08:30 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Հանրապետության հրապարակի գլխավոր ժամացույցը

«Էս ի՞նչ եղանակ եք բերել». երբ «պլյուս» դարձած «մինուսը» ժպիտ է պարգևում երկուսին

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
126 0 0

Կյանքը, ինչ էլ ասվի, հրաշալի երևույթ է: Մանավանդ, եթե ընթացքում հանդիպում ես հրաշալի մարդկանց: Չգիտեմ, թե ինչպես է ստացվել, բայց ինձ հիմնականում լավ մարդիկ են հանդիպել: Համենայն դեպս, տարիների հեռվից հիմնականում հենց այդ լավ մարդիկ են հիշվում...

Կարելի է ասել՝ սկսնակ լրագրող էի, ժուռնալիստիկայի բաժնի 5-րդ կուրսի ուսանող, որի գրած ոտանավորները աշակերտական բարալիկ, կանաչակազմ տետրով, համակուրսեցի Արշակ Ամիրբեկյանի միջնորդությամբ, հայտնվեցին Հրաչյա Մաթևոսյանի մոտ: Բարի՜, հասակից ավելի վիթխարի բարության և մեծ հոգու տեր մի շիտակ մարդ: Հետո, երբ գնացի «Հայաստան» թերթի խմբագրություն՝ ոտանավորներիս հետագա ճակատագրի մասին իմանալու, պարզվեց, որ թերթին երիտասարդ ու վազվզող թղթակից է պետք: Այդպես էլ՝ Հրաչյա Մաթևոսյանի բարեմաղթանքով հայտնվեցի «Հայաստան»-ում:

Գլխավոր խմբագիրը Հենրիկ Աբրահամյանն էր: Խստադեմ, բայց բարեհոգի, հետաքրքիր ու նաև փորձառու մարդ, որին ճակատագրական հոկտեմբերի 27-ին չշրջանցեց ահաբեկիչների արձակած դավադիր գնդակը: Բայց դա հետո էր, իսկ մինչ այդ դեռ տարիներ կային...

Եվ ահա, բլոկադային 1993-94-ի պատերազմական, ցուրտ ու դաժան ձմեռն էր: Այնքան ցուրտ, որ Մամուլի տան 5-րդ հարկի ընդարձակ, բայց արևի երես չտեսնող սենյակում հնարավոր էր միայն մատիտով գրել: Լրատվության բաժնի նորաբույս պատասխանատուիս պարտականություններից մեկն էլ հերթական համարը թողարկելուց առաջ եղանակի տեսության վերաբերյալ տեղեկությունն իմանալն էր ու շարադրելը: Գրեթե տեխնիկական աշխատանք, մանավանդ, որ նախքան այդ արդեն մեկ ռեպորտաժ կամ հոդված ու մի 6-7 լուր ես գրել: Հրաշալի դպրոց էր, ի դեպ, ավագ սերնդի փորձառու լրագրողների ու տարեկից լավ մարդկանց հետ շփմամբ հագեցած (դա մի առանձին ու ջերմ հիշողություն է, իհարկե):

Դե, գրեցի այդ լուրը, թե վաղը ցերեկն ու երեկոյան ինչ եղանակ է սպասվում: Մտա գլխավոր խմբագրի ոչ պակաս ցուրտ աշխատասենյակ: Հենրիկ Աբրահամյանը կամ ինչպես ասում էինք՝ ընկեր Աբրահամյանը, դեմքի բավականին մտահոգ արտահայտությամբ, տպագիր ինչ-որ տեքստ էր կարդում: Մի պահ խոժոռված հայացքը կտրեց այդ թղթերից, հարցական նայեց ինձ, ես էլ եղանակի լուրն անխոս դրեցի աշխատասեղանին: Էլ ավելի ուշադիր նայեց, ու դեմքի կարմրելուն զուգահեռ, մինչև կկռահեի, որ զայրանում է, հանկարծ պոռթկաց.

-Էս ի՞նչ եղանակ եք բերել, ի՞նչ մինուս 20-22 աստիճան, էս ի՞նչ եք գրել...

-Մի րոպե, ընկեր Աբրահամյան,-ասացի ու այդ խոսքերի հետ վերցրի գրածս տեքստը, -այո, այստեղ իսկապես սխալ կա, ընկեր Աբրահամյան: Հիմա ուղղեմ:

Ու այս խոսքերի հետ, սեղանից մի մատիտ վերցրի, սիրուն ուղղահայաց գծիկ քաշեցի, այնպես, որ «մինուսը» դարձավ շատ համակրելի «պլյուս»: Ու ստացվեց, որ ձմեռվա կեսին մայիսյան ջերմություն էր սպասվում հաջորդ օրը: «Սրբագրված» լուրը նորից մեկնեցի խմբագրին: Հենրիկ Աբրահամյանը, արդեն թոթափած մտահոգիչ մյուս տեղեկությունների հարուցած զայրույթը, որ եղանակի անմեղ կանխատեսման վրա ներքին լարման ու եռման կետին էին հասել, մի հատ էլ աչքի անցկացրեց «պլյուս» 20-22 աստիճանի մասին դարձած լուրիկը, նայեց ինձ, ու երկուսս էլ ժպտացինք... Կանխատեսումն իհարկե վերաճշտված տարբերակով տպվեց թերթի մյուս օրվա համարում՝ մինուս 20-22, չնայած իրականում երևի ավելի ցուրտ էր թվում... Իսկ այս փոքրիկ դիպվածն ու լուսահոգի Հենրիկ Աբրահամյանին միշտ էլ «պլյուսով» եմ հիշում ու ջերմորեն, հետո՞ ինչ, որ տարիները «ցուրտ ու մութ» էին:

թեգերը:
եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ