10:16 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Վարսավիր

Ինչ է անում բանգլադեշցի Անդոն ԱՄՆ–ում. երևանցին ոչ մի կերպ չի ընտելանում «գործ տալուն»

CC0 / shameersrk / Hairdresser
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
85520

Լուրերը, թե ԱՄՆ–ի առաջին հայ բնակիչը Մարտին անունով տղամարդ է եղել և Վիրջինիա նահանգի Ջեյմսթաուն քաղաք է հասել 1618 թվականին, ամերիկացի զրուցակիցներս չեն հաստատում, բայց չեն էլ հերքում: Միաժամանակ Հայաստանից Միչիգանի Բլումֆիլդ քաղաք մեկնած վերջին հայերից մեկը բանգլադեշցի Անդոն է: Սա ապացույցներ չի պահանջում. փաստ է:

Իսկ հիմա մի փոքր վիճակագրություն: ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով` Ամերիկայում 700 հազարից մինչև մեկ միլիոն և նույնիսկ ավելի շատ հայ կա: Թվերի տարբերության պատճառը մեկն է` հայերից շատերը համապատասխան սյունակում իրենց նշում են որպես ամերիկացի և հազվադեպ են գրում ազգությունը:

Ինչևէ, հայերն Ամերիկայում միշտ էլ շատ են եղել և շարունակում են շատ մնալ, նրանց մեծ մասն ապրում է Կալիֆոռնիայում։ Իսկ Անդոն Միչիգանում հայտնվեց, որովհետև դրանից առաջ այնտեղ էր տեղափոխվել եղբայրը` հաստատվել, հարմարվել, կայացել, որից հետո պատրաստ էր օգնել Հայաստանի միգրացիայի աճին:

Հիմա էմիգրացիայի մասին: Տարբեր տվյալներով` դեռ մի քանի տարի առաջ Հայաստանից ամեն տարի և անվերադարձ (թեև ո՞վ գիտի) մեկնել են մոտ 50 հազար քաղաքացի: Եվ սա բոլոր առումներով բնակչության առավել ակտիվ շերտն է` խելացի, գործունյա, երիտասարդ: Ո՞ւր են մեկնել:

Նպատակակետային հիմնական ուղղությունը եղել և մնում է Ռուսաստանը: Ավելի մոտ է՝ լեզվի (դեռ), մտածողության, հոգեհարազատ լինելու, հեռավորության առումներով, և հայերի թիվն էլ պակաս չէ Ամերիկայից: Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը ոչ միայն ավելի շատ վճռականություն, լեզվի իմացություն, տնից անհայտ ժամանակով կտրվելու պատրաստակամություն է պահանջում, այլև «գրին քարտ», որի ստացումը գնալով ավելի է դժվարանում: Այնուամենայնիվ...

Հեղինակի անձնական դիտարկումներից. նրանք, ովքեր Ամերիկայում վաղուց են ապրում, որպես կանոն` չեն շտապում տուն վերադառնալ: Բայց նաև ջանք չեն խնայում, որ իրենց մոտ տեղափոխեն բոլոր նրանց, ովքեր դեռ հայրենի տանն են մնացել: Դեռ նորմալ չկայանալով` կանչում են հարազատներին ու բարեկամներին: Ո՛չ մեծ հեռավորությունը, ո՛չ կյանքի դժվարությունները, ո՛չ հոգեբանական բարդությունները հայերին չեն վախեցնում:

Այն հանգամանքը, որ իրենց կողքին կլինեն հարազատները, իսկ նրանք միշտ կօգնեն, փարատում է բոլոր կասկածներն ու ոգեշնչում: Իսկ այն, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը մեկնածների առաջ հարազատ հողում լավ հեռանկարներ է բացում, չգիտես ինչու ավելի քիչ է ոգեշնչում:

Եվս մեկ նրբերանգ, իսկ ավելի ճիշտ` երկուսը:

Առաջինը՝ ԱՄՆ գնացած հայերը հայրենի տանը մնացած հարազատներին մշտապես համոզում են, որ օվկիանոսից անդին տեղափոխվելով իրենք չեն տուժել, այլ շահել են: Այնինչ ոչ միշտ է այդպես։

Երկրորդը՝ որպեսզի իրենց օգտին պլյուսներն ավելի շատ լինեն, ամերիկահայերից շատերն աշխատում են չնկատել պատմական հայրենիքում և Ռուսաստանում գրանցված առաջխաղացումները (երբ դրանք կան): Այլապես ստիպված կլինեն խոստովանել, որ որոշակի առումով «տանուլ են տվել»: Բանավոր համոզելու և անդրօվկիանոսյան կյանքի գեղեցիկ տեսարանները տեսանկարահանելու նպատակը ցույց տալն է, թե որքան լավ են գործերն ու ինչպես ես հաջողել և կյանքի տերուտիրական դարձել: Սակայն ամեն ձկնկիթ չէ, որ թառափ է դառնում, նույնիսկ Ամերիկայում: Մի խոսքով, ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ:

Բայց հինգ տարի առաջ Միչիգան տեղափոխված վարսավիր Անդոն, արդեն այստեղ իր հաճախորդներին ձեռք բերելով, բավականին լավ անգլերեն խոսելով և նույնիսկ հասցնելով Ամերիկայում լույս աշխարհ բերած երեխային (փաստացի արդեն ամերիկացի) գրկել, մի քիչ այլ կերպ է մտածում:

Այո, կան սուպերմարկետներ` անվերջ ուրախացնող sale–երով, երբ երեկ ինչ-որ բան 200 դոլար արժեր, իսկ այսօր արդեն` 24: Վերցրու ինչքան կուզես: Բացի դրանից, տարբեր տեսակի և նշանակության միլիոնավոր ավտոմեքենաներ կան. ընտրիր ցանկացածը: Միայն թե վարկը մարելու փող լինի: Այո, Ամերիկայի բոլոր տներում գրիլ կա, ինչպես Երևանի բոլոր լոգարաններում` խոզանակ: Այո...

Իսկ ի՞նչը` «ոչ»: Չկա այն, երբ համոզված ես, որ մարդը մարդուն ընկեր է, նույնիսկ եթե նրան ամբողջ ատամնաշարով չես ժպտում և ամեն առիթով «օքեյ» չես ասում: «Այստեղ միայն փող են «սարքում», միայն փողի մասին երազում», – փնթփնթում է Անդոն` տան պայմաններում հարդարելով հեղինակի ոչ խիտ մազերը:

Կհարցնեք` ինչո՞ւ տանը: Գործողությունների վայրն այս դեպքում երկրորդական չէ: Պաշտոնական վարսավիրանոցից հետո մասնավոր տներ այցելելով` Երևանի Բանգլադեշ թաղամասի վարսավիրն ամենաքիչը երկու առավելություն ունի. ստացած, սակայն ՀԴՄ-ով չֆիքսված եկամուտի համար հարկեր չի վճարում, և ծանոթ հայերի վրա հավելյալ գումար աշխատելով` Անդոն չի վախենում, որ իրեն կմատնեն: Այդ «մատնությունը» (պետք եղած ու չեղած պահին) թերևս ամենակարևորն է, ինչին նա Ամերիկայում չի կարողանում ընտելանալ և վատ հիվանդություն է համարում:

Սակայն ժամանակը, ինչպես գիտենք, բուժում է...

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը որոշել է մազերը հարդարել Գյումրու վարսավիրանոցում. լուսանկար
Եղունգների առաջին տիկինը. զարմանալի պատմություն` աստղերի մատները հարդարող հայուհու մասին
85-ամյա վարսավիրը և ավելի ծեր վարսավիրանոցը.ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը
թեգերը:
Հայաստան, հայ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ