19:44 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Միհրան Պողոսյան. ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր

Ինչպես են «խոցում» միմյանց նախկին գլխավոր «հարկադիր» Պողոսյանը և ԱԱԾ տնօրեն Վանեցյանը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
266 0 0

Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իմացել է` որտեղ է հետախուզության մեջ գտնվող Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։ Վերջինս զարմացել է և հայտարարել, որ ԱԱԾ–ին նրա գտնվելու վայրը վաղուց է հայտնի. հետաքրքիր է «սիրալիրությունների» փոխանակումը։

Երեքշաբթի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել է, որ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Հաղորդվում է, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված, աշխատանք է տարվում, որի արդյունքների մասին հետո կիմանաք», – ասաց Վանեցյանը` չներկայացնելով մանրամասներ։

Միհրան Պողոսյանի գրասենյակը գրեթե ակնթարթորեն է արձագանքել` զարմանք արտահայտելով այս հայտարարությունից։

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում հանրությանը թատերական հայտարարություններով ներկայանալու ցանկացած առիթ։ Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ։

Գործը «շինծու» է, թե ոչ, կպարզի քննությունը, իսկ հետո էլ` դատարանը, հուսանք, որ այդ երկու գործընթացները կընթանան օրենքին համապատասխան և անմեղության կանխավարկածին հետևելու պայմաններում, այլապես մեզ մոտ վերջին շրջանում  երկրորդ կետը կաղում է։

Բայց ինչ վերաբերում է «հանրությանը թատերական հայտարարություններով ներկայանալու ցանկացած առիթի»  մասին դրվագին, ապա մեր ունեցածը, կներեք, բայց դա է։

Այդ հակումը վերջերս է ծագել, նախկինում թե՛ քննչական մարմինները, թե՛ ԱԱԾ–ն փորձել են խուսափել խճճված իրավիճակներում հայտնվելուց։

Սկզբնական շրջանում այդ ձգտումը բացատրվում էր նորեկների առկայությամբ, որոնք հանկարծ այդքան բարձր պաշտոններ են զբաղեցրել. մարդկային առումով դա հասկանալի էր։ Բայց արդեն մի տարի է անցել, կարելի էր ավելի փորձառու լինել և չընկնել բարձրագոչ հայտարարությունների հետևից, եթե հավանականություն կա, որ դրանք փուչիկ կարող են լինել։

Ի վերջո, նման իրավիճակներն ամենից շատ վնասում են ծառայությունների հեղինակությանը.  չէ որ երբեք չգիտես, թե ինչով կավարտվի նույնիսկ հետախուզում հայտարարելը։ Կարելի է հայտարարել, կարելի է նույնիսկ իմանալ, թե որտեղ է հետախուզվողը, իսկ ահա հետո կարող է և չստացվել։ Ամեն դեպքում ավելի լավ է մեծախոստում հայտարարություններ չանել, որոնք ակնթարթորեն կհերքվեն։ Ուղղակի կատարիր քո գործը` ոչ մի բան չազդարարելով և կոնկրետ արդյունքներ չներկայացնելով։

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ոստիկանությանը պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ. դա կարևոր կառույց է պետության գործունեության ընթացքում։

Եվ, կրկին օգտվելով առիթից, ուզում եմ հիշեցնել, որ երկու շաբաթ է անցել «Եռաբլուր» պանթեոնում ավտոմեքենաների նենգ կողոպուտից։

Այդ երկու շաբաթում հարցաքննվե՞լ են արդյոք այդ օրը հերթապահած ոստիկանները։ Իրավապահ մարմինները գոնե մոտավորապես պատկերացում ունե՞ն, թե ով կարող էր դա անել, ո՞ւմ պետք է որոնել։

Ըստ թեմայի

«Հակա»-ների ցուցակին իշխանական արձագանք չկա, իսկ «ասֆալտագրությանը» ջղային են նայում
Ասողին լսող է պետք. իշխանության վարքում ինչե՞րն են մտահոգում քաղաքագետներին
«Քաղաքացու օրվա» առթիվ Գյումրիում 500 հազար դրամ «օդ կնետեն»
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ