11:42 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Ուժուպիսի սահմանադրությունը

Ամեն շուն ունի շուն լինելու իրավունք. Ուժուպիսի մայր օրենքի հայերեն տարբերակը չեն գնում

© Photo: Public domain / Brian Toward
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
18110

Ուժուպիսի Հանրապետությունն ունի իր դրոշը, օրհներգը, տարադրամը, նախագահը, կառավարությունը՝ վարչապետ, ֆինանսների, տեղեկատվության, արտաքին գործերի և նույնիսկ «առանց պորտֆելի» նախարարներ։ Այս հանրապետության սահմանադրությունը նաև հայերեն է թարգմանվել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. «Մարդն ունի Վիլնյալե գետի կողքին ապրելու իրավունք, իսկ Վիլնյալե գետն ունի մարդու կողքով հոսելու իրավունք». սա Ուժուպիսի ինքնահռչակ հանրապետության Սահմանադրության առաջին կետն է։ Հավանաբար ընթերցողներից շատերի ռեակցիան նույնն է, ինչ նյութի հեղինակինը, երբ նա իմացավ Ուժուպիսի Հանրապետության մասին իր ընկերներից մեկի Facebook-յան էջում արված գրառումից՝ սա կատա՞կ է, թե՞ հումորային հաղորդման սցենարից մի հատված։

Կասկածները միանգամից հօդս չեն ցնդում անգամ այն բանից հետո, երբ համացանցում հայերեն, ռուսերեն, անգլերեն «search» եք անում «Ուժուպիս» բառն ու կարդում հանրապետության հիմնադրման պատմությունը, նախագահի, նախարարների մասին և այլն։ Իրականության ու մտացածինի միջև սահմաններն ավելի անորոշ են դառնում, երբ Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական կայքում կարդում եք տեղեկություն այն մասին, որ Ուժուպիսի Հանրապետության Սահմանադրությունը վերջապես նաև հայերեն է թարգմանվել։

Ավելի ես խճճվում, երբ կարդում ես հայերեն թարգմանված Սահմանադրությունը.

«Յուրաքանչյուր ոք ունի մահանալու իրավունք, բայց ոչ պարտականություն...Ոչ մի կատու պարտավոր չէ սիրել տիրոջը, բայց դժվարին պահին պարտավոր է սատարել նրան... Ոչ ոք չունի հավերժականին հավակնելու իրավունք.. Յուրաքանչյուր շուն ունի շուն լինելու իրավունք...»։

Իսկ հիմա ամեն ինչի մասին հերթով ու կարգով...

Նախ որտե՞ղ է Ուժուպիսի Հանրապետությունը. մենք սովոր ենք, որ բոլոր տարօրինակ անուններ ունեցող պետություններն Աֆրիկա աշխարհամասում են, սակայն այս մեկը Եվրոպայի սրտում է։ «Ուժուպիս» թարգմանաբար նշանակում է «գետի այն ափը» և գտնվում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հին քաղաքի հատվածում, զբաղեցնում է ընդամենը 60 հա տարածք և ունի մոտ 7000 բնակիչ։ Ուժուպիսցիները վստահ են, որ լավ երկիրն այն երկիրն է, որտեղ բոլոր բնակիչներն իրար ճանաչում են, դրա համար բնակչության մեծ թիվ ունենալն իմաստ չունի։

Конституция Ужуписа на армянском языке
© Photo : provided by Ruzanna Tsaturyan
Ուժուպիսի Հանրապետության սահմանադրությունը

Այստեղ հաճախ կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ։ Ուժուպիսի բնակիչները հիմնականում նկարիչներ են, քանդակագործներ, գրողներ... Ուժուպիսը համեմատում են փարիզյան Մոնմարտրի հետ, բայց այստեղ արվեստագետներն ավելի հեռուն են գնացել՝ 1997թ. -ի ապրիլի 1-ին խորհրդանշական կերպով ինքնահռչակելով Ուժուպիսի Անկախ Հանրապետություն։ Ամեն տարի այս օրը նշվում է Ուժուպիսի անկախության օրը. միայն այդ օրը զբոսաշրջիկները, որոնք պատրաստվում են հատել այն կամուրջը, որից հետո սկսվում է ինքնահռչակ հանրապետությունը, իրենց անձնագրերում Ուժուպիսի Հանրապետության մուտքի կնիք են ստանում։

Ասում են, որ հանրապետության տոնի առիթով կենտրոնական հրապարակում տեղադրված ջրի խողովակից գարեջուր է թափվում։ Ուժուպիսի Հանրապետությունն ունի իր դրոշը, օրհներգը, տարադրամը, նախագահը, կառավարությունը՝ վարչապետ, ֆինանսների, տեղեկատվության, արտաքին գործերի և նույնիսկ «առանց պորտֆելի» նախարարներ։ Մինչև վերջերս հանրապետությունն ուներ նաև տասը հոգուց կազմված բանակ, սակայն, հաշվի առնելով ինքնահռչակ հանրապետության խաղաղասիրությունը, բանակը ցրվեց։

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Ուժուպիսն ունի նաև 41 կետից բաղկացած Սահմանադրություն, որը թարգմանված է աշխարհի տարբեր լեզուներով։ Թարգմանությունները տեղ են գտել Ուժուպիսի Սահմանադրության հուշատախտակի վրա։ 2018թ.-ի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, տեղի ունեցավ նաև հայերենով ցուցատախտակի բացումը։ Այդպիսով հայերենը դարձավ 31-րդ լեզուն, որով թարգմանվել է Ուժուպիսի սահմանադրությունը։ Հայելային ցուցատախտակի հարևանությամբ տարբեր կրպակներ կան, որտեղ վաճառվում են Սահմանադրության թարգմանված տեքստերը։ Ինքնալուսանկարի հեղինակ, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը, որի Facebook-յան էջից իմացա այս մեծ աշխարհի փոքրիկ հանրապետության մասին, ասում է, որ երբ մոտեցավ վաճառողին՝ ցանկանալով գնել հայերեն տեքստը, պարզեց, որ հայերեն տարբերակը վաճառքում չկա, որովհետև այս տարիների ընթացքում միակ մարդը, որը հարցրել էր հայերեն թարգմանված սահմանադրության մասին, նա է եղել, եթե իմանար, որ երբևէ ինչ-որ մեկը կհարցնի, անպայման կունենար։

Այն, ինչը միգուցե սկսվեց որպես ապրիլմեկյան կատակ, զարգանալով դարձավ ոչ միայն Լիտվայի ու Վիլնյուսի զբոսաշրջային այցեքարտերից մեկը, այլև ազատությամբ, արվեստով, յուրօրինակությամբ շնչող անկյուն, որտեղ իրեն երջանիկ է զգում յուրաքանչյուրը՝ թե՛ բնակիչը, թե՛ հյուրը։ Ուժուպիսում կա ջրահարսի արձան. բնակիչներն ասում են, որ նա, ով կնայի ջրահարսի աչքերի մեջ, էլ երբեք չի ցանկանա հեռանալ Ուժուպիսից. կամրջից այն կողմ մեծ աշխարհն է, իսկ գետի այս ափին՝ Ուժուպիսը՝ այն վայրը, որտեղ յուրաքանչյուրը չհասկացված լինելու, սխալվելու, սիրելու, նշանավոր կամ հռչակավոր չլինելու, իր անկարևորությունը կամ մեծությունը գիտակցելու, անհատ լինելու իրավունք ունի։

թեգերը:
հայերեն

Գլխավոր թեմաներ