորում, բայց հայերն էլ, իհարկե, տուժեցին։ Տուժել են արդյո՞ք Գյուլերներն այդ ջարդերի ժամանակ` հայտնի չէ։ Ինքը` մաեստրոն, երբեք դրա մասին չի խոսում, բայց ակնհայտ էր`կյանքն իր բնականոն հունին չի կարող վերադառնալ։

Ամեն դեպքում, ներքաղաքական զրույցների մշտական մասնակից էին ոչ միայն հարևաններն, այլ նաև ստեղծագործ մարդիկ, Կոստանդնուպոլսի այն ժամանակվա բոհեման։

Հավանաբար, այդ պատճառով Արան մանկուց գիտեր` մեծանա ինչ է դառնալու` թատրոնի դերասան։ Դպրոցում նա մասնակցում էր բոլոր բեմադրություններին, հաճախում էր նաև ռեժիսոր ու դերասան Մուսհին Էսթրուգուլի դրամատիկական արվեստի դասընթացները։

Թատրոնի հետ զուգահեռ, Արան կինեմատոգրաֆով տարվեց, ինչը, թերևս չխանգարեց նրան ֆոտոլրագրող դառնալ, երբ եկավ մասնագիտության ընտրության պահը։ Նա 22 տարեկան էր, երբ դարձավ Yeni Istanbul թերթի ֆոտոթղթակից։ Միաժամանակ համալսարանում էր սովորում։ Որոշ ժամանակ անց Գյուլերը մեկ այլ` ավելի տարածված Hürriyet թերթում է աշխատում։

1958 թվականին ամերիկյան հայտնի Time-Life պարբերականը Թուրքիայում մասնաճյուղ է բացում, Գյուլերը դառնում է Մերձավոր Արևելքում նրանց առաջին լուսանկարիչը։ Շուտով նա բավականին հայտնի է դառնում ու սկսում է համագործակցել նաև այլ պարբերականների հետ` Paris Match, Stern, Sunday Time։ Այդ շրջանում Գյուլերը դառնում է «վիզուալ պատմաբան» ու պնդում`եթե կադրում մարդ չկա, լուսանկարը նրա համար գոյություն չունի։ Գյուլերի հիմնական կանոններից էր նաև ճշմարտությանն ու իրականությանը մոտ լինելը. «Լուսանկարիչը չպետք է նկարիչ լինի։ Նրա գործը ճշմարտությունը որսալն է», –ասում էր նա։

Արդեն 1961-ին բրիտանական Photography Yearbook պարբերականը Գյուլերին աշխարհի լավագույն լուսանկարիչների թվին է դասում։

Արա Գյուլերը մինչ այժմ էլ սիրում է դիմանկարներ անել, նա իր դիմանկարներն անվանում էր «ֆոտոհարցազրույց»։ Հիանալի բառ, որը նկարագրում է ժանրի անսահման հնարավորությունները, եթե կատարողը Գյուլերն է։ Նրա հերոսների շարքում են Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին, Ալֆրեդ Հիչքոքը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Օդրի Հեփբերնը, Մերիլին Մոնրոն, Մարիա Կալասը։

«Եթե մարդն իր ողջ կյանքում 100 լուսանկար է արել, նա իսկապես մեծ լուսանկարիչ է։ Եթե ինձ 20–30 լուսանկարով հիշեն, ես դա մեծ ձեռքբերում կհամարեմ», – համեստորեն ասել է Գյուլերը։

Time, Life, Horizon, Newsweek պարբերականներում աշխատելիս` Գյուլերը շատ երկրներում է նկարահանումներ արել, դրանց շարքում են` Իրան, Ղազախստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան, Քենիա։ Հայաստանն ու Թուրքիան, բնականաբար, առաջին հերթին։

Օրհան Փամուքի գրքի հրատարակություններից մեկը` «Ստամբուլ. հիշողություններն ու քաղաքը» պատկերազարդված են Գյուլերի լուսանկարներով`սև –սպիտակ, որոնք, այնուամենայնիվ, բնականորեն ու խորը փոխանցում են մեգապոլիսի տրամադրությունը, էությունն ու հոգին։ Երկու վարպետ `պրոզայի ու լուսանկարչության, իսկապես գլուխգործոց են ստեղծել, որի նմանն աշխարհում չկա։

Արա Գյուլերի հեղինակային ալբոմների թիվը համեմատելի է նրա ստացած մրցանակների թվին։ Ու բնական է, որ նա ստացել է Թուրքիայում դարի լուսանկարչի կոչումը, դեռ կյանքի օրոք Կոստանդնուպոլսում հիմնադրվել է նրա գործերի երեք հարկանի թանգարան։

Բայց, ամեն դեպքում, հոր հիմնած դեղատունը չի «մահացել»` կյանք ստանալով Գյուլերի «Արա» անունով սրճարանում, որտեղ կարելի է հանգստանալ քաղաքի աղմուկից ու զրուցել որևէ մեկի հետ, ինչպես տասնյակ տարիներ առաջ։ Այն հենց նույն Պերեում է, հիմա դա քաղաքի գլխավոր պողոտաներից է։ «Արա» սրճարանում գրեթե միշտ հերթ է, թեև այնտեղ ալկոհոլ չեն մատուցում։ Լավ թեյ ու ընտիր սուրճ, տաք շոկոլադ ու խաղաղություն` ահա թե ինչ են այստեղ փնտրում մարդիկ։ Իսկ եթե բախտ ու պատիվ վիճակվի տեսնել ու խոսել զարմանալիորեն իմաստուն աչքերով մարդու հետ, ապա կարելի է համարել, որ ձեր կյանքում անմոռանալի մի բան է պատահել։

Գլխավոր թեմաներ