07:28 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
ՍԴ

«Օրինականացվող գործարք» ՍԴ դատավորների համար, կամ իսկական ռումբ պետության տակ

© Sputnik / Asatur Yesayants.
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
171 0 0

Քննարկման է դրվել մի նախագիծ, որով գործադիր իշխանությունը Սահմանադրական դատարանի առկա կազմի դատավորներին բացեիբաց գործարք է առաջարկում. մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական տվեք ու նույն բարձր աշխատավարձը ստացեք, մինչև թոշակի տարիքի կհասնեք:

Իշխանության նկատմամբ քննադատական տրամադրված հայրենակիցներն արտահայտվելու նոր թեմա են «ստացել»: Թեմայի «մատակարարման» հարցը հոգացել է հայրենի արդարադատության նախարարությունը՝ Դատական օրենսգրքում, մասնավորապես նաև՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագծով, որը ներկայացվել է հանրային քննարկման: Ու քննարկումը, բավականին բուռն ու սուր արտահայտություններով, կարելի է ասել, արդեն ծավալվել է սոցցանցերի անծայրածիր տափաստաններում:

Չնայած հանրային քննարկման ներկայացվել է, ըստ էության, նախագծերի փաթեթ, բայց քննադատներն առանձնացրել են ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի 7-րդ հոդվածը, որտեղ ներկայացված են «Անցումային և եզրափակիչ դրույթները»: «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»:

Հետաքրքիր է, որ տարբեր իրավաբաններ, մասնագետներ, որոնց դիմեցինք մեկնաբանություն ստանալու համար, չշտապեցին մեկնաբանել, թեկուզ նախագծային վիճակում գտնվող նման «օրինականացվող գործարքը»: Հակառակը` շտապեցին խուսափել: Հավանական զրուցակիցներից մեկի խուսափելու պատճառաբանությունն էր ուշագրավ: Ասաց, թե չի ցանկանում մասնագիտական կոռեկտության սահմաններից ելնել, իսկ նախագծում արտացոլված հիշյալ դրույթը կոռեկտ ու մասնագիտորեն արտահայտվելու տեղ չի թողնում:

Մեծ հաշվով, հիշյալ դրույթը կարելի է այսպես «թարգմանել». Սահմանադրական դատարանի դատավորներ (բացառությամբ գործող իշխանության կողմից պաշտպանված Վահե Գրիգորյանի), մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական տվեք, ձեր աշխատավարձը, պրերիաներով հանդերձ, կվճարվի, միայն թե՝ ՍԴ-ն հանձնեք կառավարության (իմա՝ վարչապետի) տնօրինմանը:

Զուգահեռ, ի դեպ, նաև քրեական գործերի ակնարկ կա, այն իմաստով, որ նույն նախագծի մեկ այլ կետով առաջարկվում է սահմանել, որ իր գործունեության հետ չկապված որևէ գործով մեղադրանք ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են:

Խորհրդարանի նախկին պատգամավոր, իրավաբան և դասախոս Էլինար Վարդանյանը, թերևս ի տարբերություն այլ գործընկերների, ավելի ամուր նյարդեր ունի և, որպես «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ, այդ նախաձեռնության կայքում գրավոր մեկնաբանել է նշված խնդրահարույց օրինագիծը:

Նրա կարծիքով` առաջարկվող փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, վտանգավոր են և շատ ավելի խորքային ազդեցություն են թողնելու պետության հետագա զարգացման վրա, քան պատկերացնում ենք:

Այվազյան. «Սուբյեկտիվ, անգրագետ էքսպերիմենտների առարկա են դարձնում պետությունը»

«Եթե մենք փոփոխությունները դիտարկում ենք վերջին զարգացումների ներքո, հատկապես այն գործընթացների, որոնք տեղի էին ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, ապա նպատակն ավելի քան ակնհայտ է դառնում: ՍԴ դատավորի հրաժարականը, առանց աշխատելու նույնքան աշխատավարձ ստանալու և գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին անդամներից:

Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարան: Սակայն մի քանի հոգու կողմից ծրագրավորված այս գործողության արդյունքում ձևավորված մթնոլորտը բերելու է նրան, որ ՍԴ-ն այսուհետ արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա իսկապես ռումբ է պետության տակ: Մենք վերջին ամիսներին համառորեն գնում ենք «իրավական դիվերսիայի» ճանապարհով, որի ճարտարապետը նույն խումբն է»,-մասնավորապես նշել է Էլինար Վարդանյանը:

Նրա կարծիքով` եթե նույնիսկ քաղաքական նպատակներով այդ նախագիծն ընդունվի, ապա մնում է հուսալ, որ կվիճարկվի նման դրույթի սահմանադրականությունը, ի լրումն, Հայաստանը դրա պատճառով ստիպված է լինելու արդարանալ նաև միջազգային հարթակներում, քանի որ, ըստ Վարդանյանի, միջազգային որևէ դատական ատյան կամ փորձագետ չի կարող անարձագանք թողնել նման հակաիրավական կարգավորումը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել է ԲԴԽ. խորհուրդը մտահոգություն է հայտնում

Այս նախագծի խմորն, իհարկե, դեռ ջուր կքաշի: Հավելենք, որ նախագիծը «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում կամ որ նույնն է՝ e-draft.am-ում զետեղվել է օգոստոսի 9-ին, հրապարակումը պատրաստելու պահին այն դիտվել էր 1600 անգամ, ստացել 47 «կողմ» (44%) և 59 «դեմ» (56%):

Ի դեպ, վերադառնալով, պայմանական ասած՝ «ձեր աշխատավարձն էլ կտանք, պրեմիան էլ, մենակ թե ՍԴ-ն մեզ տվեք» նախագծին, ասենք, որ այն հիշեցնում է ՀՀ գործող Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածն, այն է՝ «Կաշառք ստանալը»։ Մեծ հաշվով, պաշտոնատար անձանց, այն էլ ՍԴ դատավորներին խոստանում են անաշխատ եկամուտներ (չաշխատել, բայց աշխատավարձ ստանալ), որպեսզի նյութական բարիք խոստացողի օգտին գործողություն կատարեն՝ հեռանան իրենց զբաղեցրած պաշտոններից:

Հետաքրքիր է, թե ՍԴ ներկայիս կազմից քանի՞ դատավոր հրապարակավ կընդունի այդ, միգուցե եկամտաբեր, բայց անվանարկող գործարքի առաջարկը:

Ըստ թեմայի

Փաշինյանի խոսքերը սպառնալիք են իր «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Հարությունյան
Դատավորների «վեթինգ» ՀՀ–ում. ի՞նչ է մտածել Փաշինյանը, նպատակը կարդարացնի՞ միջոցները
Իշխանությունը լուրջ խնդրի է բախվել. դատավորների մեծ մասի վրա «դոսյե» էլ չկա. «Փաստ»
թեգերը:
Օրենք, աշխատավարձ, աշխատանք, Դատավոր, Սահմանադրական դատարան, Իշխանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ