17:35 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Հայֆոն

Փաշինյանի տնտեսական հեղափոխության հերթական մեկնարկը. ո՞վ թույլ կտա, որ Հայաստանն առաջ գնա

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
21430

Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «համաժողովրդական տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին։ Նա ասաց, որ կառավարության առաջնահերթություններից է լինելու մենաշնորհների դեմ պայքարը, մրցունակ միջավայրի ստեղծումն ու բարձր տեխնոլոգիական տնտեսության կառուցումը։ Բարձր տեխնոլոգիաների նախարարություն է ստեղծվելու։

Խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելու գործընթացը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի` համաժողովրդական տնտեսական հեղափոխության մասին հայտարարությամբ։ Ճիշտ է` «համաժողովրդական» բառն այս համատեքստում փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ ոչ մի հեղափոխություն, հատկապես` տնտեսական, «համաժողովրդական» չի լինում։

Տնտեսական հաջողված հեղափոխությունը, որը աշխարհի շատ քիչ երկրներն են կարողացել իրականացնել, «համաժողովրդական» մասնակցություն չի ենթադրում։ Հակառակը` դրան հասնում է գրագետ մասնագետների թիմը, որը հստակ գիտի վերջնական նպատակը և նախապես հաշվարկում է բոլոր քայլերը։ Համայն ժողովուրդը կարող է միայն սպասել այդ արդյունքին` աստիճանաբար միանալով տնտեսական կյանքին` բարեփոխումների առաջխաղացմանը զուգահեռ։

Որպեսզի երկիրը «համաժողովրդաբար» սկսի հարկերը վճարել առանց թաքցնելու ու խուսափելու, ոչ թե սպառնալիքներ են պետք, այլ ճիշտ մշակված օրենսդրություն ու հսկիչ մարմինների գրագետ կազմակերպված աշխատանք։ Եվ սա հարյուրավոր ասպեկտներից միայն մեկն է։

Բայց բառերից չենք կառչի, չենք անդրադառնա նաև այն փաստին, որ սա «հայկական տնտեսական հեղափոխության» մասին առաջին հայտարարությունը չէ։ Մեզ բազմաթիվ անգամ են ասել կոռուպցիայի վերջնական տապալման մասին, Մարտի 1–ի գործն էլ երկու ամիսը մեկ «վերջնականապես» բացահայտվում է։ Այնպես որ չպետք է զարմանանք, որ «տնտեսական հեղափոխությունը» մի քանի անգամ է մեկնարկում։ Շատ լավ հիշում ենք` ինչպես «թավշյա» իշխանափոխությունից հետո մեզ ասացին` տնտեսական մենաշնորհները մեկընդմիշտ արմատախիլ են արվել, իսկ հիմա այդ արմատախիլ արված մենաշնորհների դեմ պայքարը ներառվում է կառավարության հնգամյա ծրագրում։

Նոր կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է գերակա։ Արդեն հայտարարվել է որ համապատասխան նախարարություն է ստեղծվելու։ Կառավարության ներկայացրած ծրագրի հենց առաջին պարբերությունում կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն։ Այս ամենը լավ է ու հիանալի, բայց գլխավոր բարդությունը իրականացնելն է։

Այսպիսի ահռելի նախագիծն ահռելի ֆինանսավորում է պահանջում. Կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա այն մասին, թե որտեղից են հայտնվելու գումարները։ Համոզելով ու խնդրելով ներդրումներ չես ստանա, այսինքն` համապատասխան պայմաններ են պետք։ Նախապես որոշված սպառման շուկաներ են պետք, որպեսզի բնապահպանական բարձր չափանիշներին ունեցող արտադրանքն արտահանեն։ Պետք է նաև, որ այդ արտադրանքը մրցունակ լինի ու հսկայական ծավալներ ունենա։

Ենթադրենք` Հայաստանը կարողացավ կարճ ժամանակում տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրումների համար։ Բարձր տեխնոլոգիաների զարգացման համար էլ ուղեղների ու ձեռքերի խնդիր դեռ չենք ունեցել, ինչ կա` կա։ Հարցն այն է` արդյո՞ք Հայաստան եկած ներդրումները հենց այդ ոլորտում կօգտագործվեն, և արդյո՞ք Հայաստանին թույլ կտան այնքան զարգացնել բարձր տեխնոլոգիաները, որ երկիրը մրցունակ դառնա համաշխարհային ծավալով։

Քանի որ եթե սահմանափակվենք փոքր արտադրությամբ, մեկանգամյա ակցիաներով, ապա չարժի նույնիսկ սկսել։ Մի երկու տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ հայկական արտադրության սմարթֆոնի պատճառով, նույնիսկ մեծ պահանջարկ էր առաջացել. հիմա ո՛չ պահանջարկ կա, ո՛չ արտադրություն։ Թեման աննկատ մոռացության մատնվեց։

Բանն այն է, որ բարձր տեխնոլոգիաների շուկան իր առաջատարներն ունի և ուժեղ կորպորացիաներից ու ընկերություններից շատերը երկրորդական դեր ունեն։ Նրանց բացարձակապես ձեռնտու չէ ևս մեկ մրցակցի ի հայտ գալը։ Ամեն ինչ, որ այդ ոլորտում զգալի առաջխաղացում չլինի ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Հայաստանի նման երկրները միջազգային կորպորացիաներին պետք են բացառապես որպես իրենց արտադրության սպառողներ։ Պետք չէ խոշոր մասնագետ լինել հասկանալու համար, որ նույնիսկ սեփական փոքր շուկայի համար ինչ–որ բան արտադրելու փորձերը ուժեղ հակազդեցության կարժանանան։

Հայաստանը պատրա՞ստ է այդ ճնշմանը։ Դժվար թե։ Հատկապես, որ ճնշումը միայն տնտեսական չի լինի։ Նման արտադրանք ներկայացնող արևմտյան ընկերություններում մեծ թվով մասնագետներ են աշխատում, օրինակ, Հնդկաստանից, Շրի Լանկայից ու Բանգլադեշից։ Բայց ո՞վ կարող է հիշել` աշխարհում գոնե քիչ թե շատ նկատելի տեղ զբաղեցրած բարձր տեխնոլոգիական ի՞նչ արտադրանք են ունեցել այդ երկրները։

Հավակնոտ ծրագրերը լավ են միայն այն դեպքում, եթե դրանք իրագործելի են։ Թե չէ մենք դեռ տնտեսական հեղափոխությունների բազում մեկնարկներ կտեսնենք։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ