06:03 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Հայկ Մարության

Լավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում... քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
17702

Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունքներն այն տվյալի հետ, որ մայրաքաղաքում հունիսի 23-ից 30-ը ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ:

Այդ լույսի ներքո, թերևս լուսամփոփն ամփոփի հետ շատ ավելի սերտ կապեր ունի, թեկուզ՝ բառակազմական, քան քաղաքապետ Հայկ Մարությանի և իր ենթակաների աշխատանքը՝ երեխաների լույս աշխարհ գալու հետ:

Առհասարակ, քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային վերջին խորհրդակցության մասին տեղեկատվությունը նման նախորդ հաղորդագրություններից առանձնապես շատ չի տարբերվում: Պարզապես, որ ընթացիկ տարին օրացուցային իմաստով մեջտեղից կիսվել է, մի քիչ էլ կիսամյակային ամփոփումներ են արվել: Օրինակ, որ առաջին կիսամյակում Երևանի «սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%»:

Ուղղակի հրաշալի է, ազնիվ խոսք, մանավանդ, որ «…քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը»:
Ի դեպ, լեզվի մասին: Նույնիսկ իշխանափոխություն եղավ, բայց «հավաքագրել» բառի սխալ գործածումը չվերացավ: Թե «հավաքել» բառն այս դեպքում ինչո՞ւ չեն սիրում, անհասկանալի է: Ի վերջո, եկամտի մասին է խոսքը, այլ ոչ թե կենցաղային աղբի: Չէ, երևի վիճակված է այդպես էլ չհասկանալ, թե մերոնց ինչի՞ն է պետք հարկերը, բյուջեի մուտքերը, քաղաքային բյուջեի եկամուտները «վեռբովկա» անել (հավաքագրել): Բայց թողնենք դա:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի գլխավորած քաղաքային իշխանության աշխատանքին ու դրա արդյունքներին, ապա խորհրդակցության ժամանակ մասնավորապես զեկուցվել է, որ այսպես ու այսպես... «շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն»:
Հետաքրքիր է` հատկապես առաջին կիսամյակի ամփոփման մասին սկսվող տեղեկատվության պահը նկատի առնելով: Ինչո՞ւ շտապել, գուցե այդ 600 հազար քմ ասֆալտը կարելի էր տարեկա՞ն հաշվետվության համար թողնել, այլ ոչ թե հիմա նշել՝ ապառնիով: Բայց դե, էլի ոչինչ. թող փոսերը ջերմանան ասֆալտով ծածկվելու հույսով, մինչև կծածկվեն:

Հետաքրքրական այլ տեղեկություններ էլ կան, ինչպես մարզական մեկնաբանները կասեին՝ «վիճակագրության սիրահարների համար»: Օրինակ` այն, որ միայն հունիսին Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Ի լրումն՝ քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով:

Ճիշտն ասած, զարմանալի է, թե ինչու չի նշվում, օրինակ, երթուղային միկրոավտոբուսներով, ավտոբուսներով և տաքսիներով փոխադրված ուղևորների թիվը: Փոխարենը պարզ է մի բան.բախտներս բերել է, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է դարձել համեմատաբար «լենուբոլ» ժամանակներում, այլ ոչ թե, ասենք, «ցուրտումութ» տարիներին, երբ Երևանի մետրոպոլիտենը մեկ շաբաթվա մեջ էր մոտավորապես այդքան ուղևոր տեղափոխում: Թերևս, չարժե հիշեցնել, թե՝ ինչու:

Վերադառնանք մեր ժամանակներ, ավելի ստույգ՝ օրեր:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները:

Հուզիչ է, այնպես չէ՞:

Ի դեպ, աջակցության կարգով կիսամյակային մի ամփոփիչ տվյալ էլ կարող եմ իմ կողմից հուշել. այս տարվա առաջին կիսամյակում մեր բազմաբնակարան շենքի աղբահորանը դատարկվել է 16 անգամ: Առաջին երկու ամիսը՝ երկուական անգամ, մնացած ամիսներին՝ երեքական, այսինքն՝ 10 օրը մեկ, եթե բախտներս բերի: Դա հաշվելը բարդ չէ, դրա զգլխիչ «բուրմունքին» հաշտվելն է, որ չի ստացվում: Բայց դե ամեն ինչ միանգամից հո չի՞ լինի: Մարդիկ կամաց-կամաց, մի երկու տարվա մեջ կվարժվեն աղբահոտին: Հա, ու ամփոփման զարդը. «Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ»:

Բնականաբար, ուրախ ենք նորածինների ծնողների, տատիկների, պապիկների, հարազատների, հոպար-հուրքուրների համար: Բայց ի՞նչ կապ ունի երեխաների ծնունդը քաղաքապետարանի աշխատանքի, քաղաքային իշխանության գործունեության և դրա արդյունքների հետ:

Չնայած, երևի դեռ պետք է գոհ լինենք, որ կիսամյակում արձանագրված արևոտ օրերի թիվն էլ չի հիշատակում՝ որպես քաղաքային իշխանության հետևողական ու տքնաջան, անձնուրաց աշխատանքի ձեռքբերում:

Ըստ թեմայի

Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզներն սկսեն որակապես բարձրանալ. Մարության
Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության
Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել
թեգերը:
երեխա, Շուն, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Հայկ Մարության

Գլխավոր թեմաներ