05:55 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
409 0 0

Գորիսի մոտ գտնվող Վերիշեն գյուղում ծնված Բագրատ Առուշանյանը դարձել է առաջին խորհրդային հայ գեներալներից մեկը։ Նա անցել է մի քանի պատերազմներով, մասնակցել թեժ մարտերի, բայց և ծնվել էր երջանիկ աստղի տակ. գեներալ–լեյտենանտն ապրեց է 91 տարի և կյանքից հեռացավ 1994թ–ի հոկտեմբերի 19–ին։

Հայտնի Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը Առուշանյանի մասին այսպես է գրել իր հուշերում.

«Ես վաղուց գիտեմ Բագրատ Իսահակովիչին։ 20–ական թվականներին ես բավական երկար ժամանակ եղել եմ Հայկական հրաձգային դիվիզիայի Լենինականի հեծյալ գնդի հրամանատարը։ Առուշանյանը ժամանակին եղել է 1–ին հրաձգային գնդի հրամանատարը։ Բագրատը, չնայած երիտասարդ տարիքին, ըստ արժանվույն համարվում էր ամենահեռանկարային հրամանատարներից մեկը։ Նա արագ է աճել, դարձել գնդի, դիվիզիայի հրամանատար, աչքի է ընկնել Կարելական պարանոցի մարտերում։ Եվ ահա Առուշանյանն արդեն կարևորագույն սահմանամերձ շրջանի բանակի շտաբի պետ է։ Նա շատ ընդունակ, խելացի մարդ է, և այդքան սրընթաց վերելքը չի կարող նրա մոտ գլխապտույտ առաջացնել»։

Հնարավոր է, որ այն «մանկական հիվանդության» բացակայությունը, որը կոչվում է «գլխապտույտ՝ հաջողությունից», բազմիցս փրկել է Առուշանյանի կյանքը։ Տարբեր հանգամանքներում, թե՛ ընտրություն կատարելիս, թե՛ մարտի դաշտում, թե՛ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում կալանքի տակ։

1920թ–ին 17–ամյա Բագրատ Առուշանյանը զորակոչվել է Առաջին հանրապետության բանակ։ Նա կարճ է ծառայել բանակում` ընդամենը կես ամիս, իրենից չկախված պատճառներով։ Ընտրության առաջին պահն արագ է եկել, և Առուշանյան ակնթարթորեն կողմնորոշվել է, որ զինվորականի համար հայրենիքին ծառայելը կախված չէ քաղաքական իրադրությունից։

1923թ–ի վերջից Առուշանյանը սկսեց ծառայել Բանվորագյուղացիական կարմիր բանակում։ Նրան առաջին հերթին ուղարկեցին սովորելու Հայկական միացյալ ռազմական դպրոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո` առաջին հայկական հրաձգային գունդ։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակ և գնդի դպրոցի հրամանատար։

Նա մասնակցել է նաև ֆիննական պատերազմին։ Առուշանյանն անցել է ամբողջ Հայրենական պատերազմով. այն նրա համար սկսվեց Հարավարևմտյան և Հարավային ճակատներից, Ումանի  մարտերից և ավարտվեց 1945թ–ին` ֆաշիստներից Նորդենբուրգը և Պիլաու քաղաք ամրոցն ազատագրելով։ Այդ ժամանակ նա արդեն գեներալ–լեյտենանտ էր, որը ոչ մի օր չէր նստել շտաբներում ու թիկունքում։

Բայց այս ամբողջ ընթացքում հնարավոր չի եղել նաև խուսափել մեծ անախորժությունից, որը լիովին կարող էր ճակատագրական դառնալ։ Բանն այն է, որ 1941թ–ին Ումանի մոտ 12–րդ բանակը, որի շտաբի պետն էր հենց Բագրատ Իսահակովիչը, ընկավ պաշարման մեջ։ Զինվորներին հաջողվում է դուրս պաշարումից, բայց նրանք ընկնում են Ներքին գործերի կոմիսարիատի քննության տակ։

Բայց, ինչպես պարզվեց Առուշանյանի օրինակով, ՆԳԺԿ ոչ բոլոր կալանքներն են ավարտվել ճամբարներով կամ գնդակահարությամբ։ Քննությունն ընթանում է մոտ մեկ տարի, և գործը կասեցվում է հանցակազմի բացակայության պատճառով, ավելին` Առուշանյանին ուղարկում են արագացված վերապատրաստման, իսկ դրանից հետո նշանակում 1–ին Մերձբալթյան ճակատի 4–րդ հարվածային բանակի հրամանատարի տեղակալ։

Լեգենդար Բաղրամյանի հետ Առուշանյանի ուղիները հատվել են մի քանի անգամ։ Գեներալը հիշել է, որ նաև այսպես է եղել.

«Ուղիղ լարային գծերը կտրված էին։ Կապն իրականացվում էր միայն ռադիոյով և շրջանցիկ ուղիներով, որոնք աշխատում էին մեծ խափանումներով։ Հիշում եմ, որ ինձ մի անգամ հաջողվեց կապվել ճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ Բաղրամյանի հետ։ Օգտվելով նրանից, որ երկուսս էլ հայերեն էինք խոսում, որն անհասկանալի էր ֆաշիստների համար, մենք փորձեցինք տեղեկատվություն փոխանակել իրադրության մասին։ Սակայն դա կիսով չափ հաջողվեց, քանի որ կապավորները, գծի վրա լսելով անծանոթ խոսք, մեզ հակառակորդի տեղ դրեցին և շտապեցին անջատել կապը»։

Պատերազմից հետո Բագրատ Առուշանյանը դասավանդել է ռազմական ակադեմիայում, հետո հրաժարական տվել, ապրել հանգիստ քաղաքացիական կյանքով։

Կարելի է հասկանալ երեք պատերազմ անցած գեներալ–լեյտենանտին, որը ցանկացել է մարդավարի հանգստանալ։ Իսկ մոտ 90 տարիների կյանքը հենց մրցանակ է նրան, ով կարողացել է անցնել այդ պատերազմներով և ողջ մնալ։

Ըստ թեմայի

Զորավար Անդրանիկի և Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը
Հիտլերի աթոռին նստած մարշալ Բաբաջանյանը հերոսության օրինակ է այսօրվա քաջերի համար
թեգերը:
Հայաստան, ԽՍՀՄ

Գլխավոր թեմաներ