07:15 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Հայրենական պատերազմի մասնակիցներ

Կրակոցներ քոչարու տակ և հարբած հերոսներ. երբ թոռները ստիպում են պապին հիշել մանկությունը

© Sputnik / А. Экекян
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Սերգեյ Բաբլումյան
176 0 0

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշել է, թե ինչպես է առաջին անգամ Երևանում տոնել մայիսի 9-ը։ Հայրենական մեծ պատերազմի վետերան–հարևանների հետ ջերմ խնջույքը մինչև այսօր էլ ավելի լավ է հիշում, քան շքերթներն ու հրավառությունները։

Դպրոցահասակ թոռնիկներիս տնային առաջադրանք էին տվել. Հաղթանակի օրվա կապակցությամբ բերել Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռված տատիկների և պապիկների լուսանկարները։ Տատիկ–պապիկների հարցում չէր ստացվի, ստիպված էինք փնտրել ավելի ավագ սերնդին` ապուպապերին ու ապուտատերին։ Այսօր շատ քիչ ընտանիքներ կան, որոնք այդ պատերազմի մասնակից անդամներ ունեն, իսկ նրանց երեխաները թեև պատերազմ տեսել են, բայց ուրիշ։ Միևնույն ժամանակ նաև այլ խնդիր առաջացավ։

Այսօր ընտանեկան ալբոմներ չեն պահում, հեռավոր անցյալի լուսանկարները, գունաթափ, կողքից ծալված, ճաքած, փնտրում են տոպրակներում կամ տուփերում, բայց գտնում են միայն այն դեպքում, եթե գիտեն, թե ինչը որտեղ է դրված։

Լուսանկարչական ժամանակակից տեխնոլոգիաները հեշտությամբ լուծել են խնդիրը. Ցանկացած թվային սարք իր հիշողությունն ունի, հաճախ անտակ, և այս առումով սովորական մարդկային հիշողությունները, որոնք հավերժացել են գունաթափ սև ու սպիտակ լուսանկարներում, ձեռքերը պարզում են ու հանձնվում։ Այսօր կարող ես մատով սեղմել սմարթֆոնին,և ձեր դիմաց կհայտնվի լուսանկարների անծայրածիր օվկիանոսը։

Այդուհանդերձ, ես երեք լուսանկար գտա ռազմաճակատից։ Հայրս` դեռ տակավին երիտասարդ, մայորի ուսադիրներով, գունաթափ հագուստով, գլխարկով, գոտու ճարմանդին` աստղ, երկարաճիտ կոշիկներով։ Կողքին` ոչ կովկասցի 6 մարտիկ (Թամանյան դիվիզիա), դաշտում` փոքր բեռնատար` դուրս գցած կողերով, թափքում` գնդացիր, կողքին` երկու ձի։

Եվս մեկ լուսանկար զարմուհիս ուղարկեց Երևանից, ստացվեց 6, բայց դպրոց էր պետք տանել մեկը։ Ընտրելու իրավունքը տվեցի թոռնիկներիս. ձիավարության դասընթացների հաճախող աղջիկներն ընտրեցին ձիերով լուսանկարը...

...Ժամանակը ոչ միայն ջնջում է այն, ինչ եղել է, այլև շուռ տված հեռադիտակի նման փոխում է հեռանկարը։ Այսօր Ստալինգրադը կամ Կուրսկի աղեղը թոռներիս համար նույնն է, ինչ իմ մանկության համար Բորոդինոն կամ Սառցամարտը։

Պատմության փաստ, ոչ մի անձնական բան։ Միևնույն ժամանակ, անձնական` գրեթե յուրաքանչյուր հայի համար։ Որովհետև պատերազմ էին գնացել ավելի քան 600 հազար հայ, իսկ գրեթե կեսը տուն չէին վերադարձել։

Հաղթանակած մարտիկների թիվն օրեցօր պակասում է, ու հեռու  չէ այն ժամը, երբ արդեն պատերազմի տարիների երեխաների թիվն էլ հաշված կդառնա։

Յուրաքանչյուրը հիշում է իր Հաղթանակի օրը յուրովի, հիշում եմ նաև ես։

Մայիսի 9, կեսօր, բակ։ Թթենու տակ փայտե սեղան է գցած, ժողովուրդն արդեն աղմկում է։ Հատկանշական մանրուք. այն ժամանակ կոնյակ ավելի շատ էին խմում, քան օղի, բայց քանի որ շատ էին խմում, հարբում էին այնպես, ասես օղի խմած լինեին։

Ովքե՞ր էին սեղանի շուրջ։ Նշում եմ նրանց, ում հիշում եմ. Գուրգեն հորեղբայրը` ԿԿ–ի դեմքերից մեկի միաչքանի վարորդը, որին աշխատանքի էին վերցրել այդ մարդու հովանավորությամբ` նույնպես պատերազմի մասնակից։ Քեռի Արտաշը` շրջանային պոլիկլինիկայի բժիշկ, ոչ վաղուցվա զինվորական բժիշկ, հորեղբայր Կոլյան` նախկին հրետանավոր, որը հաճախ էր գալիս տեսակցելու քրոջը, հորաքույր Մանյան` «Երևան» ռեստորանի մատուցողուհի, ռազմաճակատային անցյալում կապավոր, Վարդան հորեղբայրը` ոտքեր չունեցող հաշմանդամ, ռազմաճակատային հետախույզ։ Բոլորը շքանշանակիրներ և մեդալակիրներ։

Ամենաշատ պարգևներն ունի Վարդան հորեղբայրը, բայց դա, ըստ երևույթին, այդպես էր թվում այն պատճառով, որ նրա մարմնի ներքևի հատվածը չկար, իսկ այն, ինչ կար, ամբողջությամբ պատված էր պարգևներով, որոնց վրա շողշողում էր Խորհրդային Միության հերոսի աստղը։

Վարդան հորեղբայրը մենակ էր ապրում, շատ էր խմում, և եթե չլիներ հորաքույր Մանյան` հարևանուհին, որը թույլ չէր տալիս, որ նա խմի, ապա իսկական հարբեցող կդառնար։ Նման դեպքերում Մանյան լուռ հանում էր անվասայլակից, գրկում, պառկեցնում մահճակալին և կողպում դուռը։ Օգնում էր։

Մայիսի 9-ին Վարդան հորեղբայրն արդեն առավոտից գինովցած էր։ Դա կռահում էինք նաև մենք` երեխաներս, նրա անհասկանալի հայհոյանքներից. ինչպես հետագայում պարզվեց, ռազմաճակատային հետախույզը գերմաներեն վատ էր խոսում, բայց խոսում էր խրոխտությամբ։

Սեղանի շուրջ հավաքված մարդիկ ինչ–որ բան էին պատմում, ժամանակ առ ժամանակ ոտքի կանգնում, բաժակները զարկում և մինչև վերջ խմում։ Հետո միմյանց ընդհատելով` նորից էին խոսում, նորից էին ոտքի կանգնում և նորից խմում։ Երբ բոլորը կանգնեցին, իսկ Վարդան հորեղբայրը չէր կարող, տեղը–տեղին կոնծած հերոսը սկսեց հայհոյել (հարազատ հայերենով) և բռունցքը խփեց սեղանին։ Գործը հասավ նրան, որ Մանյա հորաքույրը լուռ կանգնեց ու նախկին հետախույզին տարավ տուն։

Տոնական կերուխումը շարունակվեց։ Ավելի ուշ Արտաշ քեռին բղավեց. «Բե˜ր»։ Կինը բերեց պատեֆոնը։ Հնչեց երաժշտությունը, քոչարու ժամն եկավ։ Հետո նորից. «Բե˜ր»։ Այս անգամ կինը բարձերեսի մեջ փաթաթած ինչ–որ բան բերեց։ Նախկին զինվորական բժիշկը միջից հանեց ավար բերած «պարաբելլումը» և ամբողջ պահունակը դատարկեց օդում` հրճվանք պատճառելով մեզ։

Մանկական ամուր հիշողությանս մեջ այսպես դրոշմվեց Երևանում անցկացրած իմ առաջին Հաղթանակի օրը։ Հետո բազմաթիվ նման օրեր եղան` զորահանդեսներով, հրավառություններով, ողջ մնացածներին մեծարելով, զոհվածերին հիշատակելով, հանդիսավոր նիստերով, որտեղ սեղանի շուրջ գեներալներ ու մարշալներ էին նստած, բայց Երևանի բակը` խորդուբորդ  սեղանով, պատերազմի շարքային հերոսներով, որոնք պարզապես հարևաններ էին, հիշում եմ մինչև այսօր։

Կարո՞ղ եմ արդյոք զգացողություններս թոռներիս փոխանցել։ Կասկածում եմ։ Կան իրադարձություններ, որոնք պետք է ինքդ վերապրես։ Արդյո՞ք հաղթանակած մարտիկների ծոռները պետք է հիշեն մայիսի 9-ը։ Անպայման։ Պատմությունը անիվների վրա դրված պայուսակ չէ, որը կարելի է վերցնել ու տանել։

Իսկ ի՞նչ է պետք անել, որ չմոռացվի։

Նախ` ամեն տարի դուրս գալ և մասնակցել «Անմահ գունդ» ակցիային, որը Երևանում անցկացվեց նաև այս տարի։ Որքան ավելի շատ երիտասարդներ և պատանիներ են մասնակցում նման ակցիաներին, այդքան ավելի երկար կհիշվի մայիսի 9-ը։ Բացի այդ նաև Բեռլինում ռեյխսթագի գրավումը և Շուշիի ազատագրումը հանդիպեցին միմյանց օրացույցի նույն էջին, և դա հայերի համար կրկնակի տոն է։

Իսկ Մոսկվայում այլ կերպ վարվեցին, որոշեցին օգնել պահպանելու այն տարիների մասունքների բնօրինակները` մայրաքաղաքի գլխավոր արխիվային վարչությանը փոխանցելով Հայրենական մեծ պատերազմի հետ առնչվող նյութերը (ռազմաճակատային օրագրեր, լուսանկարներ, բացիկներ, լրագրերի էջեր)։ Բայց այնպես չէր, որ իրենցից պոկեցին, տվեցին։ Պատճենը կանեն, բնօրինակները կվերադարձնեն տերերին։ Ինչո՞ւ մենք էլ այդպես չանենք։

Հ.Գ. Պրիմակովի անվան գիմնազիայից էլեկտրոնային նամակ է եղել։ Մայիսի 9-ին հորս`երեխաներիս պապի և թոռնիկներիս ապուպապի լուսանկարը տեղադրվել էր պատերազմի մասնակիցների ցուցատախտակի վրա։ Թոռնուհիներիս դուր եկավ։

Ըստ թեմայի

Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք
Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում
«Անմահ գնդի» երթը Երևանում. ՀՀ նախագահի ձեռքերում լեգենդար հետախույզի դիմանկարն է
«Ծնկի եմ գալիս, հպարտանում ու հիշում եմ». Մեծ Հայրենականի մասին Սիմոնյանի գրառումը
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ԽՍՀՄ, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ