19:33 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Facebook

Արյունոտ ռեժիմ` ձյունանուշների փոխարեն, կամ ինչպես են Նոր տարին նշում սոցցանցերում

© Sputnik /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
Նոր տարի (35)
21320

Ուզենք, թե չուզենք, սոցցանցերի ֆենոմենը օրեցօր ավելի մեծ դերակատարում է ունենում հասարակության գիտակցության մեջ։ Միայն մեզ մոտ չէ, ամբողջ աշխարհում է այդպես. սոցցանցերը կարողանում են կոնկրետ տրամադրվածություն ստեղծել հասարակության զգալի հատվածում, միասնական կարծիք ձևավորել և ազդել իրադարձությունների վրա։

Սոցցանցերի ֆենոմենը դեռ նոր է թափ հավաքում` լուրջ հայտ ներկայացնելով իրական, կենդանի շփմանն ու մտքերի փոխանակմանը։ Ավելին, սոցցանցերն այսօր կարողանում են հասարակական կարծիք ձևավորել, ազդել հասարակության մի մասի մտքերի և ձգտումների վրա. իհարկե, պակաս կրթված և վերլուծական մտածողություն ունեցողների, բայց այսօր, ցավոք, այդ զանգվածը նույնիսկ եթե փոքրամասնություն է կազմում (ինչը փաստ չէ), ապա իր ագրեսիվությամբ հասնում է նպատակին։

Թվում է, թե Նոր տարի է, կուշտ քնելու և հետագա տոնախմբության համար ուժերը հավաքելու ժամանակ։ Բացում ես Facebook–ը` մտածելով, որ բոլորը դեռ քնած են, կարելի է ըմբոշխնել քաղաքական խորաթափանց մտքերի բացակայությունը, որով սոցցանցերը լի են սովորական օրերին։ Բայց…

Դե իհարկե, կատվիկների, տոնածառերի, Ձմեռ պապերի ու տարաբնույթ ձյունանուշների լուսանկարները տեղում են։ Նրանց համար էլ, ովքեր տանը պատուհան չունեն, շռայլ գրառումներ կան այն մասին, որ ձյուն է տեղում։ Բայց որքան էլ զարմանալի թվա, շատ են նաև այլ բովանդակության գրառումները` հեռացած իշխանության մասին ձանձրացրած «բացահայտումներ», «թավշյա հեղափոխության» մեծն առաջնորդի ու թալանչի–գեներալների մասին։ Հատկապես չարացած են գրում այն մասին, որ երկրորդ նախագահը «պետք է նստի», իսկ նրա հետ պետք է նստեն նաև «նախկիններից» շատերը։

Կհասկանայինք, եթե այդ մասին գրեին նրանք, ովքեր իսկապես տուժել են «արյունոտ ռեժիմից»։ Բայց մի քանի նման գրողների անձամբ եմ ճանաչում. Քոչարյանի օրոք նույնիսկ չեն էլ ապրել Հայաստանում, հեռացել են դեռևս մեր առաջին բարերար–նախագահի օրոք` երևի չդիմանալով այն աստիճան երջանիկ կյանքին, որը նա «պարգևել էր» մի ամբողջ ժողովրդին։ Մեկը Մոսկվայում է, մյուսը` Գլենդելում, և բոլոր նորմալ մարդկանց նման նրանք առավոտյան շամպայն խմելու փոխարեն պատմում են, թե ինչպես են սովամահ եղել Քոչարյանի օրոք։ Կամ Սարգսյանի։ Հիշեցնեմ` սովամահ են եղել Գլենդելում և Մոսկվայում։

Ընդհանրապես, նման «գրողների» տվյալներով հետաքրքրվելու դեպքում հետաքրքրաշարժ հանգամանքներ են պարզվում։ Զարմանալի է, բայց մեծ մասը կանայք են, որոնք առավել զայրացած և անսանձելի են տրամաբանության բացակայության և հետևողական մտածողություն դրսևորելու ունակության մեջ։ Կամ տղամարդիկ են, որոնք կանանց անուններով էջեր են բացել, բայց, միևնույնն է, տրամաբանում են կանանց պես։ Թեև, ըստ ամենայնի, սա ոչ թե կնոջ տրամաբանություն է, այլ պարզապես դրա բացակայություն, որը ի հայտ է եկել առաջին նախագահի մեղքով ստացած վատ կրթության շնորհիվ և սեփական ուղեղը շարժելու ու աշխարհայացքն ընդլայնելու ցանկության բացակայությունից (և հնարավորության բացակայությունից)։

Ինչևէ, նրանք ուրիշ երկրներում նստած`հեռավոր աշխարհամասերում «սովամահ են եղել արյունոտ ռեժիմների օրոք»։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ. առավել հաճախ սովամահ են եղել ոչ թե անձամբ իրենք (երբեմն խելամտությունը բավականացնում է), այլ... նրանց հարազատները։ Սովամահ լինող, վիրավորված և ստորացված «հարազատների» քանակը երբեմն ապշեցնում է. այնպիսի տպավորություն է, որ այդ գրողների բազմաթիվ հարազատներից ոչ ոք չի փրկվել, ոչ ոք չի հետևել այն մարդկանց օրինակին, ովքեր ոտքերն առել ու փախել են իսկապես հոշոտված, բայց ՀՀՇ–ական իշխանության հոշոտած երկրից։

Եթե հավատանք սոցցանցի էջում գրված տվյալներին, Օդեսայում ապրող մարկետոլոգը, որը հայկական ազգանուն ունի, ամենայն լրջությամբ և խրատական, բայց առարկություն չհանդուրժող տոնով արցախյան պատերազմ անցած, 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող լրագրողին լուսավորում է բանակային գեներալների «ծախված» լինելու մասին։ Փաստարկները նույնն են. «բարեկամը» ծառայել է և ամեն ինչ պատմել, սեփական աչքերով տեսել։ Ի՞նչ պատասխանել սրան։ Մնում է միայն հարցնել, թե նրա որ «բարեկամներից» են խլել բիզնեսի 50%–ը. բայց այդ մասին նույնիսկ խոսք չկա, վերջապես նույնիսկ Օդեսայի մարկետոլոգներին է հասել, որ «Սաշիկի 50%–ը» կեղծ էր, ինչպես հիմա նորաձև է ասել` ֆեյք։

Այստեղ մի բնորոշ հանգամանք էլ կա։ Ոչ թե ճշմարտության ջատագովների և արդարության պաշտպանների բացարձակ մեծամասնությունն է նման կերպ դեմքը թաքցնում իր էջում, այլ անխտիր բոլորը։ Նրանց գլխավոր նկարի վրա ծաղիկներ են պատկերված, կենդանիներ, արձաններ կամ հայկական դրոշներ, երբեմն Քարդաշյանի մարմնի մասեր, սակայն սեփական լուսանկարով էջ երբեք չես գտնի։ Հավանաբար, որպեսզի սովամահ եղած բարեկամները չբացահայտվեն։

Ի՞նչն է պատճառը, որ մարդկանց մոտ գրելու այսօրինակ տաղանդ է արթնանում։ Սեփական թերարժեքության սուր զգացո՞ւմը։ Հորմոննե՞րը։ Հոնորարնե՞րը։ Սովորական չարությո՞ւնը։ Թե՞ սեփական թերարժեքությունից, հորմոններից, չարությունից առաջացած խառնուրդը, որը համեմված է հոնորարի փոքր չափաբաժնով։ Մեծ հաշվով, ո՞ւմ է դա հետաքրքիր։

Հետաքրքիր այլ բան կա. ինչո՞ւ են մարդիկ Նոր տարվա առաջին օրը, երբ կարելի է մի քիչ հանգստանալ առօրյայից և մտավախություններից, նման ստեղծագործական աշխատանքով զբաղվում։ Դա մարդկանց յուրահատուկ տեսակ է, որոնց «աճեցնելու» համար շուրջ 3 տասնամյակ ջանասիրաբար աշխատում են ուղեղների լվացման և հատուկ ռեֆլեքսների հավաքածու սերմանող մասնագետները։

Պետք է խոստովանել, որ մասնագետները լավ են աշխատում։

թեմա:
Նոր տարի (35)

Ըստ թեմայի

Որտեղ ու ինչպես են դիմավորել Նոր տարին հայտնի հայերը. լուսանկարներ, տեսանյութեր
Նոր տարին կալանավայրում էլ է գալիս. ինչպե՞ս է անցել Քոչարյանի Ամանորը
Ինչպես է աշխարհը դիմավորել Նոր տարին. տեսանյութ
Ինչ է սպասում հայերին և Հայաստանին նոր տարում. աստղաբանն իր կանխատեսումներն ունի
Ձմեռային արտասովոր լուսանկարներ` թռչնի թռիչքի բարձրությունից

Գլխավոր թեմաներ