21:24 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Արտարժույթ

Հնարամիտ խարդախն ու կաշառատու դյուրահավատները. ի՞նչ է պետք կաշառքի փոխարեն

© Sputnik / Владимир Трефилов
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
135 0 0

Խարդախներ միշտ են եղել: Ու լինելու են, նկատենք: Բնականաբար, եղել են, կան ու կլինեն նաև անուղղելի դյուրահավատներ, առանց որոնց, իհարկե, խարդախություն անողները սոված կմնային ու որպես տեսակ կհայտնվեին հանցաշխարհի «կարմիր գրքում»:

Խարդախության թարմ նմուշը, որի մասին հաղորդեց ոստիկանությունը, ուշագրավ է նաև ընթացիկ հասարակական-քաղաքական տրամադրությունների առումով:

Բայց նախ դեպքը: Եթե զուտ պաշտոնական շարադրանքն է հետաքրքրում, ապա կարող եք ծանոթանալ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում, դիտել տեսանյութը:

Իսկ պաշտոնականի վրա հիմնված վերաշարադրանքով, բանն այսպես է եղել: ԱԱԾ-ն ոստիկանության «շեստոյին» կամ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը փոխանցել է, թե՝ ուշադրություն, ուշադրությո՛ւն՝ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում:

Հա, բայց ո՞նց. ինչ «լեգենդներով» ու ինչ կարգի «կտեր» է տալիս, ավելի ճիշտ՝ տվել խարդախությամբ զբաղվող այդ անձնավորությունը: Ամենից հետաքրքիրը, կարծում ենք, հենց դա՛ է:

Այս 27-ամյա երիտասարդն, ուրեմն, ներկայացել է, ոչ ավել, ոչ պակաս… ՀՀ կառավարության ղեկավար պաշտոնատար անձ: Չնայած ոստիկանության հաղորդագրության մեջ նրա արտաքինի մասին ոչինչ չի ասվում, բայց կարող ենք նախշազարդ թիթեռնիկ-փողկապի վրա գրազ գալ, որ խարդախությամբ զբաղվողը սափրված չի եղել, ավելի ճիշտ՝ այժմ երիտասարդության շրջանում տարածված դեմքի «սանրվածք» է ունեցել: Այն, պետք է որ լրացուցիչ հավաստիություն հաղորդեր դյուրահավատներին, որ այդ ջահելն իսկապես կառավարական լուրջ պաշտոնյա է:

Եվ ահա, այս ինքնակոչ, բայց և ինքնավստահ «պաշտոնյան» կառավարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով մի քաղաքացուց  540000 է ուզել: Եվ ստացել է այդ՝ 1125 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

Մեկ ուրիշ անձից այդ 27-ամյա երիտասարդը ստացել է 325000 դրամ: Գիտե՞ք ինչի համար: Խոստացել է, թե արագորեն կկազմակերպի նրա որդուն միակողմանի ծնողազուրկ ճանաչելու գործընթացը:

Շարունակելով ներկայանալ որպես կառավարության ղեկավար պաշտոնատար անձ, նույն եղանակով, նա մի կնոջից էլ 125 հազար դրամ է ուզել, այդ կնոջ որդուն… կառավարությունում աշխատանքի ընդունելու համար:

Էլի ինչ-որ երկու հոգուց, ավելի կոնկրետ՝ երկու երիտասարդից էլ ընդհանուր մի 250000 դրամ է «կպցրել»՝ խոստանալով առավելություն մեքենաների աճուրդին մասնակցելու ընթացքում։

Հասկանալի է, տուժածները հրավիրվել են ոստիկանություն, նրանցից հաղորդում է ընդունվել, քրեական գործ է հարուցվել՝ խաբեության եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով, հիմա էլ գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Մի օր, երևի դատ էլ կլինի: Բայց դա՝ հետո:

Իսկ հիմա հետաքրքիր է այ թե ի՛նչը:

Առաջինը, իհարկե, այն, որ հանցաշխարհի ներկայացուցիչները կամ «միտքը ծուռ» անձինք շատ ավելի ճարպիկ ու արագ են արձագանքում փոխված իրողություններին:

Լրացուցիչ կարող եմ մի հատ էլ ծաղկավոր վերնաշապիկի վրա գրազ գալ, որ այդ ինքնակոչ «պաշտոնյան» առնվազն վարչության պետ կամ, ի՞նչ իմանաս, գուցե փոխնախարար է ներկայացել այդ՝ կաշառք տալով իրենց գործերը դզմռտելու պատրաստ դյուրահավատներին: Դե, հանրությունը չի հասցնում անգամ նախարարներին դեմքով հիշել, ուր մնաց, թե՝ փոխնախարարներին, վարչության պետ-մետերին: Հա, ու ամենից հետաքրքիրը, որ այդ ամենը տեղի է ունենում արագ հասանելի ինտերնետ ու հիմնականում հեռախոսաինտերնետաֆիկացված հասարակության մեջ, երբ կարելի է, ինչպես ասվում է՝ տեղում, «էլեկտրոնային կառավարության» տարբերակով ստուգել՝ առհասարակ, նման պաշտոնյա կա՞, թե՞ չկա:

Ընդհանրապես, հանցավոր մտադրություններ ունեցողները միշտ են կառավարություններից ճարպիկ ու արագաշարժ են գտնվում: Բայց այստեղ շատ ավելի հետաքրքիր պահեր ու հարցեր կան:

Մեկ տարի ու մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ դառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանը երևի մի 50 անգամ հրապարակավ հայտարարել է, որ՝ մոռացե՛ք, այլևս կոռուպցիա-մոռուպցիա չկա՛: Վե՛րջ և այլն:

Բայց արի ու տես, որ ոչ միայն գտնվել են մարդիկ, որ չեն հավատացել կառավարության ղեկավարի այդ բազմաթիվ հայտարարություններին, այլև հակառակը՝ հավատացել են, որ 125 հազար դրամ կաշառքով կարելի է «գործերը դասավորել» ու կառավարությունում աշխատանքի տեղավորվել, բնակարան ու սոցիալական նպաստ կամ ինչ-որ արտոնություն ենթադրող ծնողազրկություն դասավորել:

Ավելին, խարդախության դիմող անձը վստահ է եղել, որ առնվազն գործով արձանագրված տուժողները կհավատան, որ

ա) ինքը իսկապես կառավարական բարձրաստիճան պաշտոնյա է,

բ) ոչինչ չի փոխվել ու կաշառքով կարելի է հարցեր լուծել, ու միջինը՝ անձից 500-1000 դոլար «սակագնով» գումարներ է «կպցրել», մինչև որ այդ ճարպիկի մասին լուրերն ԱԱԾ-ի ականջն են ընկել:

Մի կողմից՝ ծիծաղելի է, որ մեր շուրջը կան այնպիսի դյուրահավատներ, որ վստահ են, թե կարելի է 125 հազար դրամ կաշառք տալ ու՝ հո՛պ, կառավարությունում աշխատանքի տեղավորվել: Մյուս կողմից՝ տխուր է, ու թերևս պարզ է, թե՝ ինչու:

Իսկ ներկայիս կառավարությունում աշխատանքի տեղավորվելու համար, ինչպես իրողություններն են հուշում, պետք էր մեկ տարի առաջ գոնե մի փոքրիկ փողոց փակել:

Ըստ թեմայի

Աղքատներն էլ են ապրել ուզում. Աբովյանի ընտրությունները մեսիջ էին Փաշինյանին և Ծառուկյանին
Խնդրում եմ, այնպես անես` մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը
Կրակոցներ Առատաշենում. սպանվածները քույր ու եղբայր են
«Հայերը տեղ են գնում երթուղայինով». ռեալիթի շոու, որը ծիծաղելի կլիներ, եթե իրական չլիներ
թեգերը:
գողություն, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ