20:19 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Կոստանտին Օրբելյան

Օպերայի շուրջ անհեթեթ իրավիճակը՝ որպես շղթայի օղակ, որ ձգվում է 3 տասնամյակ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
27940

Կոնստանտին Օրբելյանի հետ կապված պատմության շուրջ առաջացած աղմուկը սպասելի էր, սակայն, անկեղծ ասած, բորբոքած կրքերի առումով գերազանցեց բոլոր սպասումները։ Թվում էր՝ հասարակությունը սկսում է սովորել նման բաների, բայց` ոչ։ Եվ դա հուսադրող է. նշանակում է, հասարակությունը դեռ կարողանում է դիմադրել, իսկ դիմադրելու առիթներ կան։

Եթե հաջողվի պահպանել Օրբելյանին, ապա դա կարող է դրական նախադեպ դառնալ։ Ժամանակին մենք կորցրեցինք Ճգնավորյանին և Դուրյանին, շատերը կգումարեն նաև Գերգիևին, սակայն նա հեռացավ լրիվ այլ ժամանակներում և այսօր գոյություն չունեցող երկրում։

Իսկ Օրբելյանին պահպանել պետք է, նույնիսկ անկախ նրանից, որ անկանխակալ մտածելու պարագայում, համաշխարհային մակարդակի մաեստրոն կարող է բավարարվել առանց թատրոնի տնօրենի վարչարարական պաշտոնի. զբաղվել արվեստով, առանց հաշվապահության և տնտեսական մատակարարման հոգսերի։ Փաստարկներն այն մասին, որ Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից հանելը, դա դեռ սկիզբն է, իսկ վաղը նրան կզրկեն նաև ստեղծագործական պաշտոններից, ներկա փուլում կարող են դեռ չդիտարկվել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «վարչարարական պաշտոնը, այսինքն տնօրենի պաշտոնը և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը դրանք տարբեր պաշտոններ են։ Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, որը իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ։

Բայց չէ՞ որ հարցն այլ է, այն, որ բացարձակ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը, այսինքն մի գերատեսչության պաշտոնակատար, որն այն աստիճանի են օպտիմալացրել, որ այն կարծես թե նույնիսկ գոյություն չունի, և ինչպես պնդում են` ինքն էլ խնդիրներ ունի օրինական ճանապարհով պաշտոնին նշանակվելու հարցում, աշխատանքից հեռացնում է ոչ թե ինչ–որ մեկի, այլ Կոնստանտին Օրբելյանին։ Այն էլ այն պատճառով, որ նա զբաղեցնում է պաշտոնները չթույլատրված կարգով, բացի այդ չի տիրապետում մայրենի լեզվին։

Քմահաճու՞յք է։ Միանշանակ` ոչ։ Միայն թե պետք չէ այստեղ ռուսատյացություն տեսնել, դա կապ չունի։ Կոնստանտին Օրբելյանը, որը Սան Ֆրանցիսկոյում է ծնվել, ռուսերենից վատ չի տիրապետում նաև անգլերենին, այնպես որ նույն հաջողությամբ կարելի է այստեղ «անգլատյացություն» գտնել։

Որևէ ֆոբիա այստեղ չկա, սա պարզապես վաղուց տարվող քաղաքականություն է, որն ուղղված է ազգային արժեքները, ազգային խորհրդանիշները, ազգային արվեստը աստիճանաբար վերացնելուն, դրանք փոխարինելով «համամարդկայինով», ուր շատ բան է մտնում` Աննա Կարենինայի դերում սևամորթ դերասանուհուց մինչև տարատեսակ գենդերային անկարգություններով համաշխարհային խելագարություն։

Դա Հայաստանում չի սկսվել և ամենևին էլ ոչ երեկ, իսկ մեզ մոտ առաջինը դա հասկացել էր լուսահոգի Պերճ Զեյթունցյանը, որը հեղափոխական էյֆորիայի մեջ համաձայնել էր գլխավորել մշակույթի նախարարությունը ՀՀ առաջին նախագահի իշխանության առաջին իսկ տարում։ Սակայն Զեյթունցյանը չկառավարեց նույնիսկ մեկ տարի. իր իսկ խոսքով, նա հասկացավ, որ նրա դիմաց «քաջ նազարներ են», որ «յուրաքանչյուր հեղափոխություն ջրի երես է հանում նստվածքը. ոչ այդքան ազնիվ, ոչ այդքան բարոյական մարդկանց, որոնք ոչ մի բանի առջև չեն ընկրկում», և որ Մարատն ու Ռոբեսպիերը անտանելի կերպարներ էին։

Ասում են` Զեյթունցյանը հեռացել է, դուռը ուժեղ շրխկացնելով։ Այնուհետև եղել են մշակույթի նախարարներ, որոնք խորոված էին ուտում Զվարթնոցում, վերացնում էին պատմական Երևանը, Գառնու հեթանոսական տաճարի շրջակա տարածքը վերածում անճոռնի խճաքարով մանկական խաղահրապարակի, որոնք մշակույթը պահպանում են իրենց ներսում, տարրական հարցի պատասխան չիմանալով, սակայն այնուամենայնիվ, որոնք իրենց իրավասու են համարում (բարոյական իրավունք են վերապահում) աշխատանքից հեռացնել Օրբելյանին։ Սա մեկ շղթայի օղակ է, որը ձգվում է 3 տասնամյակ։

Վերադառնալով անհեթեթ իրավիճակին, պետք է ասել հետևյալը. Օրբելյանին պետք է թողնել (որպես հայկական մշակույթի երևույթ, այլ ոչ թե հենց թատրոնի տնօրեն), քանի որ եթե դա չհաջողվի, անհեթեթությունը ևս նախադեպ կդառնա (արդեն «մինուս» նշանով) և սովորական կլինի, ու դրա հետ այլևս ոչինչ անել չի լինի։ Բնականաբար, Օրբելյանի համար նախևառաջ պետք է պայքարել այն պատճառով, որ նա Օրբելյանն է, սակայն սա ակնհայտ է և ինքնստինքյան ենթադրելի։

Այլապես նորմալ կդառնա ոչ միայն անհեթեթությունը։ Նորմալ կդառնա ցանկացած մարդու, երևույթի կամ իրի, հուշարձանի կամ հոգևոր արժեքների (որոնք խորհրդանշում են ազգայինը, խանգարում «համամարդկայնացմանը», եթե այդպես կարելի է արտահայտվել) հետ «հաշվեհարդար» տեսնելը։ Եթե նման ցանկություն լինի, կամ որևէ մեկի կարգադրություն ու հրահանգ, դա հնարավոր կլինի անել մեկ ակնթարթում, քանի որ նախադեպեր են եղել («մինուս» նշանով), դրանք մի քանիսն են եղել, իսկ մի քանի նախադեպ միտում են դառնում, այնուհետև համակարգ, որի հետ այլևս պայքարել հնարավոր չէ։

Օրբելյանին պետք է թողնել, քանի որ նրա օրոք Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում անհնար է տեսնել, օրինակ, բալետի և օպերայի բեմադրություններ գերժամանակակից «համամարդկային» սյուժեներով, որոնք ջատագովում են, ասենք, տղամարդկանց ոչ չափավոր ամուր ընկերությունը։

Իսկ տիկին Նազենին այստեղ միայն կատարող է, գուցե նաև, ակամա։ Այստեղ այ թե ինչն է հետաքրքիր.  30 տարվա ընթացքում մենք դանդաղ, բայց հաստատուն մոտեցանք մի իրավիճակի, երբ Կոնստանտին Օրբելյանի մասշտաբի անձնավորությանն աշխատանքից հեռացնելու հարցերով զբաղվում է նույնիսկ ոչ նախարարը։ Զբաղվում է օպտիմալացված նախարարության նախարարի պաշտոնակատարը, որն ըստ էության երկար անվանում ունեցող նախարարությանը կից մշակույթի դեռ չստեղծված բաժնի պետ է, ում դեռ կարգին չեն հաստատել։ Միևնույն ժամանակ պետին հարցեր կան իր իսկ նշանակման հետ կապված` օրենքի տառին համապատասխանելիության պահանջի վերաբերյալ։

Եվ, գուցե, պետք է համաձայնել, որ մշակույթի նախարարություն մեզ ամենևին էլ պետք չէ։ Համենայնդեպս, այնպիսի մշակույթի նախարարություն, որտեղից հեռացավ Զեյթունցյանը։

Ըստ թեմայի

Թատրոնների ներկայացուցիչները միավորվել ու պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը
Երաժշտությունը լեզու չի ճանաչում. Օպերայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում
Սխալը պետք է ուղղվի. Արմեն Սարգսյանը միացավ բողոքի ակցիային
Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն
Հանդիպումը կայացավ. ինչ է խոստացել Փաշինյանն օպերայի թատրոնի աշխատակիցներին
Մարդիկ, որ նշանակվում են նախարար, գոնե պետք է իրենց մի քիչ զուսպ պահեն. Պետրոսյան
Օրբելյանը ընկերոջ համար Չինաստանի տոմս էր գնել. ֆրանսիացու ինքնատիպ շնորհակալությունը
թեգերը:
Հայաստան, ՀՀ մշակույթի նախարարություն

Գլխավոր թեմաներ