09:24 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյան

«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
22110

Որքան շատ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում դատական իշխանության հիմնախնդիրների ու դատարանների մասին, այնքան ավելանում են հարցերն ու խտանում մտահոգությունները:

Հիմա էլ, պարզվում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու էմոցիոնալ և խնդրահարույց կոչեր էր անում, ընդամենը ուզում էր ցույց տալ, որ իրեն պետք չէ խամաճիկային դատական համակարգ:

Դե, ո՞վ կարող է վիճել:

Մինչդեռ յուրաքանչյուր մտածող մարդու համար ընկալելի պետք լիներ այն պարզ բանը, որ գլխացավը բուժելու ամենալավ տարբերակը գլխատումը չէ: Հնարավոր է` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին իսկապես էլ ցանկանում էր ցույց տալ, թե իրեն խամաճիկային կամ, ինչպես ասում է, մարիոնետային դատական համակարգ պետք չէ: Չնայած նշված օրվա իր ելույթն հիմնականում նվիրված էր դատական համակարգը վիրահատական միջամտություններով վերափոխելու իր, անկեղծ ասած, վիճարկելի մտահղացումներին:

Մեծ հաշվով, դատարանների շրջափակման գործողության հիմնական նպատակը այդ «վերափոխումների» ծրագրի համար «համաժողովրդական բողոքի» քարոզչական ու վիզուալ ֆոնն ապահովելն էր: Ինչպես առաջներում կասեին, «աշխատավորների միահամուռ պահանջով…»:

Իրականության մեջ, ինչպես էլ շուռումուռ տաս կամ չտաս, փաստն ու երևույթի բուն էությունը պետության գործադիր իշխանության ղեկավարի (վարչապետի) անմիջական նախաձեռնությամբ ու ցուցումով իր կողմնակիցների, այդ թվում՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ պետության դատական իշխանության վրա ճնշման գործադրումն էր, ուժի ցուցադրումը (ոչ բռնի, չնայած՝ բռնի դեպքեր էլ եղան):

Հիմա, ավելի ճիշտ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «հակակոռուպցիոն դատարանի» ձևավորման մասին: Այդ «հակակոռուպցիոն» բառը, ախր, այնքան ականջահաճո և գեղեցիկ է հնչում: Բայց ինչի՞ մասին է խոսքը: Դա ի՞նչ դատարան է լինելու: Լինելու է եռաստիճա՞ն հակակոռուպցիոն դատական համակարգ, թե՞ պարզապես խոսքն այն մասին է, որ դատական համակարգը առավելագույնս զերծ լինի կոռուպցիայից ու կոռուպցիոն ռիսկերից: Թե՞ այնուամենայնիվ ինչ-որ նոր դատական համակարգ վերաձևավորելու մասին է:

Կարծես թե նկատի ունեն այն, որ դատավորներն այլևս կաշառակեր չլինեն: Հները, իհարկե, «զտման» (վեթինգի) կենթարկվեն, ովքեր ընդունեն հեղափոխական գործադիր իշխանության խաղի կանոնները, երևի միառժամանակ կշարունակեն դատավորել, կամ էլ բոլորին կհանեն ու նոր իշխանության և իշխանավորների տեսանկյունից բարեհույս դատավորների կնշանակեն (գուցե կընտրեն): Հա, ու բարձր աշխատավարձ կփորձեն տալ՝ ներկայիս մի 400 հազար դրամի փոխարեն:

Ճիշտ է` վարչապետն ասում է, որ եթե հիմա դատավորների աշխատավարձերը կտրուկ բարձրացնեն (որ էլ կաշառակերության գայթակղություն չունենան, էլի), ապա սոցիալական առումով ժողովուրդը, հասարակությունը դա չի հասկանա:

Կներեք, սա որևէ քննադատության չի դիմանում:

Տեսեք` հասարակությունը, ժողովուրդը, ինչպես սիրում են ասել, սոցիալական առումով շատ էլ լավ դիմացավ, ու Փաշինյանի խանդավառ կողմնակիցներն անգամ հուզաթաթավ բացականչություններով հավանություն տվեցին, որ «նեոհայաստանյան» Ազգային ժողովում մի քանի տասնյակով ավելի շատ պատգամավոր լինի, քան կային նախորդ «հանցավոր ռեժիմի» օրոք: Վեցերորդ գումարման ԱԺ-ն ուներ 105 պատգամավոր, իսկ գործող ԱԺ-ն ունի 132 պատգամավոր, այսինքն՝ երկուսուկես տասնյակով ավելի, դատավորներից էլ բարձր աշխատավարձ ստացողներ, պետբյուջեի ու հարկատուների տեսանկյունից՝ «ավելորդ ուտող բերաններ»:

Հայաստանում դատավորների թիվը 230-ից քիչ ավելին է, ուստի մի երկու հարյուր հոգու աշխատավարձ բարձրացնելը հազիվ թե սոցիալական փոթորիկ հարուցի: Առավել ևս, որ պոտենցիալ «փոթորկվողները» ոչ միայն մարսում, այլև իշխանության կողմնակիցների դեմագոգիկ (լավագույն դեպքում) կամ «հայհոլոգիկ» դրսևորումներով արդարացնում են նորապաշտոնավորների աստղաբաշխական պարգևավճար-պրեմիաներ ստանալը: Եթե, կներեք արտահայտության համար, հանդուրժվում են այդ պարգևավճարները, տոնական հրավառությունները, բարձրաստիճան դարձած նախկին թունդ ընդդիմադիրների ու իրենց մերձավորների ուղղաթիռային ճամփորդությունները, ապա մի՞թե ընդամենը 200 և մի քանի տասնյակ դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցն է սոցիալական բունտ հարուցելու:

Ամեն դեպքում, փողի, այն է՝ «հակակոռուպցիոն դատարանի» դատավորների աշխատավարձերի ապահովման հարցը կարևոր է:

Ըստ որում, վարչապետ Փաշինյանն այսօր ասաց, թե 3 տարվա բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ունենալ կամ ստանալ միջազգային մակարդակի անկախ դատարան: Կներեք, բա ո՞ւր մնացին վիրահատական միջամտությունները, ո՞ւր մնաց դատարանների շրջափակման կոչերում և հաջորդող ելույթում ընդգծվող անհապաղությունը: Նորի՞ց փոխում ենք վեկտորը, թե՞ պարզապես կողմնացույցն ենք կորցրել:

Դա էլ մի կողմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այդ 3 տարվա ընթացքում «հակակոռուպցիոն դատարանի» աշխատավարձային բեռը միջազգային դոնորների, նույնն է՝ նվիրատուների տրամադրած գումարների հաշվին է նախատեսվում լուծել: Կարճ ասած, ստացվում է, որ Հայաստանում դատավորների աշխատավարձը արտասահմանյան կառույցներ են տրամադրելու, գուցե այս կամ այն երկի՞րը, միգուցե ինչ-որ կազմակերպությո՞ւն, հնարավոր է նույնիսկ Սորո՞սը: Անձա՛մբ:

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչ, դոնորները դրամաշնորհը կամ գուցե աջակցությունը կտրամադրեն կառավարությանը, կառավարությունը կհոգա «հակակոռուպցիոն դատարանի» աշխատավարձի ծախսերը:

Կներեք, բայց էլի մեկը մյուսի վրա «չի նստում»: Ի՞նչ է, օտարերկրացիները «սիրուն աչքերի» համա՞ր են գումարներ հատկացնելու: Դե, նրանք այնտեղ երևի գիշերները աչք չեն փակում՝ երազելով Հայաստանում վերջապե՜ս, մի երեք տարի հետո անկախ ու անկաշառ դատական համակարգ տեսնել: Տոչորվում են այդ փափագից ու հանուն նման վեհ ու մեծ նպատակի, սիրահոժար, գումար է, որ կտրամադրեն:

Դե, հա, մեր օրերում այդ ո՞ր միջազգային կազմակերպությունը կամ գործընկեր-պետությունն է հանուն իր քաղաքական շահերի ինչ-որ գումար տրամադրում մեկ այլ երկրի, առավել ևս՝ հեղափոխական հերթական փուլ թևակոխած Հայաստանին:

Հեգնո՞ւմ ենք: Հապա էլ ի՞նչ է մնում անել: Ուրիշ ինչպե՞ս արձագանքել, եթե երկրի գործադիր իշխանության ղեկավարը լուրջ-լուրջ խոսում է այն մասին, թե մեր պետության ներսում դատական համակարգի, դատական իշխանության աշխատավարձերի հարցը օտարները կհոգան:

Ի գիտություն. դատարանները, դատական համակարգը որևէ պետության ինքնիշխանության և անկախության կարևորագույն բաղկացուցիչն են, ինչպես պետական իշխանության մյուս երկու ճյուղերից յուրաքանչյուրը և երեքը միասին վերցրած: Պետական իշխանության որևէ ճյուղի աշխատավարձային օտարերկրյա ֆինանսավորումը, առնվազն կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի ինքնիշխանության զիջում և կորուստ՝ այդ չափով ու մասով:

Վերջիվերջո, ով վճարում է, նա էլ պատվիրելու է մեղեդին: Հիմա ո՞վ է վճարելու դատական իշխանությանը և այդ ի՞նչ «մեղեդի» է պատրաստվում նվագել մեր պետական կառույցի վրա:

Ըստ թեմայի

Դեմ եմ դատարանների գլուխը կտրելուն. Արա Զոհրաբյան
Երկրում հեղափոխության նոր փուլ է սկսվել. ԱԽ քարտուղարը` դատարանների բարեփոխումների մասին
Կողմ եմ դատական համակարգի բարելավմանը, բայց կտրականապես դեմ եմ այս մեթոդներին. Ռշտունի
Դատաիրավական բարեփոխումներ. ե՞րբ կխոսի նախագահ Սարգսյանը
Հայաստանի իշխանությունները չեն կարող լուծարել Բարձրագույն դատական խորհուրդը. Զեյնալյան
Դատական բարեփոխումների անցնցում զարգացումներն են միայն գրանցում հաջողություն. ԲԴԽ–ի կոչը
թեգերը:
աշխատավարձ, Վեթինգ, Դատարան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ