23:19 15 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
Հյուրանոց

Սաղաթել, գնա՞նք մոթել, թե՞ ոստիկանությունը «կհայտնաբերի»

© Photo: Public Domain
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
43210

Այդ առաջներում էր, որ մոթել կարելի էր տեսնել գերազանցապես քաղաքներից դուրս, հիմնականում՝ մայրուղիների մերձակայքում: Իսկ մեր օրերում մոթելներ կարելի է հանդիպել մայրաքաղաքի ամենակենտրոնում անգամ: Հյուրանոցների, հյուրատների, հոսթելների բազմության մեջ դա գուցեև արդեն սովորական է նայվում:

Արտաքուստ միմյանց հետ այնքան էլ չշաղկապված և ոչ այնքան կարևոր թվացող երկու դիպված որոշակի ուշադրություն հրավիրեցին մայրաքաղաքային «մոթելների» վրա: Առաջին դիպվածը Ֆեյսբուքում հանդիպած մոթելի գովազդ էր՝ ժամավճարով առաջարկվող սենյակներով: Հենց ժամավճարի պահն ուշադրություն գրավեց, քանզի դա մի փոքր տարօրինակ է, էլի: Բայց, ենթադրենք, ժամավճարն էլ է «օ-քեյ»: 

Երկրորդ դիպվածն օրերս էր: Հանցաշխարհին ու հանցածին միջավայրին անողոք պատերազմ հայտարարած ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում կարգի պահապանները պարբերաբար շրջայցեր են իրականացնում, ինչպես նշել էին՝ «մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում»: Եվ այդ պայքարի շրջանակներում ոստիկանները հուլիսի 10-ին «իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կնոջ»:

Այդ հաղորդագրության բովանդակությունն, իհարկե, գրավիչ է՝ հավաքատեղի, մարմնավաճառներ հայտնաբերել: Հատկապես՝ «հայտնաբերել» բառը: Կարելի է կարծել, թե նրանք, ում հայտնաբերել էին ոստիկանության ծառայողները, ընդհատակյա են գործում կամ ընդմայթյա:

Իրականում, բոլորն էլ բոլորի տեղերը գիտեն: Ոստիկանության օպերները՝ նաև անուն-ազգանուններով ու մշտական «աշխատավայրերով»: Չենք ասում, թե գիտեն, օրինակ, «առաջին հնագույն մասնագիտության» ի հայտ գալու ժամանակներից, բայց որ լավատեղյակ են մեր ժամանակներում այդ գործով զբաղվողների ընդհանուր տեղաբաշխման մասին, կարծում ենք, պարզից էլ պարզ է: Ասել կուզի՝ ի՞նչ հայտնաբերելու մասին կարող է խոսք լինել:

Բայց պարզվում է՝ լավ էլ կարող է:

Բանն այն է, որ ճամփեզրին կանգնողներից կամ ինչպես մի 10-15 տարի առաջ կասեին՝ «տրաս ելածներից» բացի, կան նաև մի կարգ բարձր «ռանգի» մարմնավաճառներ, որոնց հիմնական «հավաքատեղիները» հենց սնկերի պես աճած զանազան-զարմանազան ներքաղաքային մոթելներն ու մի տեսակ երկակի տպավորություն թողնող փոքրիկ հյուրանոցները են, մերձքաղաքային որոշ հյուրանոցային համալիրներ (շոգեբաղնիքով, ռեստորանով-բանով): Դե, «գիշերային» կամ «էրոտիկ շոու» ակումբների մասին պարզապես լռենք, քանզի առանց ասելու էլ պատկերը և բովանդակությունը պարզ է: Ուշադիր հայացքից չի վրիպի նման ակումբների մերձակայքում, ասենք, մի 50 մետր շառավղով  պատահաբար հայտնված որևէ մոթել կամ հյուրանոց:

Մի խոսքով, հայտնի կինոյից վերցրած արտահայտությունը փոքր-ինչ վերափոխելով, կարելի էր ասել՝ Սաղաթե՛լ, չգնա՞նք… մոթել:

Մարիխուանայի «լեգըլայզ», կամ ո՞վ է «վառել» թեման, որտեղից է «ծուխը» լրահոս լցվել

Չգնացինք: Բայց զանգեցինք: Դե, ի՞նչ պիտի հարցնեինք: Երկտեղանոց համար «վերցնելը», պարզվում է, շատ ու շատ մայրաքաղաքային մոթելներում ժամավճարով է: Արժեքը տատանվում է 4-5 հազար ՀՀ դրամից մինչև 8-10 հազար, նայած, թե քանի ժամվա մասին է խոսքը՝ 1-2, թե՞, ասենք, երեք ժամով եք «մոթելավորվում»: Հա, բնականաբար, հյուրանոցամոթելային համարի ժամավճարային վարձման սակագինը կախված է նաև կոնկրետ օբյեկտի առաջարկած հարմարություններից: Ասենք, մի բան է, երբ դա պարզապես մահճակալ-սանհանգույց-մինիմալ համարություններ են՝ շինության դիմաց մեքանան թողնելով, և սակագնային այլ «լեվլ» է, եթե նաև սաունա կա, ջակուզի, հենց վարձած համարի տակ գտնվող փակ ավտոկայանման հնարավորություն:

Մոթելատերերին կամ նմանօրինակ հյուրանոցներն աշխատեցնողներին առանձնապես չի հուզում, իհարկե, թե ովքեր եկան, ինչ զույգեր են, ինչ են գտել իրար մեջ:  Օրենքի տառի տեսանկյունից դա նրանց գործը չի: «Թղթերով» իրենց մոտ ամեն ինչ մաքուր է. կան մարդիկ, որ սենյակի կամ «համարի» կարիք ունեն, թեկուզ 2-3 ժամով, իրենք էլ, պահանջարկին համապատասխան առաջարկ են անում: Իսկ թե ովքեր եկան, ինչ մտքով ու նպատակով՝ կներեք՝ անձնական կյանքի անձեռնմխելիության տիրույթում է: Հետո՞ ինչ, որ ենթադրենք՝ այսինչ անձնավորությունը շաբաթը մի քանի անգամ է գալիս ու գրեթե միշտ տարբեր տղամարդկանց ուղեկցությամբ: Դա հյուրանոցի կամ մոթելի գործը չէ: Կարևորը՝ վճարում են:

Ի դեպ, ինչ-որ հատուկ պահանջ կամ կարգ չկա, թե քաղաքի ներսում չեն կարող մոթելներ լինել: Ըստ էության, դա «մոթոր-հոթել» է, այսինքն՝ 1-2 հարկանի հյուրանոց՝ համեմատաբար նվազ հարմարություններով, որոնցից գլխավոր առավելությունը սեփական փոխադրամիջոցով անմիջապես համարին մոտենալն է: Բայց հյուրանոցների ու այլ նման օբյեկտների դասակարգման հարցը չէ, որ մեզ հետաքրքրեց:

Զբոսաշրջիկները չեն թողնում աշխատել. մարմնավաճառները բողոքել են Ամստերդամի իշխանությանը

Հետաքրքիրն այլ բան է. այն, որ քաղաքաբնակների ճնշող մեծամասնությունը ոչ միայն կայուն պատկերացում ունի, այլև մի զգալի հատված պարզորոշ գիտի, թե որն է «հյուրանոցամոթելների» կամ «մոթելահյուրանոցների» ֆունկցիոնալ նշանակությունը: Դրանց հարևանությամբ բնակվելու «երջանկությունն» ունեցող քաղաքացիների մի մասը այդ «մոթելաբնակներից» շատերին երևի արդեն դեմքով էլ է ճանաչում: Իսկ գիտի՞ այդ մասին, ըստ սեփական հաղորդագրության՝ «մարմնավաճառության դեմ պայքարող» ոստիկանությունը: Իսկ միգուցե գիտի (ինչպես կարող են չիմանալ), սակայն նման «հնարավոր հավաքատեղիներ» հայտնաբերելը թողել են ա՞յլ հարմար տեղեկատվական կամ իրադարձային առիթի:

Ըստ թեմայի

Երևանում պարուհիները պոռնկությամբ են զբաղվել, գիշերային ակումբի տիրուհին «օգնել» է նրանց
Գիշերային թիթեռնիկներ. հայ մարմնավաճառների օրագրից
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 12 մարմնավաճառ
թեգերը:
պոռնիկ, Հայաստան, Երևան, Մարմնավաճառ, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ