03:28 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ղարաքիլիսայի ճակատամարտ

Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը

CC BY-SA 3.0 / Unknown / Armenian volunteer units
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
192470

Մայիսի 28-ը մեր տոնն է: Պաշտոնական տոնացույցում այն մի տեսակ անբովանդակ է նշված՝ «Հանրապետության օր»: Բայց, առանց այդ ձևակերպման էլ, գիտենք՝ 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։ Պատմական հայրենիքի մի փոքր մասի, եթե ոչ՝ բեկորի վրա դարերի դադարից հետո վերականգնվեց Հայոց պետականությունը: Եվ տոնի անվանում էլ արժեր, որ համահունչ լիներ:

Մայիսի 28-ին, սովորաբար, ուշադրությունը կենտրոնանում է Սարդարապատի հուշահամալիրի վրա, որտեղ էլ տեղի են ունենում հիմնական տոնական միջոցառումները: Ինչ խոսք, Սարդարապատից բացի, նշվում են նաև Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայի մատույցներում 101 տարի առաջ, նույն օրերին տեղի ունեցած ճակատամարտերում տարած հաղթանակները: Ընդհանուր տոնականության պայմաններում մեզ, սովորաբար, թվում է, որ գրեթե ամեն ինչ գիտենք այն մասին, թե ինչ է եղել 1918-ի մայիսին: Բայց, երբ սկսում ես լրջորեն հետաքրքրվել, հասկանում ես, որ մենք այնքան էլ շատ բան չգիտենք: Ու արդեն մի քանի տարի, ամեն անգամ առաջինն իմ մտքին գալիս են կապիտան, արցախցի Մոսեսովի մասին պատմող ժլատ տեղեկությունները: 

Առհասարակ, սխալ կլինի ասել, թե մայիսյան պատմական ճակատամարտերի մասին նյութերի, հրատարակությունների, գրքերի, ուսումնասիրությունների պակաս կա: Բայց մյուս կողմից, զանգածային ընկալման տեսանկյունից կա առասպելականացված ընդհանուր մոտեցում, որի դեպքում մանրամասնություններն ու անհատները մի տեսակ տարրալուծվում են:

Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին էլ բավարար գիր-գրականություն կա: Ընդհանուր գծերով, հանրահայտ է նաև 101 տարի առաջ, մայիսի 25-28-ը, այլ տվյալներով՝ 25-30-ը ներկայիս Լոռու մարզի տարածքում ծավալված արյունալի ու նաև հերոսական դեպքերի ընթացքը:

Հայկական ուժերի ընդհանուր հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանով գնդապետ Բեյ-Մամիկոնյանի գլխավորած ստորաբաժանումը և երկու լեռնային հրետանային մարտկոց քաշվում են դեպի Շահալի, մնացած ուժերը կենտրոնանում են Դիլիջանի մոտ:

Թուրքական 10 հազարանոց զորախումբը, որ ամենից խոշոր միավորումն է եղել, մայիսի 15-ին գրավված Ալեքսանդրապոլից շարժվելով ու գրավելով, ավերի մատնելով հայկական մի քանի բնակավայր, մայիսի 24-ին գրավում է Համամլուն` ներկայիս Սպիտակը:

Վճռական մարտերից մեկը տեղի է ունենում Ղարաքիլիսայի անմիջական մատույցներում, Ղշլաղի մոտ, այն վայրում, որտեղ հիմա գտնվում է Վանաձորի Տարոն թաղամասը: Հարկ է նկատել, որ թուրքական 10 հազարանոց զորքին դիմակայող հայկական ուժերի ընդհանուր թիվը մոտենում էր 6 հազարին, հասկանալի է, որ շրջակա գյուղերի հայ բնակչությունը նույնպես ելել էր՝ պաշտպանելու սեփական տունը, հողը և ապրելու իրավունքը:

Բացի Ղշլաղից, հայկական ուժերը առաջ շարժվող թուրքական զորախմբին հարվածում են ևս երկու ուղղությամբ՝ Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին:

Արյունալի և դաժան մարտեր են ծավալվել մի քանի օր շարունակ:

Կորուստների մասին գնահատականները տարբեր են: Բայց հայտնի փաստն այն է, որ թշնամին հարկադրված է եղել նահանջել ելման դիրք, դեպի Համամլու, և այնպիսի կորուստներ է կրել, որ չնայած հաջորդ օրերին, համալրում ստանալով առաջ է շարժվել և գրավել Ղարաքիլիսան, բայց այլևս անկարող է եղել իրագործել թուրքական հրամանատարության նախնական ծրագիրը, այն է՝ մի կողմից շարժվել դեպի Թիֆլիս, մյուս կողմից, շրջանցմամբ «հետևից» հարվածել Երևանի ուղղությամբ:

Իսկ ո՞վ է հրետանավոր, կապիտան Մոսեսովը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը: Նրա մասին ինքս առաջին անգամ, ասենք` երևի շատերն էլ, լսեցի կամ իմացա գրող, մեկնաբան Արծրուն Պեպանյանի՝ 4-5 տարի առաջ արած գրառման շնորհիվ:

Ըստ այդ պատումի, գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում գեներալ Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան:

Բայց զինվորականի, էլ չենք ասում՝ սպայի համար անպատկերացնելի բան է կատարվում: Խորհրդակցության մասնակիցներից արցախցի կապիտան Մոսեսովը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը ըմբոստանում է և հրաժարվում ենթարկվել նման կարգադրությանը: «Ես չեմ հնազանդի այդ որոշմանը: Դա դավաճանություն է: Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ: Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու: Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ ետևից գա»:

Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը…

Գուրգեն Տեր-Մովսիսյանը` իր հրետանավոր մարտիկների հետ, հրետակոծում է թշնամու դիրքերը, ապա մասնակցում է հեծելազորի գրոհին՝ քաջալերելով մարտիկներին ու այդ մարտի ընթացքում էլ զոհվում է:

Ինչ խոսք, հրետանավոր կապիտան Տեր-Մովսիսյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներից մեկն է: Պատմությունը պահպանել է և այլ հերոսների անուններ՝ Գարեգին Նժդեհ, գնդապետներ Աթաբեկ բեյ Մամիկոնյան և Նիկոլայ Ղորղանյան և նրանց հազարավոր մարտիկները, ամեն մի զինվոր, աշխարհազորային: Բոլո՛րը: Ի դեպ, Նիկոլայ Ղորղանյանին ընդամենը 3 տարի անց` 1921 թվականի փետրվարին, բոլշևիկների կարգադրությամբ կացնահարելով սպանեցին Երևանի բանտում…

Ինչ վերաբերվում է Գուրգեն Տեր-Մովսիսյանին, ապա կա տեղեկություն, որ զոհված հերոսի շիրմը Դիլիջանի եկեղեցու բակում է եղել: Բայց խորհրդային տարիներին այդ եկեղեցու տեղում կինո է գործել, իսկ 70-ականների վերջերին հին շենքն ընդհանրապես քանդվել է ու տեղը կինոթատրոնի նոր շենք է կառուցվել: Իսկ թե որտե՞ղ է տեղափոխվել Գուրգեն Տեր-Մովսիսյանի աճյունը, դժվար է ասել: Բայց միայն դա չէ հարցը, որը, երևի, երբևէ կունենա իր պատասխանը: Առհասարակ, մենք, որ այսօր միմյանց շնորհավորում ենք Հանրապետության օրվա, իսկ իրականում՝ պետականության վերականգնման տարեդարձի առթիվ, ի՞նչ կամ որքա՞ն բան գիտենք այդ տոնն իրենց կյանքի գնով հնարավոր դարձրած մեր նախնիների մասին: Միայն համարձակ կապիտանի չէ, այլ նաև նրա կողքին կռված զինակիցների:

Եվ երբ մենք բոլոր այդ հերոսների մեջ, տարիների հեռվից գտնենք մեր նախնիներին, Մայիսի 28-ի խորհուրդը շատ ավելի ընդգծված երանգներով կընկալվի:

Շնորհավոր Հայոց պետականության վերականգնման 101-րդ տարեդարձը:

Ըստ թեմայի

Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքը խոստովանեց` հայերը լավագույն զինվորներն են
Շարմազանով. Ղարաքիլիսայի ճակատամարտը հայերի համար երկրորդ Ավարայր դարձավ
թեգերը:
Նժդեհ, Պատերազմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ