06:25 27 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան

«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
7–րդ գումարման Ազգային ժողով (68)
47940

Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը վերլուծում է կառավարության ծրագրի քննարկումը երկրի օրենսդիր մարմնում և հումորախառն զարմանում, որ թվերն ու ցուցանիշները փոխարինվել են` համբերեք, լավ է լինելու վստահությամբ։

Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ ունենալու համար չորս տասնյակ պատգամավոր գրանցվեց: Խորհրդարանի գրեթե 30 տոկոսը: Եթե հաշվի առնենք, որ 5 տասնյակից ավել պատգամավոր էլ հարց ուներ հնչեցնելու, պատկերն ավելի կամբողջանա։ Միգուցե ինչ-որ տեղ լրացնի բուն ծրագրի մեջ թվերի ու կոնկրետ տվյալների սակավությունը:

Նման թվաբանությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե կառավարության ծրագրի շուրջ բուռն, անզիջում քննարկում ու բանավեճ է ծավալվել: Եվ դա մի խորհրդարանում, որի կազմում չկան արմատական կամ կոշտ ընդդիմադիրներ, ավելին՝ իշխող «Իմ քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնությունն է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Զուտ քաղաքական տեսանկյունից դա նշանակում է, որ կառավարության ծրագիր կոչվող փաստաթուղթը կարելի էր ընդունված համարել ԱԺ հասնելուն պես:

Բայց երեք օր է՝ քննարկում ու քննարկում են, ելույթներ են հնչում: Չնայած, ելույթ էլ կա, ելույթ էլ...

Հանրության ուշադրությունից չվրիպեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի խոսքը. «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի և այնքան հեռու է գնում, կախված Ձեր կատարած գործունեությամբ և անցած ճանապարհով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ 1 նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ և «կողմ» էի քվեարկելու»:

Հենց միայն այս, փոքր-ինչ անհարթ ձևակերպված, բայց լիովին ընկալելի նախադասությունը խորհրդարանական անցուդարձին հետևողներից շատերի համար ուրախության և խայթոցների ոգևորության աղբյուրն էր դարձել այս օրերին: Մինչդեռ, պատգամավոր Քրիստինե Պողոսյանին նույնիսկ կարելի էր պարգևավճար (պրեմիա) նշանակել՝ իրականությունն այդքան հակիրճ ու ամբողջական բանաձևելու համար: Առանց դույզն-ինչ հեգնանքի: Ուղղակիորեն:

Ի դեպ, ոչ իշխանական ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ իր գործընկերուհու հնչեցրածին աղերսվող արտահայտություն արեց ԱԺ ամբիոնից: Մասնավորապես. «…Եթե մտածում եք, որ ձեր ծրագիրը շատ լակոնիկ լինի, և քանի որ ժողովուրդը Ձեզ իսկապես շատ է հավատում, վստահում և դա ընդունում ենք, է՜հ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք»:

Այն, որ իշխանական խմբակցության պատգամավորուհու խոսքը գովվերգական տոնայնությամբ էր, իսկ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթը քննադատական, թեթևակի հանդիմանական, կոնկրետ այս դեպքում այնքան էլ կարևոր չէ: Կարևորը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման համատեքստում հնչած այդ երկու արտահայտությունների պարունակած բովանդակային իրողությունն է:

Ո՞ր իրողությունը: Դա պարզից էլ պարզ է՝ հանրության վստահության մեծ քվեն, վստահության մեծ աստիճանը: Եվ այն պայմաններում, երբ հազարավոր ու հազարավոր մարդիկ իրենց սպասումները և ակնկալիքները կենցաղային հարթության վրա ձևակերպում են բազմաչարչար արտահայտություններով, թե՝ «տեսնենք, երևի լավ կլինի», կամ՝ «լավ ասենք, որ լավ լինի», կամ՝ «հույս ունենք, որ լավ լինի», կամ՝ «տեսնենք, համբերենք, լավ կլինի, դեռ նոր են…» և  այլն, ապա իսկապես էլ՝ կառավարությունը, վարչապետը կարող էին «Ծրագիր» վերտառության ներքո բացարձակապես ոչինչ չգրել, ու դա կընդունվեր, կհաստատվեր: Դատելով ծրագրի բովանդակությունից` կարծես, հենց նման մոտեցում է դրսևորվել:

Այնպես որ, Քրիստինե Պողոսյանը խորհրդարանի դահլիճում ընդամենը բարձրաձայնեց իր հազարավոր հայրենակիցների, ինչո՞ւ ոչ՝ ընտրողների հավաքական մոտեցումը, ընկալումն ու պատկերացումն էլ հետը: Իսկ իրականությունը այդքան պարզ ու բացահայտ ասելու համար մի՞թե պարգև չի հասնում:

Այլ հարց է, իհարկե, որ նման, ևս մեկ անգամ կներեք՝ «ջան-ջիգյար» մոտեցմամբ երկրի տնտեսությունն ու հասարակության սոցիալական վիճակն էապես չես բարելավի, այդ թվում՝ իշխանասերների, թե չիշխանասերների, քվեարկածների ու չքվեարկածների, մի խոսքով՝ բոլորի նվազագույն բարեկեցությունը չես ապահովի: Եվ հետո, երբ նույն տարածական ու հուզական-լավատեսական ինքնաներշնչանքը բերում-հասցնում ես պետության գլխավոր քաղաքական մարմին, իրողությունները սթափ ընկալողների վրա դա անլուրջ տպավորություն է թողնում: Բայց դա էլ հիմնական ցավը չէ: Հիմնականն այն է, որ այդ «ջան-ջիգյար» տնավարիությունը կարող է սահուն կամ ո՛չ էլ սահուն մի օր վերածվել… տնաքանդության: Սա է, որ անհանգստացնում է, սա է, որ արձագանքվում է որպես ցավ՝ վասն տերության:

Իսկ տերության մեջ կան թոշակառուներ, կան բյուջետային հիմնարկների աշխատողներ, կան ուսուցիչներ և այլ ծառայողներ, որոնք պետք է թոշակ ստանան, կամ աշխատավարձ, որը բավականացնի կոմունալ ծախսերը հոգալուն, սնունդ և հագուստ հայթայթելուն…

Վատ չէ, նույնիսկ լավ է, որ կա հանրային վստահության նման աստիճան: Բայց կառավարությունը, այդ թվում՝ կառավարության ծրագիրը շարադրողները պետք է ջանան արդարացնել այդ վստահությունը, այլ ոչ թե չարաշահել: Ամենակարևորը՝ չմոռանալ, որ հանրային վստահություն ասվածը բավականին հեղհեղուկ կարող է լինել, այն էլ՝ մեր նման երկրում: Այնքան հեղհեղուկ, որ կարող է մի օր էլ չքանալ, ասենք՝ ուսանողության հիմնական կերակրատեսակի իմիջ ունեցող կարտոֆիլի «կծան» գնապիտակի տեսքից, ուշ վճարված թոշակից կամ աշխատավարձից: 

Ի դեպ, թոշակի մասին: Ուշադրություն գրավեց հարցերից մեկին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը. «Թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար վեց միլիարդ դրամ է հարկավոր: Որտեղի՞ց այն: Մենք ասում ենք, որ այս վեց միլիարդը կա ստվերում, և պետությունը ստվերի կրճատման հաշվին կարող է թոշակ բարձրացնել: Եվ թոշակառու տատիկը, եթե մեկ կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն խփել, նրա թոշակը չի բարձրանա»:

Ստացվում է, որ եթե թոշակառու տատիկներն ու պապիկները, ի թիվս մյուս գնորդների, չեն պահանջում ՀԴՄ կտրոնը, նրանց թոշակը չի բարձրանա: Գաղափարը պարզ է՝ պետք է առևտրաշրջանառությունն ամբողջապես հարկվի, որպեսզի բյուջեն համապատասխան հարկային մուտքեր ունենա, որպեսզի համապատասխան պարտավորությունները կատարի, այդ թվում՝ կենսաթոշակները բարձրացնի: Բայց բանից պարզվում է՝ մեր երկրում դեռ վեց միլիարդ շրջանառությամբ ստվերային տնտեսություն կա: Անխուսափելիորեն հարցեր են ծագում: Ինչպե՞ս կարող է հաղթահարված օլիգարխիայի ու վերացված (կամ հաղթահարված) կոռուպցիայի պայմաններում նման ահռելի ստվերային շարժ լինել: Հարց է ծագում, թե էլ հանուն ինչի՞ են պարգևավճարներ ստացել ՊԵԿ ղեկավարն ու անձնակազմը, ֆինանսների նախարարությունը, եթե 6 միլիարդ դրամ շրջանառությամբ ստվերը վիշապի պես չոքած է տատիկ-պապիկների թոշակների բարձրացման հնարավորության վրա:

Անցյալներում էլ, նկատենք, ստվերային տնտեսություն կար, ըստ որում՝ համատարած ՀԴՄ-ավորում էլ չկար` այդ կտրոնը կամ տային կամ չտային: Բայց դա չէր խանգարում, որ գոնե մի 4-5 տարին մեկ թոշակները թեթևակի բարձրացվեին կամ գոնե ինդեքսացվեին: Եվ հետո, հատկապես մարզերում, հեռավոր գյուղերում ու քաղաքներում առևտուրը լինում է ապառիկով է արվում, այսպես ասած՝ «նիսյա»:

Դե «նիսյա» շաքարավազ կամ հաց վաճառողից թող ՀԴՄ կտրոն պահանջեն…

Պահանջելու մասին: Կառավարության ծրագրի հիմնական բացն այն է, որ այնտեղ արտացոլված չեն կոնկրետացված պարտավորություններ, արտացոլված չեն կողմնորոշիչ տվյալներ ու ցուցանիշներ: Հաշվետվողականության առումով գրեթե բռնվելու տեղ չկա, որ օրինակ, մի կես տարի հետո որևէ նախարարի հրավիրեն ԱԺ ամբիոնի մոտ ու ասեն՝ դուք այս և այս պետք է անեիք ըստ ծրագրի, ո՞ւր է արդյունքը: Էլի կկանչեն, նա էլ ծրագրի շարադրանքի ոճով ու ոգով միգուցե կասի՝ աշխատանքներ են տարվում աշխատանքներ տանելու ուղղությամբ:

Իսկ նման հեռանկարը արդեն ոչ մի կերպ չի հրապուրում:

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (68)

Ըստ թեմայի

Անորոշ ձևակերպումներով կառավարության ծրագիրը նման է նախորդներին.պատգամավորն անհանգստացած է
Համեստությունը զարդարում է, բայց ոչ ծրագիրը. ո՞րն է կառավարության երկչոտության պատճառը
Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային ժողով, կառավարության ծրագիր

Գլխավոր թեմաներ