11:02 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Հայկական քթի հուշարձան Լվովի Հայկական փողոցում

Մոտեցումն ավանդական է, քիթն էլ՝ դե գիտեք, թե ումն է…

© Mark Grigoryan/Livejournal
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
212 0 0

Քթի վերաբերյալ համաշխարհային գրականության էջերում գոնե ինձ հանդիպած ամենից սրամիտ մեկնաբանությունը թերևս Վիլյամ Սարոյանն է արել, իր հերոսներից Հոմեր Մաքոլիի միջոցով («Մարդկային կատակերգություն», «Ճառ մարդկային քթի մասին» գլուխը):

Ինչո՞ւ հիշեցի: Դե, թեկուզ այն պարզ պատճառով, որ քթի վիրահատության վերաբերյալ գովազդային վահանակի լուսանկարներն օգտատերերը Facebook-ի հայախոս հատվածի հիթն են դարձրել ու զանազան սրախոսություններով համեմել:

Իսկ այ, իր երկու տեղակալներին պաշտոնանկ անելու վերաբերյալ այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ասածները նման հաջողություն չունեցան: Միգուցե այն պատճառով, որ բոլորի ուշադրությունը գրավեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը առ այն, որ իրենց անձնական օգտագործման լվացքի մեքենան սպառողական վարկով են ձեռք բերել, արդեն մի չորս տարի է, ինչ այն մարում են, բայց դեռ մարելու տեղ կա:

Մինչդեռ, պարոն Զեյնալյանը խիստ ուշագրավ բան ասաց: Շատ ավելի կարևոր, քան կառավարության ղեկավարի՝ ապառիկով կենցաղային էլեկտրատեխնիկա ձեռք բերելու կամ խորհրդարանի խոսնակի՝ իրեն վարկ չտրամադրելու մասին ասածներն էին:

Հետաքրքրականն այն է, որ անդրադառնալով արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանին ու Արթուր Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին վարչապետի որոշմանը, Արտակ Զեյնալյանը բառացիորեն նշեց. «Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է: Սա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է»:

Ինչ-որ հաճախակի չեն դառնո՞ւմ «քաղաքական որոշումները»…

Ինչևէ:

Գուցե այդ ազատված փոխնախարարները վա՞տ էին աշխատում, թերացե՞լ էին, մասնագե՞տ չէին, կառավարությունը դժգո՞հ էր նրանց աշխատանքից:

Պարզվում է՝ ոչ: Համենայն դեպս, Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում իրենց կատարած աշխատանքը, շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին: Սա քաղաքական թիմի որոշում է, և քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:

Տողերիս հեղինակի համար, օրինակ, առանցքային նորությունն այս ամենի հետ կապված այն էր, որ նախարարի տեղակալների պաշտոնները համարվում են քաղաքական պաշտոններ: Գոնե մինչև վերջերս, որքան հայտնի էր, քաղաքական համարվում էր միայն նախարարի պաշտոնը: Իսկ նախարարի տեղակալների պաշտոնները, առհասարակ, համարվում էին, այսպես ասենք՝  պրոֆեսիոնալ պաշտոններ:

Ուղղակի որոշման տրամաբանությունն է հետաքրքիր:

Պարզվում է, տրամաբանությունն ընդամենը «քաղաքական թիմով աշխատելու» մեջ է, այլ ոչ թե՝ արհեստավարժության (պրոֆեսիոնալիզմի):

Չէ, կարելի է, իհարկե, քաղաքական համարել ոչ միայն նախարարի տեղակալների, այլև գերատեսչության վարչության պետերի, մյուս ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններն էլ: Կարելի է անգամ հրապարակավ այդպես չհամարել, բայց «քաղաքական թիմի» որոշում ընդունել՝ «քաղաքական թիմով» աշխատելու մասին: Մե՞ր հասարակությունն է, որ պետք է նման մոտեցումներից զարմանա: Հասկանալի է նաև, որ նախարարները, սովորաբար «թիմով» են գալիս-գնում:

Բայց, «քաղաքական թիմի» որոշումը ընտրություններից մի երկու-երեք ամիս ա՞նց հասունացավ, թե՞ փոխարինող էին փնտրում: Բայց այդ դեպքում նախարարն ինչո՞ւ պատասխանեց, թե դեռ կորոշեն՝ ում կառաջադրեն նախարարի տեղակալ(ներ)ի պաշտոն(ներ)ում:

Ու ստացվում է, որ մոտեցումն «ավանդական» է, դե, իսկ քիթն էլ, արդեն ամբողջ համացանցը գիտի, թե ում գործն է:

Ըստ թեմայի

Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքները. Վիեննան կորոշի հետագա բանակցությունների ճակատագիրը
Անցումային արդարադատության հակառակ երեսը. արդյո՞ք ներկա իշխանությունն այդքան ազնիվ է
Փաշինյան-Ալիև անօրակարգ հանդիպումից արժե՞ մեծ ակնկալիքներ ունենալ
Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արտակ Զեյնալյան

Գլխավոր թեմաներ