09:13 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Ռուստամ Բադասյան

Ո՞վ է «վեթինգում» այս ամենը, կամ արդարադատության նորանշանակ նախարարի բացահայտումը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Պարզվում է`դատական իշխանությունը վերից վար «զտելու», օտար բառով ասած՝ վեթինգի ենթարկելու վերաբերյալ անգամ հայեցակարգ դեռ չի մշակվել, էլ ուր մնաց՝ «վեթինգի նախագիծ» լիներ:

 

Չնայած, իշխանական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ վեթինգային բնույթի նախագծերից էին օրերս խոսում, սակայն արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում միանգամայն պարզորոշ հայտարարեց, որ վեթինգի մասով հայեցակարգ և հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր ինքը չի տեսել և չկա:

Շա՜տ հետաքրքիր է:

Այդ վեթինգ ասվածը, իհարկե, զուգահեռվում ու շաղկապված է ընկալվում, այսպես ասած, «անցումային արդարադատության» ներդրման հետ: Դեռ դա էլ՝ «անցումային արդարադատություն» ասվածը, ինքնին պարկում դրված կատվի տպավորություն է թողնում, որպես անհասկանալի ու անհայտ մի բան:

Ցանկացած դեպքում, հիշեցնենք, որ ավելի քան 1 ամիս առաջ, դատարանները շրջափակելու իր խնդրահարույց կոչին հաջորդած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»:

Նկատենք՝ վարչապետը 1-2 ամիս էր նախանշել: Դրանից 1 ամիսն անցել է: Ավելի քան մեկ ամիսը: Եվ արդարադատության նոր նախարարը, որ մոտ մեկ շաբաթ առաջ է ստանձնել պետական համակարգում առանցքային պաշտոններից մեկը, ասում է, որ այս պահին վեթինգի մասով իսկի հայեցակարգ (կոնցեպցիա) չկա: Այսինքն՝ նախագծի մշակման մասին նույնիսկ խոսել էլ չարժե:

Չարժե՞ արդյոք:

Բանն այն է, որ դեռևս այս տարվա մարտի 1-ին, վարչապետի որոշմամբ, միջգերատեսչական աշխատանքային խումբ էր ձևավորվել: Այն, ճիշտ է, մի փոքր այլ ակցենտ ուներ՝ վերաբերում էր հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձելուն ու նման մոտեցումների վերաբերյալ օրենսդրական փաթեթ մշակելուն: Սակայն պետք է ենթադրել, որ այս աշխատանքային խմբի վրա են դրված նաև «անցումայինին» վերաբերող մշակումները: Առավել ևս, որ խմբի ձևավորման մասին որոշման մեջ նշված էր, որ ի սկզբանե առաջադրված փաթեթի մշակումը պիտի ապրիլի 15-ին ավարտած լինեին: Եթե աշխատանքային խումբը դեռ կազմալուծված (ցրված) չի հայտարարվել, ապա տրամաբանական է ենթադրել, որ այն զբաղված է «անցումային արդարադատության» կամ վեթինգի ու նման մոտեցումների նախահիմքերի օրենսդրական մշակման հարցերով:

Բայց դա այս ամենի մեջ ամենից փոքր հարցն է, որը կարելի է դնել մի կողմ: Բուն խնդիրն այն է, որ ընդհանուր «վեթինգամշակումային» իրավիճակը մի փոքր ոլորապտույտ ու խճճված է պատկերվում: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ միայն աջ ձեռքը տեղեկություն չունի, թե ինչ է անում ձախը, այլև նույն ձեռքի ցուցամատն էլ է անտեղյակ հարևան միջնամատի անցից ու դարձից: 

Հայաստանում Ֆուկույամանե՞ր են հայտնվել. ուր է երկրին տանում անցումային արդարադատությունը

Տեսեք, օրինակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, դեռևս մայիսի 29-ին, այսինքն, մոտ մեկ ամիս առաջ, լրագրողների հետ զրույցում, վեթինգի վերաբերյալ նախագիծ մշակելու կապակցությամբ ասել է. «Ժամկետներն այս պահին հստակ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ մոտ ապագայում մտադիր ենք գոնե նախնական սևագիր տարբերակն ունենալ: Աշխատում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենանք նախնական տարբերակը։ Ոչ թե վերջնական շրջանառության մեջ դնելու առումով եմ ասում, այլ ուղղակի փաստաթուղթը»:

Հետաքրքիր է` ո՞ւր է այդ սևագիրը, քանզի 1 ամիսն անցել է: Արդարադատության նախարարն ասում է, որ անգամ հայեցակարգ մշակված չէ: Ի՞նչ սևագրի մասին է խոսքը: Ո՞ր նախագծի կամ նախագծերի:

Ընդամենը մի քանի օր առաջ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը նշում էր, որ իրենք հրապարակել են վեթինգի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու սկզբունքները, սակայն իշխանությունից, այդ թվում, աշխատանքային խմբից արձագանք չկա: Նա չէր էլ ակնկալում արագ արձագանք, ի դեպ:

Տրամաբանական հարց է ծագում. եղե՞լ է աշխատանքային խումբ, թե՞ չի եղել: Եթե չի եղել, ապա մայիսի 20-ին այդ ի՞նչ 7-8 ամիս կատարված աշխատանքի մասին էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը: Ո՞վ էր աշխատում 7-8 ամիս, ինչի՞ վրա՝ «անցումայինի՞», «վեթինգի՞», դատական իշխանությունը գրավելո՞ւ, դատարանների մուտքերի փակման «ռազմավարական գործողությա՞ն», թե՞ մեկ այլ բանի:

Այդ ինչպե՞ս էին աշխատում, որ արդարադատության նորանշանակ նախարարը ասում է, որ իսկի հայեցակարգ մշակված չէ:

Առհասարակ, ո՞վ է «վեթինգում» այս ամենը:

Սա ի՞նչ է, պարզապես անկազմակերպ գործունեությո՞ւն, վարչարարական փնթիությո՞ւն, թե՞ միտումնավոր ձևավորվող շփոթ, այն հաշվարկով, որ արվելիքի վրա լրացուցիչ ուշադրություն չսևեռվի, իսկ հետո խորհրդարանը ավտոմատ ռեժիմով «դակի» կառավարության բերած «վեթինգ-նախագծերը»: Իսկ միգուցե այս ամենը պարզապես գալիս է լրացնելու ավելի վաղ տարբեր կողմերից հնչած այն կարծիքները, որ «դատարանների շրջափակում» գործողությունը ոչ թե «վեթինգի», այլ կոնկրետ դատարանում ընդունված 1 դատական ակտի հետ կապված ռեակցիա էր…

Եվ մի բան էլ. երբ Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից, շատերը փորձում էին կռահել, թե ինչով էր պայմանավորված այդ քայլը: Կռահումները անշնորհակալ զբաղմունք են: Ավելի հետաքրքիր կլինի հետևել, թե առաջինը ինչ էական քայլեր է անելու արդարադատության նոր նախարարը, ու դրանից հետևություններ բխեցնել Արտակ Զեյնալյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին:

Մարդկության պատմության մեջ եզակի, բիրտ ճնշումներ են դատարանների վրա. Քոչարյանի պաշտպան

Ըստ թեմայի

Հակոբյան. «Արցախյան թեման այս դեպքում դատարանների շրջափակման հարցի հետ մի փաթեթում է»
Դեմ եմ դատարանների գլուխը կտրելուն. Արա Զոհրաբյան
Երկրում հեղափոխության նոր փուլ է սկսվել. ԱԽ քարտուղարը` դատարանների բարեփոխումների մասին
Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան
թեգերը:
Ռուստամ Բադասյան, Անցումային արդարադատություն, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Վեթինգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ