00:59 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Վարդգես Գասպարին Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ

Դատես, թե չդատես, պիտի դատվե՞ս… «հակառակ կողմից» գալու փաշինյանական մոտեցումը

© Sputnik / Hayk Petrosyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
21020

Դատական համակարգի շուրջ այս օրերին ծավալված «դրաման», վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջափակման կոչն ու հաջորդած հայտարարությունները, միանշանակ ու աներկբա, բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս, նաև՝ այլ կարգի հարցերի պատճառ կարող են դառնալ:

Երկուշաբթի, մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից Հայաստանի անխտիր բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու վերաբերյալ գործադիր իշխանության ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառում-կոչը անցած կիրակին վերածեց աշխատանքայինի, հանգստյան օրը՝ անհանգստյան օրվա:

Ասել, թե դա աղմկահարույց հայտարարություն և կոչ էր, կնշանակի՝ ոչինչ չասել: Կատա՞կ բան է. գործադիր իշխանության ղեկավարը փաստացի կոչ արեց, որ իր կողմնակիցները խափանեն երկրի դատական իշխանության աշխատանքը, շրջափակեն բոլոր դատարանների շենքերը, չթողնեն որևէ դատավոր ելումուտ անի, մինչև կեսօրին ինքը ուղիղ եթերով հանդես գա:

Բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկան համապատասխան հայտարարություններով, մեղմ ասած՝ նշելով, թե նման քայլը ինչ հետևանքներ կարող է ունենալ, որ դա սահմանադրական կարգի տապալման փորձ կարող է մեկնաբանվել և այլն:

Առաջին արձագանքողների մի մասն այն տպավորությունն էր ստացել, թե «դատարանների շրջափակումը» հախուռի կամ բռնկուն մի քայլ էր՝ պայմանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը (կալանքը) անձնական երաշխավորությամբ ազատելու վերջին հայտնի դատական որոշմամբ:

Արտաքուստ կարող է նման տպավորություն լինել: Բայց տեղի ունեցածը ոչ թե հախուռն պոռթկում էր, այլ ծրագրված, ըստ քայլերի սցենարավորած  գործողություն:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելն ընդամենը պատրվակ էր, և դա ամենևին բարդ չէ հիմնավորել:

Ինչ վերաբերում է «դատարանների շրջափակում» գործողությանը, ապա հիմնական տպավորությունն այն է, որ դա իսկապես էլ նախապես ծրագրված քայլերի հերթականություն է: Պատահական չէր, որ շրջափակման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ուղիղ եթեր կմտնի մայիսի 20-ի ժամը 12:00-ին: Հենց այդ ժամին էլ, ինչպես պարզվեց Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրությունից, վարչապետը հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ դատական համակարգի վերաբերյալ հարցերով:

Հատկանշական է, որ այդ քննարկման մասին նրա «մոբիլիզացիոն» կոչի մեջ ոչինչ ասված չէր: Թվում է, թե ինչ խնդիր կա. եթե հարցեր են կուտակվել, վարչապետն էլ քննարկում է հրավիրել, թող հավաքվեն, խելք-խելքի տան, քննարկեն: Կարի՞ք կար տրամադրությունները սրելու, հասարակական-քաղաքական մթնոլորտը լարելու և ապակայունացման լուրջ առիթ տվող հայտարարություններ անել:

Միակ տրամաբանական բացատրությունը, թերևս, կարող լինել այն, որ տվյալ քննարկմանը զուգահեռ, կամ այդ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած թեզերն առանց դիտողությունների, ինչպես սիրում է ասել՝ միանշանակ ու աներկբա ընդունելու համար պետք էր ցույց տալ դատարանների դեմ «համաժողովրդական պոռթկում»: Ուժ ցույց տալ, ակնարկել, թե՝ դատես, չդատես, պիտի դատվես կամ նման մի բան:

Ենթադրելի է, որ գործողության զուգահեռ նպատակներից մեկը «անցումային արդարադատության» անցնելու, Հայաստանում դատական իշխանության ճյուղը, այսպես ասենք՝ կտրելու և դրա վրա նոր, գործադիր իշխանությանը գուցե ավելի հաճելի ու հնազանդ ճյուղ պատվաստելու կամ ընդհանրապես մի նոր ծառ տնկելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը հիմնավորելն էր, դրա հուզական ֆոնն ու «հանրությունը ալեկոծվում է» պատկերներն ապահովելը: 

Կոնկրետ «համաժողովրդական աջակցություն» գործողությունը արտաքուստ կարելի է համարել տապալված, քանի որ մոտ 30 դատարանների նստավայրերի մոտ հավաքվածների ընդհանուր քանակը չէր հասնում նույնիսկ մի քանի հազարի: Հավաքվածների մեջ էին ԱԺ մեծամասնության՝ «Իմ քայլի» պատգամավորներ, մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, «Իմ քայլի» ակտիվ համակիրներ: Ստացվեց, որ օրենսդիր իշխանությունն էլ ներգրավվեց դատական իշխանության դեմ ուղղված գործողության մեջ, դրանից բխող հետևություններով ու հետևանքներով:

Ընթացքում արձանագրվեց առնվազն մեկ տեսագրված դեպք, երբ դատարանի շենք պատուհանից ներս մտնել փորձող դատավորի նկատմամբ գործադիր իշխանության կողմնակիցները ֆիզիկական բռնի ուժ գործադրեցին, կոպտորեն հրեցին նրան, իսկ ոստիկանությունը, ըստ էության, անհաղորդ մնաց օրենքի զանգվածային խախտումներին, թույլ տվեց անպատիժ կերպով խախտել հասարակական կարգը, չապահովեց դատական իշխանության բնականոն գործունեության ընթացքը:

Էական է այն , որ դատարանների շուրջ լարված իրավիճակը ստեղծվել էր վարչապետի կոչով և իր կոչով էլ վերացվեց: Ինչպես էլ դիտարկես, ստացվում է պետության գործադիր իշխանության ճնշող քայլ՝ դատական իշխանության դեմ, ինչը ինքնին աննախադեպ մի բան է:

Ու այդ ցավալի հանգամանքը մեր պետությանը, կարելի է չկասկածել, տարբեր միջազգային կառույցներում դեռ տարբեր «ոխերիմ բարեկամներ» հիշեցնելու են:

Ամեն դեպքում, այդ ակցիայի ֆոնի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր գլխավորած իշխանության պահանջներն ու ակնկալիքները՝ դատական համակարգի ու դատավորների վերաբերյալ:

Բայց հարցեր չեն կարող չծագել: Նշենք մեկ-երկուսը: Վարչապետը, օրինակ, ասում է, թե «Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում եւ իրագործվում ժողովրդի դեմ: Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է»:

Հարցն այն է, թե անցած մեկ տարում կամ թեկուզ վերջին 4-5 ամիսներին քանի՞ դատավոր է բռնվել կոռուպցիոն «մնացուկության» համար, քանիսի՞ն է մեղադրանք ներկայացվել, քանիսի՞ դեպքում կան առարկայական միանշանակ ու աներկբա ապացույցներ, որ կատարում է «կոռումպացված համակարգի» հրահանգները:

Իսկ չէ՞ որ վարչապետը մեր երկրում ունի բացարձակ, եթե ոչ անսահմանափակ իշխանություն, ավելին՝ վարչապետի անմիջական ենթակայության տակ են հատուկ ծառայությունները (ԱԱԾ-ն), ուժային և իրավապահ մարմինները: Քննչական մարմինները առերևույթ անկախ են, բայց իրականում, հասկանալի է, ենթարկվում են գործադիր իշխանության ղեկավարին:

Այս բոլոր կառույցներով հանդերձ, քանի՞ կաշառակեր կամ կոռուպցիոն-կամակատար դատավոր է մերկացվել, բացահայտվել, ենթարկվել օրենքով սահմանված քրեական հետապնդման:

Լավ, ենթադրենք, հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանը գտնում են, որ պետք է եղած դատական համակարգը կամ դատավորական կազմը ցրել, դրա փոխարեն ձևավորել նորը, ավելի վստահելի, անկախ, լեգիտիմ, ժողովրդական: Միգուցե նաև՝ գործադիր իշխանության լիարժեք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ, այլապես նրանց գլխին այնպիսի շրջափակում կբերեն, որ այսօրվանը մանկան թոթովանք կթվա:

Տրամաբանությունը հուշում է, որ դրա համար նախ պետք է գործող Սահմանադրության 7-րդ՝ «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» գլուխը վերանայվի (եթե պետք լինի՝ հանրաքվեով), փոխկապակցված օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի (օրենքներ, որոշումներ) լրացումներ և փոփոխություններ արվեն, ապա դատավորական կազմի «մաքրում» կատարվի կամ ընդհանրապես նոր, «ժողովրդական ատենակալների» կազմ հավաքվի, ներմուծվի այդքան բաղձալի ու համաբալասան ներկայացվող «անցումային արդարադատությունը» (այն ավելի շատ «հեղափոխական տրիբունալների» ասոցիացիա է հարուցում):

Բայց կարծես ընտրվել է «հակառակ կողմից» գալու մոտեցում: Ու ստացվում է, նախ՝ ճնշում դատարանների ու դատավորների վրա, դատական իշխանության աշխատանքի ցուցադրական արգելափակում, դատավորներին «ինքնամաքրվելու» կամ թողել-հեռանալու հորդոր, որոշակի դատավորների ազատում, հետո նոր՝ օրենսդրական փոփոխություններ, զուգահեռաբար՝ «անցումայինի» ներդրում և, վերջում, եթե պետք լինի՝ սահմանադրական փոփոխություններ, հանրաքվե:   

Ի դեպ, «անցումայինի» մասին: Վարչապետը շարունակ շեշտում է, որ միջազգային կառույցների, միջազգային փորձագետների հետ քննարկումներ են եղել, նրանք մեր երկրին կօգնեն այդ գործում և այլն: Բայց ի՞նչ կարծիք ունեն այդ «անցումային արդարադատության» վերաբերյալ Հայաստանի իրավաբանները, իրավունքի մասնագետ գիտնական-փորձագետները, փաստաբանները, քանի՞ լուրջ ու համակողմանի, մասնագիտական քննարկում է եղել տեղացի իրավաբան-իրավագետների հետ, առանձին արձագանքները չհաշված:

Ի՞նչ մոտեցումներ ու ձևակերպված բանաձևեր ունի ՀՀ իրավաբան-իրավագետների հանրակցությունը:

Եվ սրանք դեռ ամենից «անշառ» հարցերն են: Բայց ընդհանուր զգացողությունն այն է, որ այդ դատական աղի «շիլայի» դառնահամ հատվածները դեռ երկար ենք համտեսելու, ըստ որում՝ բոլորով, անկախ քաղաքական հայացքներից կամ կրոնական պատկերացումներից:

Ըստ թեմայի

Փաշինյանն օգնեց Քոչարյանի պաշտպաններին` ՄԻԵԴ ներկայացրած գանգատը հիմնավորելու
Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Զոհրաբյան
Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն
Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան
Շահնազարյան․ «Վարչապետը տապալում է սահմանադրական կարգը»
Կաթողիկոսը հանդարտության և ազգային միասնության կոչ է հղել
«Լուսավոր Հայաստանը» ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել. անհրաժեշտ է 33 ստորագրություն
Գլխավոր դատախազը խոստանում է ընթացք տալ դատարանների մասին ահազանգերին
Բոզոյան․ «Ունենք պետականության անվտանգության լրջագույն խնդիր »
Այվազյան․ «Դատարանի աշխատանքը խոչընդոտելը կնշանակի հուղարկավորել Սահմանադրությունը»
թեգերը:
Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ