07:59 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Мардакертский район, Карабах, 1992 год

Հայկը, ադրբեջանցի գերին և հուշ մնացած մանաթը. ինչպես հայ դիպուկահարը հերոս դարձավ գյուղում

© Sputnik / Р. Мангасарян
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Մարիաննա Փայտյան
88530

Պատերազմը չի ավարտվել, զինադադար է․․․ Անգամ հարաբերական խաղաղության օրերին հայ-ադրբեջանական սահմանին պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրած յուրաքանչյուր զինվոր տուն է վերադառնում չավարտված պատերազմի ու զինադադարի մասին իրականության գիտակցումով: Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացնում է 20 տարի առաջ Նախիջևանի սահմանին տեղի ունեցած մի պատմություն:

Հայկ Ծատուրյանը մտովի 20 տարի հետ է գնում ու խոստովանում, որ ծառայության սկիզբը բավականին դժվար էր: Հայկը բանակ զորակոչվեց 1999 թվականին: Այդ տարիների զինվորական ծառայությունն ու պայմաններն այսօրվա հետ չես համեմատի:

«Երբ փորձում եմ համեմատել ծառայությանս սկիզբն ու վերջը, տեսնում եմ, որ էական տարբերություններ կան. անգամ կերակուրները, սպայական անձնակազմը, մարդկանց մտածելակերպը: Այն ժամանակ, օրինակ, ավելին կպչելը «թեմա էր», յուղը մաստիկայի նման էր, բորշչը չորս մասի բաժանված կաղամբից մի բան էր, հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց ու լավացավ»: Ծառայության որակի ու պայմանների փոփոխությունը Հայկը պատկերավոր կերպով գունավոր հեռուստատեսության ստեղծման հետ է համեմատում՝ պատկերները սև ու սպիտակ էին, մեկ էլ մի օր դրանք գունավոր դարձան:

Հայկը ծառայել է Վայքում, Նախիջևանի սահմանին մոտ․ դիպուկահար էր: Անկեղծորեն խոստովանում է, որ սկզբում սահմանն ու հակառակորդի կողմից հնարավոր վտանգն այնքան էլ զգալի չէին, որովհետև հայկական ու ադրբեջանական դիրքերի մեջտեղում բարձր սար էր, մեկմեկու չէին տեսնում, պարզապես գիտեին, որ այն սարի հետևում ինչ-որ մի տեղ հակառակորդն է: Անկեղծանում է, որ սահման պահելու պատասխանատվությունն ու հնարավոր վտանգը լիովին չպատկերացնելու պատճառով դիրքերում զգոն չէին․ ամառ էր, շոգ, անելիք չկար, պառկում ու հանգիստ քնում էին: Հերթական հանգիստ քունը խաթարվեց մեքենայի շարժիչի ձայնից ու գոռգոռոցով, արթնացան, տեսան՝ գնդի հրամանատարն է եկել: Պարզվեց, որ մոտակա գյուղի անասուններին գյուղացիները սար են տարել, ադրբեջանցիները գողացել են, գնդի հրամանատարն էլ եկել է ստուգման ու տեսել, որ սահման պահող զինվորը քնած է: «Շատ ջղայնացավ․ այն ժամանակ ծեծը դեռ կար, հերթով բոլորին ծեծեց․ ճիշտն ասած, ինձ հաջողվեց խուսափել ծեծից, ես ավելի ճարպիկ էի: Հրամանատարը ծեծով չբավարարվեց, ասաց․

«Դիմացի սարը տեսնու՞մ եք, մինչև իջնեմ գյուղ, հետ գամ, ձեր դիրքն այնտեղ տեղափոխած լինեք»:

Դե հրաման էր, պիտի անեինք»:

Պատմելուն զուգահեռ Հայկը մտովի տեղափոխվում է 99 թվական, հիշում, թե ինչ դժվարությամբ սարը բարձրացան՝ «հոգիները դուրս գալով»: Լեռն այնքան բարձր էր, որ վերևում ձյուն էր դրած․

«Որդնած ձյունը գիտե՞ք ինչ է․ ձյունը, որ երկար մնում է, ոնց որ որդնած լինի, այ հենց այդպիսի ձյուն էր»:

Հրամանը կատարեցին, բարձրացան, վերևում խրամատ փորեցին, խոտ լցրեցին, որ գոնե նվազագույն հարմարություններ ունենան, որովհետև երբ արևը մայր էր մտնում, բարձունքում սարսափելի ցուրտ էր: Լեռան վրա շատ բան փոխվեց․ արդեն հակառակորդն «այնտեղ, ինչ-որ մի տեղ» չէր, բաժանարար լեռ չկար, երևում էին նրանց գյուղերը, զինվորների շարժը: Հայկը հիշում է, որ մեկ ուղղությամբ դասավորված, հողի մեջ խրված երկաթե կտորներ կային՝ վրաները մուրճ ու մանգաղ. ենթադրում է, որ խորհրդային տարիներին սահմանը հենց այդտեղով էին անցկացրել: Դեմ առ դեմ լինելը զինվորներին ավելի զգոն դարձրեց, արդեն քնում էին հերթով, միշտ մեկը հսկում էր:

«Ես դիպուկահար էի, սիրում էի արևածագին հերթապահել, որովհետև օպտիկայով հետաքրքիր էր հետևել, թե ինչ է կատարվում»,- պատմում է Հայկն ու հիշում, թե ինչպես մի անգամ էլ օպտիկայով նկատեց իրենց ուղղությամբ եկող հակառակորդի զինվորին:

«Միանգամից կապ տվեցի վաշտի հրամանատարին, մյուսներին չարթնացրի: Զինվորը եկավ, հասավ դիտակետին, որի հետևում ես էի: Դե ինչպես ֆիլմերում, զենքը պահեցի վրան՝ «стой, стрелять буду»: Դրանից հետո վաշտի հրամանատարն ինձ ասաց, որ մի բան բերեմ, ձեռքերը կապեմ: Սարի գլխին նոր էինք մեր դիրքը դրել, դեռ բոլոր հարմարությունները չկային, չգիտեի, թե ինչով կապել: Տեսա տապիկը (կապի միջոց), քանի որ այլ բան չկարողացա գտնել, պոկեցի տապիկի լարն ու բերեցի, դրանով կապկպեցի ձեռքեր»: Առավոտյան գերուն փոխանցեցին գնդի տղաներին ու շարունակեցին սովորական հերթափոխը: Անմիջապես հաջորդ օրը տեսան, որ արդեն հակառակորդի կողմից կրկին շարժ կա․ այս անգամ արդեն երեք հոգով են: Հրամանատարը պատվիրեց օդ կրակել, որպեսզի թողնեն, գնան:

«Կրակեցինք, բայց ի՞նչ գնալ․․․ Սկսեցին հարձակվել, կրակել մեր ուղղությամբ: Ես ժայռանման քարի հետևում էի, կրակոցից ժայռից մի կտոր փշրվեց, լցվեց աչքիս մեջ, միանգամից տեղս փոխեցի, որովհետև սովորել էի, որ երբ դիպուկահարի տեղը հայտնաբերում են, այն պետք է փոխել: Նոր դիրքից կրակեցի քարի հետևում թաքնված մեկի ուղղությամբ, կպավ քարին ու ընկավ խոտերի մեջ: Ամառ էր, խոտը չորացած էր, իսկ իմ կրակած փամփուշտը լուսածրային էր, կրակ բռնկվեց»:

Բարեբախտաբար քամին հակառակորդի ուղղությամբ էր փչում, այնպես որ կրակն արագ տարածվեց, ադրբեջանցիները փախան ու էլ հետ չեկան:

Պատմության վերջում Հայկն ավելի մտածկոտ է սկսում խոսել, աչքերի առաջ ֆիլմի նման կրկնվում են 99-ի այդ իրադարձությունները: Հիշում է, թե ինչ զգաց, երբ նշան բռնեց իր ուղղությամբ կրակող հակառակորդի վրա․ նա ուսումնական մարզանքների ժամանակ օգտագործվող մարդակերպ թղթե թիրախ չէր, մարդ էր, հակառակորդ, թշնամի, բայց մարդ:

«Ես մի բան գիտեմ՝ պատերազմին մասնակցած յուրաքանչյուրը հերոս է, որովհետև լսել, պատմել, կարդալ, թե ինչ է նշանակում կռիվ, կրակել մարդու ուղղությամբ կամ երբ քեզ վրա են կրակում, դա լրիվ ուրիշ բան է, այդ ամենի միջով անցնելը՝ լրիվ ուրիշ բան: Դրա համար ես վստահ եմ, որ պատերազմով անցած, կռված յուրաքանչյուրը մեզանից առավել է, մենք իրեն այլ կերպ պիտի վերաբերվենք, օրինակ` եթե ես հերթում կանգնած լինեմ, ինձնից հետո նա, ես իրեն իմ հերթը պիտի զիջեմ, ես պարտավոր եմ դա անել»:

Ամեն մեկը սահմանից գալիս է «հայրենիքը սահմանից է սկսվում» վստահությամբ ու իր բաժին հայրենիքը պաշտպանելու իր պատմությամբ:

Հ․Գ. Հայկը պատմում է, որ գերի վերցրած զինվորին ավելի ուշ տարան Երասխի սահման ու փոխանակեցին ադրբեջանցիների տարած անասունների հետ: «Դրանից հետո ես հերոս էի դարձել գյուղում: Իմ գերի վերցրած ադրբեջանցու գրպաններից նոթատետրի և տարբեր մանր-մունր բաների հետ մի քանի թղթադրամ էինք հանել, տղաներից մեկը նկարիչ էր, փողի վրա ամսաթիվը գրեց»: Ադրբեջանական մանաթներից մեկը Հայկը իրեն պահեց՝ որպես գերուց և իր բաժին չավարտված պատերազմից մնացած միակ հուշ:

Изъятый у азербайджанского пленного трофей Айка
© Photo : provided by Hayk Tsaturyan
Ադրբեջանական մանաթը

Գլխավոր թեմաներ