23:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Վարդգես Պետրոսյանի հուշաքանդակի մոտ

Վարդգես Պետրոսյանի «չապրած տարիները». գրողի կինն առաջարկներ ունի պատկան մարմիններին

© Sputnik / Armen Hakobyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
97521

Գրողի ծննդյան տարեդարձն անդրօվկիանոսյան հեռուներից հայրենիք է բերել շառավիղներին` դստերը, նրա զավակներին ու գրողի տիկնոջը։

Ներսես Աշտարակեցու հրապարակից, որն Արագածոտնի մարզկենտրոնում է՝ գողտրիկ ու հին Աշտարակում, սկիզբ է առնում գրող Վարդգես Պետրոսյանի փողոցը: Այստեղ, փողոցի երկայնքով քիչ ներքև, 2000-ականների կեսերին, հարազատների ու տեղական իշխանությունների ջանքերով տեղադրվել է անվանի գրող, 1960-90-ականներին ստեղծագործած ու ոչ միայն գրական ժառանգությամբ, այլև գրական գործունեությամբ վառ հետք թողած Վարդգես Պետրոսյանի հուշարձանը:

Շրջակայքը խնամված է, մաքուր: Իսկ նախօրեին հուշարձանի պատվանդանը ծաղկեպսակներով էր զարդարված: Առիթ, իհարկե, կար. օգոստոսի 9-ը Վարդգես Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Եվ այդ հիշարժան առիթը նաև անդրօվկիանոսյան հեռուներից հայրենիք էր բերել իր շառավիղներին` դստերը՝ Լիլիթին, ու նրա զավակներին՝ Վարդգես Պետրոսյանի թոռներին՝ Տիգրանին ու Եվային, իրենց տատիկի՝ գրողի տիկնոջ՝ Սոնա Տիգրանյանի հետ:

Родственники и друзья у памятника писателю Вардгесу Петросяну в городе Аштарак
© Sputnik / Armen Hakobyan
Վարդգես Պետրոսյանի հարազատներն ու մտերիմները

Այստեղ էին նաև Վարդգես Պետրոսյանի հայրենաբնակ հարազատներն ու Պետրոսյանի ընտանիքի մի քանի մտերիմները: Եկել էին Աշտարակի քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ փոխքաղաքապետներ Վարդան Սաֆարյանն ու Գևորգ Եղիազարյանը, աշխատակազմի ղեկավար Սամվել Սահակյանի հետ:

Памятник писателю Вардгесу Петросяну в городе Аштарак
© Sputnik / Armen Hakobyan
Վարդգես Պետրոսյանի հուշարձանը

Մարդկանց մեծ բազմություն չէր հավաքվել, ու գրողի ծննդյան տարեդարձն էլ ավելի շուտ ընտանեկան միջոցառում էր` զուսպ, համեստ, սակայն ջերմությամբ ու անգին հուշերով, հիշողություններով լի...

Հետո նույն խմբով շարժվեցինք դեպի Աշտարակի գերեզմանատուն, որտեղ մուտքից ձախ գրողի երկրային վերջին հանգրվանն է: Խունկ ծխեցինք, նախնյաց կարգով, ամեն մեկն իր մտքերի ու հույզերի մեջ պարուրված, ամեն մեկը յուրովի հիշելով «Մենավոր ընկուզենու» և «Վերջին ուսուցչի» հեղինակին, «Գարուն» ամսագրի հեղինակին: Խունկ ծխեցինք՝ խոնարհվելով Վարդգես Պետրոսյանի հիշատակին։

Внук Вардгеса Петросяна Тигран Мовсисян возлагает цветы к могиле писателя, Аштарак
© Sputnik / Armen Hakobyan
Վարդգես Պետրոսյանի թոռը` պապի գերեզմանի մոտ

Կամարակապ դարպասից գրեթե անմիջապես հետո էլի կամարներ են՝ խաղողի ուժեղ որթերով զարդարված: Աշտարակի հանրահայտ Բերդաթաղում ենք, որտեղ էլ անցյալ դար 70-ականների կեսերին, անխնամ ու կիսավեր մի վայրում իր աշտարակյան բույնն է հյուսել Վարդգես Պետրոսյանը: Եռահարկ, բայց ճարտարապետի հմտությամբ շրջակայքին բացարձակ ներդաշնակ առանձնատունը տպավորիչ է, թեպետ ժամանակակից, ասենք՝ մի 30 տարի առաջվա չափանիշներով անգամ այն ճոխ չես համարի: Այս տունը հարուստ է, իհարկե, գրքերով, տեսարաններով և բազմաթիվ հիշողություններով:

Внук Вардгеса Петросяна Тигран Мовсисян в рабочем кабинете аштаракского дома писателя
© Sputnik / Armen Hakobyan
Վարդգես Պետրոսյանի աշխատասենյակում

Վարդգես Պետրոսյանի աշխատասենյակում ենք, գրասեղանի մոտ, աթոռի գլխավերևում գրողի հոր լուսանկարն է, դիմացը՝ մոր դիմանկարը, պատերին՝ ընտանեկան լուսանկարներ՝ կնոջ՝ Սոնայի ու որդու՝ Սևակի հետ։

Семейное фото Вардгеса Петросяна в аштаракском доме писателя
© Sputnik / Armen Hakobyan
Ընտանեկան լուսանկար

Տիկին Սոնա Տիգրանյանը վերապահումով է արձագանքում տուն-թանգարանի վերաբերյալ ակնարկին: Տուն-թանգարանը մի տեսակ այլ տպավորություն է թողնում այն իմաստով, որ այնտեղ, թվում է, կյանքն ինչ-որ պահի կանգ է առել ու այդպես պահպանվել: Իսկ Վարդգես Պետրոսյանի տունը դեռ այնքան ապրելիք ունի՝ գրողի թոռների, հետո գուցե նաև ծոռների ծիծաղին ու աշխույժ անցուդարձին կարոտ:

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Շուտով, ասում է, տիկին Սոնան, Վարդգես Պետրոսյանի 90-ամյա հոբելյանն է լինելու և «Գարուն» ամսագրի հիմնադրման 55-ամյակը: Հասկանալի է, որ Հայաստանի գրողների միությունը, գրական շրջանակները տարբեր միջոցառումներով կնշեն գրողի հոբելյանը, հնարավոր է` նաև քաղաքային իշխանությունները որևէ փողոց անվանակոչեն Վարդգես Պետրոսյանի պատվին և ի հիշատակ: Բայց տիկին Սոնան այլ առաջարկություն ունի Երևանի քաղաքապետարանի ու մշակույթի պետական կառույցի պատասխանատուներին. իսկ ինչո՞ւ Երևանում «Գարունի» մի գողտրիկ փոքրիկ պուրակ չհիմնել, որտեղ լինեն նաև ինտերակտիվ վահանակներ, որ կներկայացվեն «Գարուն» ամսագրի կեսդարյա և ավելի ընթացքի պատմությունը, առավել տպավորիչ պահերը, գրական գործերը:

Вдова Вардгеса Петросяна Сона Тигранян у памятника писателю в городе Аштарак
© Sputnik / Armen Hakobyan
Սոնա Տիգրանյան

Արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող Սոնա Տիգրանյանը ցանկություն ուներ հնարավորության դեպքում հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ասում է, որ առանձնահատուկ ինչ-որ խնդիր չկա, պարզապես ուզում էր շնորհակալություն հայտնել փոխված այն միջավայրի համար, որը հնարավորություն է տվել երկար տարիներ անց այցելել հայրենիք, լինել հարազատ օջախում ու մտածել նաև առաջիկայում հայրենի եզերքի հետ կապն ավելի կայուն դարձնելու մասին...

Ներքևի հարկում հարազատները, սեղանի շուրջ հավաքված, տարբեր պատմություններ են վերհիշում, օրինակ, թե ովքեր են եղել Վարդգես Պետրոսյանի այս հյուրընկալ հարկի ներքո՝ Խորհրդային Միության ու Հայաստանի ինչ գրական դեմքեր ու հնչեղ անուններ, մշակույթի երախտավորներ, ինչ սիրով և առատությամբ են նրանց ընդունել տանտերերն ու նվերներով ճանապարհել: Հետո իրենց ընտանեկան հուշերին ու բարեկամական նորություններին են անցնում, թե ով որտեղ է, ինչ է անում և ինչպես են գործերը։ Սովորական, հայկական վիճակ:

Իսկ գրողի աշխատասենյակում մի տեսակ խաղաղություն է:

Рабочий кабинет Вардгеса Петросяна в аштаракском доме писателя
© Sputnik / Armen Hakobyan
Վարդգես Պետրոսյանի աշխատասենյակը

Նախորդ օրերին հարազատներն ու տեղական իշխանությունները հոգացել են, որ տունը և շրջակայքը մաքրվեն, տեսքի բերվեն, այնպես որ գրասեղանին հնության փոշի չի մնացել: Բայց երևակայությամբ պատկերացնում եմ, որ, օրինակ, այս գրասեղանի մոտ նստած է Վարդգես Պետրոսյանը գրել «Մենավոր ընկուզենին»: Հետո Սահակ Կամսարականի հետ մտովի զրուցելով` միգուցե մի պահ ելել է դեպի Քասախի կիրճը նայող պատշգամբ, մշտական ներշնչանք հորդող, բայց աչքին սովոր տեսարանի բերած խոհերի մեջ սուզված, հնարավոր է, մյուս պատշգամբ է անցել ու մի քանի մետր այն կողմ գտնվող անգմբեթացած Սպիտակավորի հնամենի քարերին նայելով բյուրեղացրել ասելիքը, ապա թղթին հանձնել ու սերունդներին: ...Որ հիշեն: Որ իրենց ընկուզենիները չմենանան: Որ արմատից չհեռանան:

Внутренний дворик и старинные арки аштаракского дома писателя Вардгеса Петросяна
© Sputnik / Armen Hakobyan
Վարդգես Պետրոսյանի տան բակը

Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար

Ըստ թեմայի

Ազատագրված հայրենիքը վայելող և Խորհրդային Հայաստանում «պարսիկ» կոչվող գրողի հուշերը
Ողջույն Սերո Խանզադյանից, կամ ինչը բարկացրեց հայտնի հայ գրողին
Ամերիկացի գրողը շատ էր ուզում Հայաստանում 8000 ֆունտ ծախսել, բայց չկարողացավ
Կոստան Զարյանի վեպը վերատպվեց որպես իր վերադարձի խորհրդանիշ, բայց տխրեցրեց գրողին
Զինվոր, գեներալ, գրող. ինչպես էր Ստեփան Քիշմիշևը պատմություն գրում կռվելով ու կառուցելով
թեգերը:
ծնունդ, Վարդգես Պետրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ