18:39 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Արցախ

«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Նանա Մարտիրոսյան
47930

Ապրիլյան պատերազմը շատերին հանկարծակիի բերեց։ Այդ իրադարձություններից հետո պատերազմն այլևս ինչ-որ վերացական ու հեռու բան չի թվում։ Հիմա գիտենք` ինչ գին ունի մեզ համար խաղաղությունը սահմանի վրա։

2016 թվականի ապրիլի երկուսի վաղ առավոտյան հետևյալ տեքստով հաղորդագրություն ստացա. «Նանա, վազի՛ր խմբագրություն, պատերազմ է սկսվել»։

Հումորով պատասխանեցի, կարծելով, թե խմբագրի ուշացած կատակն է` ապրիլի 1–ի կապակցությամբ։ Մի քանի րոպե անց հեռախոսս զանգեց։ Հասկացա, որ ամեն ինչ լուրջ է։ Արդեն չեմ էլ հիշում` ինչպես հասա գրասենյակ, բայց երբեք չեմ մոռանա` ինչպես էի վերընթերցում պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու կծկվում` չհավատալով այդ սարսափին։  

Անընդհատ լուրեր էին ստացվում Արցախում կրակոցների ու զինվորների մահվան մասին, բայց, ըստ էության, պատերազմն ինչ-որ վիրտուալ ու հեռու բան էր թվում։ Բայց հանկարծ այն կողքիս հայտնվեց, օձի պես սողոսկեց հեռախոսիս մեջ ու դուրս չի գալիս գլխիցս։

Աշխատանքային օրը դեռ չէր սկսվել, բայց բոլորն արդեն խմբագրությունում էին, աշխատանքը եռում էր։ Ամեն մեկը փորձում էր ինչ-որ տեղ զանգել, ոմանք խնդրում էին, որ նրանց Արցախ ուղարկեն, ոմանք էլ նայում էին դեպքի վայրի առաջին լուսանկարներն ու լաց լինում։

Հեռախոսս չէր լռում։ Հորաքույրներս, մորաքույրերս ու պարզապես ծանոթներս, որոնց երեխաները բանակում էին ծառայում, զանգում էին` հույս ունենալով, որ իրենց համար լավ նորություններ ունեմ։ Բոլորը հավատում էին լրագրողների անսահման հնարավորություններին։ Ստիպված էի ասել, որ հենց այն հատվածում, որտեղ իրենց տղան է ծառայում, մարտեր չկան, պարզապես բոլորի հեռախոսները հավաքել են։ Ոմանք հավատում էին, ոմանք էլ հակաճառում էին, որ ԶԼՄ–ները այլ լուրեր են տարածում։

Օրվա երկրորդ կեսին տատս զանգեց։ Նա եղբորս հետ ամառանոցում էր։ Հանկարծ սարսափեցի`հաստատ եղբայրս Արցախ է գնացել», – մտածեցի ես։  

Տատս բարկացած ինչ-որ բան էր բղավում խոսափողի մեջ։ Մի քանի վայրկյան ամեն ինչ շուրջս կանգ առավ. այսօր նրա ծնունդն է։ Նախօրեին նրան տորթ ու փուչիկներ էի ուղարկել։ Հավանաբար, նոր էին տեղ հասցրել ու նա վրդովել էր` ինչպես կարելի է ծնունդը նշել, երբ պատերազմ է սկսվել։ Հազիվ կարողացա հանգստացնել նրան։

Եղբորս հետ, փառք Աստծու, ամեն ինչ կարգին էր. զինկոմում նրան խնդրել էին սպասել ու ասել էին, որ անհրաժեշտության  դեպքում կկանչեն։

Տատիս զանգը սթափեցրեց։ Սկսեցի վերհիշել բոլոր ազգականներիս, ծանոթներիս ու ընկերներիս, որոնք այդ ժամանակ ծառայում էին։  Ոմանք պատասխանում էին զանգերին, ոմանցից նորություն չկար։ Պատերազմը մեկ քայլով էլ մոտեցավ։ Ամեն րոպե այն ավելի սարսափելի ու ցավոտ էր դառնում։

Իսկ զոհերի մասին հաղորդագրությունները շարունակում էին գալ։ Նրանց ծննդյան թվականները խելագարության էին հասցնում։ Շատերն ինձանից երիտասարդ էին։

Առաջին օրը դժվարությամբ անցավ, եկավ երկրորդ օրը։ Ուշ գիշեր էր, բայց մենք շարունակ գրում էինք ու գրում։ Հեռախոսիս հաղորդագրություն եկավ. «Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ...»։ Գրում էր մանկությանս ընկերը, որի հետ առավոտյան չէր հաջողվել կապ հաստատել։

Արցունքները խեղդում էին կոկորդս, բայց չպատասխանեցի։ Այդ պայմաններում հնարավոր չէ մերժել։ Պատերազմն արդեն ամուր գրկել ու խեղդում էր ինձ իր գրկում։

Երեք տարի անցել է։ Իրավիճակը սահմանում համեմատաբար հանգիստ է, բայց պատերազմը, միևնույնն է, ստվերի պես գալիս է հետևիցս, այն հեռախոսիս մեջ է։ Արդեն վիրտուալ չէ, հիմա գիտեմ` խաղաղությունն ինչ գին ունի ու հիշում եմ այն անծանոթ տղաներին, որոնց շնորհիվ ամեն առավոտ արթնանում եմ ու սրտանց աղոթում , որ դա երբեք չկրկնվի...

Ըստ թեմայի

Հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են. նախագահն ընդունել է ապրիլյան քառօրյայի տղաներին
«Ապրիլյան պատերազմն ինձ համար վերածնունդ էր ու մեծ ուսուցիչ». Ժորա Աֆրիկյան
Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ