08:32 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
8510

Անգլիական «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» գերկամային որակների շնորհիվ հասան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ մեկը մյուսից ֆանտաստիկ հաղթանակներ տանելով կիսաեզրափակիչում:

Երեքշաբթի և չորեքշաբթի ֆուտբոլային Եվրոպայի ուշադրությունը սևեռվել էր Լիվերպուլի «Էնֆիլդ» և Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտերի վրա: Ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում մինչև եզրափակիչ մնացել էր անցկացնել երկու խաղ, որում ֆավորիտ էին համարվում «Բարսելոնան», որը առաջին խաղում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին», և «Այաքսը», որը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով առավելության էր հասել «Տոտենհեմի» նկատմամբ:

Պատասխան խաղերի ավարտից հետո «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը նշեց. «Իմ կյանքում ես շատ խաղեր եմ դիտել, բայց այսպիսի խաղ չեմ հիշում: Անհավանական էր հաղթել «Բարսելոնային», բայց բացառված չէր, ինչն էլ եղավ»: Իր հերթին, «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արցունքն աչքերին ասաց. «Իմ ֆուտբոլիստները հերոս են, իսկ Լուկաս Մոուրան սուպեր հերոս»: Պարզ է, որ այս մարզիչների թիմերը հասան իրենց նպատակին՝ խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Կիսաեզրափակիչի առաջին խաղերից հետո երևի միայն անգլիացի երկրպագուները, այն էլ՝ ամենից նվիրյալ ու անվերապահ հավատով տոգորվածները, ու անգլիական թիմերի ֆուտբոլիստներն էին հավատում իրենց վերջանական հաղթանակին: Դա իհարկե հրաշք կլիներ, բայց չմոռանանք, որ երազանքներն իրականանալու սովորություն ունեն, ու հրաշքը կայացավ:

«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» նախ և առաջ միմյանց նմանվեցին գերկամային որակներով, հաղթանակի մեծ ցանկությամբ ու անմնացորդ նվիրվածությամբ: Ո՞վ կենթադրեր, որ «Էնֆիլդում», այն էլ՝ առանց Սալահի ու Ֆիրմինոյի, «Լիվերպուլը» կարող է չորս գնդակ անցկացնել «Բարսելոնայի» դարպասը և սեփականն անառիկ պահել, ո՞վ կասեր, որ առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելիս ու արդեն ընդհանուր 0:3 հաշվով «Այաքսին» զիջելու պարագայում «Տոտենհեմը» վերջնարդյունքում կհաղթի: Ով էլ, որ ասեր նրան մեղմ ասած չէին հավատա, մի հատ էլ կասեին, թե այս ի՞նչ ես ասում, գնա՝ թենիսի մրցումներ նայի:

Բայց մարդկային երևակայությունը, որն անսահման է, այս անգամ դրսևորվեց նաև գործնականում: Նորին մեծություն ֆուտբոլը խաղ է, որը մարդկանց ուղղակի կարող է էյֆորիայի մեջ գցել ու այդ վիճակում պահել երկար, առնվազն 90 րոպե, չհաշված մրցավարի ավելացրած ժամանակը:

Երբ հետևում ես անգլիական թիմերի երկրպագուներին, անմիջապես հասկանում ես, որ նրանցից յուրաքանչյուրն իր թիմի հաղթանակը սեփականն է համարում ու ապրում միլիոնների խաղով:

Կարծում եմ, որ «Տոտենհեմի» came back-ը ավելի դրամատիկ ստացվեց: Մաուրիսիո Պոչետինոն մրցավարի «ամփոփիչ» սուլիչից հետո արտասվում ու ծիծաղում էր՝ միաժամանակ: Իր մազերն էր քաշում ու, գլուխը ձեռքերի մեջ առած, կատարվածին չէր պատրաստվում հավատալ: Մեկ բառով՝ ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅՈՒՆ:

Երբ «Այաքսն» ու «Տոտենհեմը» գնացին ընդմիջման, ոչ ոք չէր կասկածում, որ հրաշալի «Այաքսն» արդեն եզրափակիչում է: Բայց պարզվեց, որ կա նաև գեր հրաշալի «Տոտենհեմը»: Բրավո՜:

Քառասուն հազարից ավելի երկրպագուներ խաղից առաջ ու ամբողջ հանդիպման ընթացքում իրենց երգով, վանկարկումներով ու անսպառ աջակցությամբ ուղղորդեցին անգլիական մյուս թիմին՝ «Լիվերպուլին» դեպի սխրանք, որը մտավ պատմության մեջ: 11 ֆուտբոլիստներ երջանկության անկրկնելի պահեր ապահովեցին միլիոնների: Այ թե ի՛նչ է ֆուտբոլը: Այ թե ի՛նչ է կամքը, այ թե ի՛նչ է անգլիական թիմերի հաղթանակը կիսաեզրափակիչում:

Երկար կարելի է գրել ու խոսել «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» հաղթանակների մասին: Փաստն այն է, որ Չեմպիոնների լիգայում կրկնվում է 2008 թվականի եզրափակիչի պատկերը: Գլխավոր տիտղոսը վիճարկելու են անգլիական երկու թիմեր, միայն թե այս դեպքում «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարեն խաղադաշտ դուրս կգան «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:

P.S. Իսկ պատկերացնում եք, թե ինչ կլինի այսօր՝ մայիսի 9-ին, Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղերից հետո, եթե եզրափակիչ դուրս գան իրոք ֆավորիտ համարվող «Արսենալն» ու «Չելսին»: Պատմության մեջ աննախադեպ արդյունք կգրանցվի: Կունենանք Եվրոպայի մակարդակով երկու եզրափակիչ՝ միայն անգլիական թիմերի մասնակցությամբ: Եվրոպայի գավաթային մրցաշարերի եզրափակիչ ակորդը գերազանցապես անգլիական առոգանությամբ կարող է հնչել:

Գլխավոր թեմաներ