17:12 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ռուբեն Ռուբինյանը

Ի՞նչ «տեխնիկական պատճառ» է ԵԽԽՎ-ում սխալ գրանցել հենց Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (131)
42420

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի էլեկտրոնային քվեարկության սարքերն էլ մի երևելի վիճակում չեն: Հետո էլ մեզ են բան ասում: Այ, կարող է մարդը սեղմել «կողմ»-ի կոճակը, բայց հետո իմանալ, որ իր անվան դիմաց գրանցվել է, որ «դեմ» է քվեարկել: Դե, տեխնիկական անսարքություններից ոչ ոք ապահովագրված չէ: նույնիսկ ԵԽԽՎ-ի նիստերի՝ տեխնիկապես հագեցած դահլիճում: Բայց դա դեռ ոչինչ:

Այն, որ «տեխնիկական պատճառներով» սխալ է գրանցվել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի («Իմ քայլը» խմբակցություն, ՔՊ) քվեարկությունը, այն էլ Ռուսաստանի պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու հարցի վերաբերյալ, անկասկած, չէր կարող ուշադրություն չգրավել: Մի իրավիճակում, երբ կարելի է ասել՝ ձայների կրկնակի գերազանցությամբ, նաև արևմտաեվրոպական տարբեր պատվիրակություններ, անգամ ամբողջ կազմով «կողմ» են քվեարկում՝ հօգուտ Ռուսաստանի պատվիրակության ներկայության կամ վերադարձի, Հայաստանի պատվիրակությունը գլխավորող պատգամավորի «դեմ» քվեարկությունը աննկատ չէր էլ կարող մնալ: Ու չմնաց էլ:

Ռուբեն Ռուբինյանը, բնականաբար, ինքն էլ էր դա հրաշալի հասկանում: Նրա ֆեյսբուքյան գրառումն ու ԵԽԽՎ վերադարձած ՌԴ Պետդումայի պատվիրակության ղեկավարի հետ ջերմ սելֆիներն էլ են վկայում դրա մասին: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը շտապեց հայտարարել, որ «տեխնիկական պատճառներով» իր քվեարկությունը սխալ է գրանցվել, այսինքն՝ ինքն իրականում «կողմ» է, այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն է արել, դա կցվել է նիստի արձանագրությանը:

Թվում է, թե «միջադեպը» հարթված է, շարժվեցինք առաջ:

Բայց հարց է ծագում: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից, Ռուբեն Ռուբինյանին չհաշված, միայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանն են «կողմ» քվեարկել: Այնինչ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն ամենևին էլ երեք պատգամավորից չէ բաղկացած: Իսկ ո՞ւր են ՀՀ ԱԺ պատվիրակության մյուս ներկայացուցիչների՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկության արդյունքները:

Տարածված տեղեկատվության համաձայն` նրանք… չեն մասնակցել Ռուսաստանի պատվիրակության վերաբերյալ հարցի քվեարկությանը: Պետք է ենթադրել՝ նույնպես «տեխնիկական պատճառներով»: Չնայած, երևի թե չէ, չքվեարկելու կամ քվեարկության չմասնակցելու «տեխնիկական պատճառներ» այդ մի հարցում չեն եղել, այլապես Ռուբեն Ռուբինյանը մի հատ էլ դրա մասին պաշտոնական հայտարարություն կաներ՝ ԵԽԽՎ նիստի արձանագրությանը այն կցելու հեռանկարով:

Հետաքրքիր է, այնուամենայնիվ, թե պատվիրակությունն ինչո՞ւ է նման խայտաբղետ վերաբերմունք կամ մոտեցում դրսևորել մի հարցում, որտեղ, թվում էր, թե առանձնապես հարց չպետք է ծագեր: Վերջին հաշվով, իշխող մեծամասնությունը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ ու պարբերաբար շեշտում է հայ-ռուսական հարաբերությունների հրաշալի վիճակի մասին: Ո՞ւ…

Չէ, իհարկե, ԵԽԽՎ-ում էլ կարող են քվեարկության սարքերը «տեխնիկական պատճառներ» հրամցնել: Անգամ հավանական է, որ այդքան քվեարկողների մեջ միայն հենց Հայաստանի պատվիրակության ղեկավարի ձայնն է այդ «տեխնիկական պատճառը» սխալ գրանցել (թարսի պես, էլի):

Ուղղակի դրա վրա արդեն ով որքան կարող էր ուշադրություն դարձրեց: Չնայած, Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառում-պարզաբանումն էլ լրացուցիչ ուշադրություն գրաված կլինի: Իսկ լրացուցիչ ուշադրությունը երբեմն այնքան էլ ցանկալի չէ, մանավանդ, եթե նույն Ռուբեն Ռուբինյանի ու նրա ֆեյսբուքյան գրառումների մասին է խոսքը: Ի վերջո, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդամենը մի քանի օր առաջ էր հերքել ԱԳ փոխնախարարի բավականին ընկալելի արձագանքը՝ Հայաստանում ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ: Ռուբեն Ռուբինյանը բավականին ծանր էր տարել այդ հանդիպումը` համարելով, որ դա, ոչ ավել, ոչ պակաս՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու դրսևորում է: Նրա գրառման համաձայն` ՀՀ ԱԳ նախարարը իրականում Ռուսաստանի դեսպանին հրավիրել է նախարարություն ու նրա հետ զրույց ունեցել՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու և այդպիսով ՀՀ ներքին գործերին միջամտել-չմիջամտելու թեմայով:

Ու դրանից ընդամենը մեկ շաբաթ անց Ռուսաստանին վերաբերող հարցով Ռուբեն Ռուբինյանը, ըստ իր հավաստիացման, «կողմ» է քվեարկում, բայց պատահաբար կամ, ինչպես ասվեց, «տեխնիկական պատճառներով» գրանցվում է «դեմ»:

Իբր այդ ամենը քիչ է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մի տեսակ խճճված տարբերակով խոսում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի զավթված լինելու մասին: Ու դա այնպես է ասում, որ հստակ չի էլ հասկացվում՝ ի՞ր դիրքորոշումն է, թե՞ վրացական գործիչների գնահատականներն է վերարտադրում…

Հիմա էլ այս չարաբաստիկ «տեխնիկական պատճառը»: Հետո, իհարկե, կարևոր սելֆիներ է արել Ռուբեն Ռուբինյանը, նաև գրել է, որ հայ և ռուս գործընկերներով քննարկել են մերձեցման երեկո կազմակերպելու հարցը:

Դե ինչ, վատ չէ: Բայց է՛լ ավելի լավ կլիներ, եթե երիտասարդ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մի «մերձեցման երեկո» էլ լրջանալու հետ կազմակերպեին: Հաստատ չէր խանգարի: Եվ նույնիսկ օգտակար կլիներ, որ հետո, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների ճանապարհին լրացուցիչ «տեխնիկական պատճառներ» չհայտնվեին:

Ռուսական առածն ասում է՝ ով անցյալը հիշեցնի, նրա աչքը դուրս գա: Թե ի՞նչ է հուշում հայկական առածը՝ աչքի դուրս գալու և համբավի վերաբերյալ, ավելի լավ է՝ չհիշեցնենք:

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (131)

Ըստ թեմայի

Ոչ մի պրոբլեմ չկա. ինչպե՞ս ավարտվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը
Հույս ունենք ՌԴ–ի հետ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել. Փաշինյան
ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչև վերջ բացահայտված չէ. Փաշինյան
Հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ. Փաշինյանը խոսել է ՌԴ-ի հետ հարաբերութունների մասին
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), «Իմ քայլը» դաշինք, Հայաստան

Գլխավոր թեմաներ