14:28 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան

«Հակահեղափոխական» սև կատու է անցել, կամ Փաշինյանին անհրաժեշտ է «նոր ընդդիմություն»

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
36630

Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանին շատ է տպավորել կառավարության ծրագրի քննարկման վերջնամասը։ Նա վերլուծում է բանավեճերն ու եզրակացնում` պահանջվում է ընդդիմություն, բայց «ռևանշիստ» չառաջարկել։

Կառավարության ծրագրի քննարկման վերջնամասը տպավորիչ ստացվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե միտինգային ելույթը, Էդմոն Մարուքյանին և նրա գլխավորած «Լուսավոր Հայաստանին» ուղղված հանդիմանանքը, թե՝ բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ, ԼՀԿ ղեկավարի հակադարձումը և քվեարկությունը, վերջապես:

Հետաքրքրական է այն, որ կառավարության ծրագրի վերաբերյալ առավել համակարգված և ամբողջական քննադատություն և դիտողություններ հնչեցին խորհրդարանի պատերից դուրս: Դե, ՀՀԿ-ի դեպքում գնահատականներն ու վերաբերմունքը հասկանալի են, անգամ՝ կանխատեսելի: Բովանդակային տեսանկյունից շատ ավելի հանգամանալի և համակարգված էր ՀՅԴ քննադատական անդրադարձը: Տպավորվեցին նաև նախկին վարչապետ ու տնտեսագետ Հրանտ Բագրատյանի 34 կետանոց դիտողությունները, և հատկապես այս ձևակերպումը. «Որպես կանոն, այդ ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ»:

Խորհրդարանական ընդդիմությունն էլ, ի դեմս արդեն հիշատակված «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի, ջանում էր որքան կարող էր: Դատելով Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթի տոնայնությունից` նույնիսկ մի քիչ էլ շատ էին ջանացել: Բայց այս դեպքում տպավորիչ կարելի է համարել ոչ այնքան ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորների դիտողությունները կամ քննադատական ակնարկները, որքան քվեարկությունը: Կառավարության ծրագրին «կողմ» քվեարկեց 88 պատգամավոր, «դեմ»՝ 40:

«Կողմի» դեպքում ինտրիգ, իհարկե, չկա: Ըստ որում, ձայների քանակը լիովին համապատասխանում է 132 պատգամավորանոց ԱԺ-ում «Իմ քայլը» իշխող մեծամասնության մանդատների թվին՝ 88:

Քաղաքական տրամաբանության տեսանկյունից անթերի թվաբանություն է: Որոշակի առումով, ինտրիգ միգուցե չկա նաև 40 «դեմ» ձայների դեպքում, քանի որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարեցին, որ «դեմ» են քվեարկելու: Սակայն կան որոշ նրբերանգներ:

Ամենից առաջ Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի գլխավորած խմբակցությունները, որքան էլ որ սահմանադրորեն կամ օրենքի ուժով համարվեն ընդդիմություն, որպես այդպիսին իրենց հարգն ամրագրելու խնդիր ունեն, մանավանդ, հետընտրական այն խոսակցությունների խորապատկերում, որ ԱԺ-ում նրանց ընդամենը ձևական ընդդիմության դեր է տրված: Կառավարության ծրագրին այսպես ասենք՝ միահամուռ «դեմ» քվեարկելը որոշակի չափով նպաստում է, որ նրանք ոչ միայն տեղեկանքով ընդդիմադիր ընկալվեն:

Կա նաև այն նրբերանգը. եթե վաղը, մյուս օրը ինչ-որ բան այնպես չընթանա, իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ մենք դեմ ենք եղել այդ ծրագրին կամ ավանդական տարբերակով՝ «բա որ ասում էինք...»:

Այսինքն` իրենք իրենց տվյալ ծրագրի համար քաղաքական պատասխանատվությունից հստակ տարանջատեցին, քվեարկեցին որպես ընդդիմություն:

Արտաքուստ ամեն ինչ օրինաչափ է: Բայց նրբերանգներից մեկն էլ այն է, որ ի դեմս և՛ «Լուսավոր Հայաստանի», և՛ ԲՀԿ-ի, գործ ունենք Նիկոլ Փաշինյանին և «թավշյա հեղափոխությանը» աջակցած ուժերի հետ, իսկ ԼՀԿ-ն ընդհանրապես նախկին «Ելք» դաշինքի 3 ուժերից մեկն է:

Եվ երբ խոսքը խոսք բերեց, մուննաթը՝ մուննաթ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով հատկապես  Էդմոն Մարուքյանին, սրտանց արտահայտվեց, թե՝ բա որ հեղափոխություն չի եղել...

Միգուցե ավելի տեղին կլիներ մեկ այլ տարբերակ, թե՝ բա որ հեղափոխություն չի եղել, ի՞նքն ինչ գործ ունի այնտեղ կանգնած որպես վարչապետ: Ի վերջո, Էդմոն Մարուքյանը, իսկ 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո այլ ԼՀԿ-ականներ ևս, գործ ունեին նաև նախորդ գումարման խորհրդարաններում: Նիկոլ Փաշինյանն էլ`նախ որպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր (2012-2017), ապա նաև «Ելք» խմբակցության ղեկավար (2017-2018):

Լավ, ի՞նչ «հակահեղափոխական» սև կատու է անցել նրանց միջև, որ հատկապես վերջին օրերին գրեթե անխնա փորձում են խայթել միմյանց, համարյա ինչպես այն շրջանում, քանի դեռ Թևան Պողոսյանը նույն Մարուքյանին ու Փաշինյանին չէր հրավիրել իր հարկի ներքո գինի ըմբոշխնելու:

Իրենք, հնարավոր է, մի օր ավելի կմանրամասնեն, բայց չի լքում այն զգացողությունը, որ հետևողական քայլեր են արվում «Լուսավոր Հայաստանը» որպես կոշտ ընդդիմություն դիրքավորելու համար: Առնվազն հրապարակային քաղաքական դաշտում և ի տես հանրության:

Ցանկացած իշխանության անհրաժեշտ է ունենալ ընդդիմություն: Առավել ևս, եթե խորհրդարանական կառավարման մոդել է ներդրված, ընդդիմություն պետք է ունենալ հենց խորհրդարանում: Դրա համար սահմանադրական նորմը քիչ է: Այն պետք է նաև «միս ու արյուն» ստանա: Ու կարծես այդ գործընթացի ականատեսն ենք:

Բայց մյուս կողմից, բացում ես «Հայկական ժամանակ» թերթի (իմաստ ունի՞ նշել, թե ով է թերթի գլխավոր խմբագիրը) այսօրվա առաջնորդող հրապարակումը, իսկ այնտեղ քաղաքական ծանր մեղադրանքներ են, ընդհուպ մինչև այն աստիճան, թե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն փետրվարի 12-ից միացել են ռևանշիստներին: Ասել կուզի, որ մասնավորապես «Լուսավոր Հայաստանը» ռևանշիստական ուժ է, ռևանշի է ձգտում: Անհասկանալի է միայն, թե ի՞նչ ռևանշի կարող է կոնկրետ այդ ուժը ձգտել:

Մնում է ենթադրել, որ ըստ երևույթին ԼՀԿ-ի միջոցով են ձգտում ռևանշի: Ու այդ ակնարկներն էլ արվում են, չափազանց թափանցիկ են արվում՝ այստեղ երկար-բարակ մանրամասնելու համար:

Հետաքրքիր պատկեր է ձևավորվում. մի կողմից՝ կառավարությանը պետք է, իսկ դատելով բերած ծրագրի բաղադրությունից ու վարչապետի ելույթների տոնայնությունից՝ խի՛ստ անհրաժեշտ է խորհրդարանում ընդդիմություն ունենալ, ըստ որում՝ «նոր ընդդիմություն»:

Մյուս կողմից, բավական էր միայն, որ այդ դերում հայտնված ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի ներկայացուցիչները փորձեին մի փոքր շարժվել «հանգիստ նստած տեղներից», արագորեն հաջորդեց պիտակավորումը, թե «ռևանշիստներ» են, ըստ էության՝ հակահեղափոխականներ, որոնք ուզում են իշխանությունների «տակից քաշել» նրանց միակ հենարանը՝ շարքային քաղաքացիների աջակցությունը, թե «ընդդիմության և ռևանշիստների նախաձեռնած «սառը պատերազմը» թևակոխում է «թեժ փուլ» ու նման բաներ:

Ի՞նչ է սա. քննադատության անընկալունակությո՞ւն, թե՞ այսպես ասած՝ «նոր ընդդիմություն» ստեղծելու գործընթացի լրացուցիչ բաղադրիչ (ժողովուրդ, տես, թե իրար ինչեր են ասում...):

Ի դեպ, գուցե մեկնումեկը նրանց այնուամենայնիվ հիշեցնի՞, որ ցանկացած իշխանության տակից ոչ մի ռևանշիստ կամ հակաքարոզիչ այնպես չի քաշում քաղաքացիների աջակցությունը, ինչպես դա անում են նույն այդ քաղաքացիների սոցիալական ու երկրի ընդհանուր տնտեսական վիճակը:

Ըստ թեմայի

Համեստությունը զարդարում է, բայց ոչ ծրագիրը. ո՞րն է կառավարության երկչոտության պատճառը
ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը
ԲՀԿ–ն ուզում է կառավարության ծրագրում նոր գլուխ ավելացնել, ԼՀԿ–ին հետաքրքրում են աղքատները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ