00:09 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
«Բրեստի ամրոցի հերոսների» հուշահամալիր

Պատերազմի ու աշխատանքի հերոս. ինչպե՞ս խեղեցին Սամվել Մաթևոսյանի ճակատագիրը

CC BY-SA 4.0 / Alexxx1979 / Брест. Брестская крепость. Монумент «Мужество»
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
227 0 0

Երբեմն պատահում է այնպես, որ մարդուց խլում են այն ամենը, ինչը նա ստեղծել է իր քրտինքով, բայց դա դեռ դժբախտության կեսն է, աշխատածը վերականգնվում է։ Առավել  ցավալի է, երբ խլում են բարի համբավն ու հանցագործ հայտարարում: Այդպես եղավ Բրեստի ամրոցի կայազորի կոմերիտմիության կազմակերպիչ Սամվել Մաթևոսյանի հետ։ Ճիշտ է, ի վերջո, երջանիկ ավարտով. Հերոսից հասցրեցին ներողություն խնդրել դեռ կյանքի օրոք, վերադարձրեցին խլածը, կոչումները...

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Նա լեռնային ինժեներ էր, առհասարակ, հանքերի մասնագետ, այլ ոչ զինվորական: Պարզապես Սամվել Մաթևոսյանը կռվել է ոչ թե վախից, այլ խղճից դրդված, երբ հանգամանքներն են այդպես դասավորվել: Նա լավ է պատերազմել` փառավոր և հերոսաբար, բայց «հետոն» վատ եղավ: Թե նրա կյանքից քանի տարի է տարել արդարության համար պայքարը, գիտեն միայն չվերականգնվող բազմաթիվ նյարդային բջիջների բանակները: Առավել ևս, որ Մաթևոսյանն անձամբ չի մասնակցել գործընթացներին:

Որտեղ եղել է, հայերի է փնտրել. ինչպես Բուլղարիայի հերոս հայը նվաճեց օլիմպիական ոսկիները

Սամվել Մաթևոսյանը ծնվել է 1912 թվականի օգոստոսի 24–ին, Կարսից ոչ հեռու, իսկ վեց տարի անց, Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքը, հասել է Վլադիկավկազ: Դպրոցից հետո նա գնացել է Մոսկվա, ընդունվել Գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտ, որն ավարտել է գերազանցությամբ: Սկզբից աշխատել է Ղազախստանում, իսկ հետո տեղափոխվել է Հայաստան` Կապանի  լեռնահարստացման կոմբինատ, որտեղ շուտով դարձել է հանքերի խմբի պետ:

Герой Социалистического Труда, ветеран Второй мировой войны, один из защитников Брестской крепости Самвел Матевосян.
© Sputnik / Лев Иванов
Սամվել Մաթևոսյան, Երկրորդ համաշխարհային պատերազմի և ԽՍՀ Աշխատանքի հերոս, Բրեստի ամրոցի պահապաններից մեկը

Կապանի զինկոմիսարիատն էլ նրան զորակոչել է բանակ: Դա 1939 թվականն էր, երկրի արևմտյան սահմաններին իրավիճակն արդեն անհանգիստ էր, միգուցե հենց այդ պատճառով էլ նրան ուղարկեցին Բրեստի հրաձգային դիվիզիա: Այդպես էր նախատեսել ճակատագիրը: Իսկ 1941թ-ի հունիսի 22–ին Մաթևոսյանը ստացել է Ավագի կոչում և եղել Բրեստի ամրոցի ջոկերից մեկի հրամանատարը:

Հենց Մաթևոսյանի ջոկն է կազմակերպել ամրոցի պաշարված պաշտպանների առաջին հակագրոհը. այդ պահին արդեն պաշարվող ամրոցի կենտրոնում տղաները ոչնչացրել են գերմանացի ավտոմատավորների ջոկատը: Պաշարման երրորդ օրը Մաթևոսյանը ոտքից վիրավորվել է, նրան մյուս վիրավորների հետ տեղափոխել են նկուղ, իսկ հուլիսի 5–ին գերմանացիները վիրավորներին գերի են վերցրել:

Գերիներին հեռու չեն տարել, Մաթևոսյանը եղել է Բրեստի մոտ գտնվող ճամբարում: Աշնանը վիրավոր ոտքը սկսել է քիչ թե շատ նորմալ շարժվել, և նա առանց երկար մտածելու փախել է պարտիզանների մոտ: Նրանք այդ ժամանակ թեժ մարտեր են մղել, Մաթևոսյանը կրկին վիրավորվել է և նրան թողել են բուժվելու տեղի գյուղերից մեկում` մի գյուղացու ընտանիքում: Գերմանացիները բավական արագ գտել են նրան, բայց նա արդեն կարող էր տեղաշարժվել և հաջողացրել է փախչել Լուցկ, որտեղ աշխատանքի է անցել կոշկակարանոցում:

Խորհրդային զորքերը Լուցկն ազատագրել են 1944թ-ի ձմռանը, Մաթևոսյանին կրկին բանակ են զորակոչել և ուղարկել սպայական դասընթացների, որից հետո նա լեյտենանտի կոչումով դարձել է գրոհային գվարդիականների վաշտի հրամանատար, հասել մինչև Բեռլին և գրել Ռեյխսթագի պատին. «Ես Բրեստից եմ: Սամվել Մաթևոսյան»:

Брестская крепость
© Sputnik / Александр Юрьев
Брестская крепость

Բառացիորեն ամբողջ պատերազմով` Բրեստից մինչև Բեռլին անցած մարդը դժվարությամբ է աշխատանք գտել, բայց ոչ հաշմանդամության պատճառով. նա գերի է ընկել, իսկ դա արդեն խարան էր: Վերջապես, նրան ընդգրկել են երկրախուզական արշավախմբի մեջ, և նա եկել է Հայաստան` Զոդի ոսկու հանքեր և նույնիսկ գլխավորել դրանց մշակման տրեստը:

Վարդգես Պետրոսյանի «չապրած տարիները». գրողի կինն առաջարկներ ունի պատկան մարմիններին

Շրջադարձը 1954թ-ն էր, երբ գրող Սերգեյ Սմիռնովը, որ որոշել էր գրել Բրեստի ամրոցի պաշտպանության պատմությունը, գտել է Սամվել Մաթևոսյանին, իսկ հաջորդ տարի Սմիռնովը միջնորդել է զինվորին կուսակցության շարքերում վերականգնելու համար և նույնիսկ հասել նրան, որ Մաթևոսյանին ներկայացրել են Խորհրդային Միության Հերոսի կոչման: Սակայն այդ միջնորդությունը մերժվել է նույն պատճառով. Մաթևոսյանը գերության մեջ էր:

Մաթևոսյանը 1970–ականների սկզբին արդեն դարձել է Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին կից գունավոր մետաղների արտադրական երկրախուզական վարչության պետ և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում ստացել: Փոթորիկը պայթել է 1971թ–ին:

Հենց այդ ժամանակ է լույս տեսել Խորհրդային մեծ հանրագիտարանի երկրորդ հրատարակությունը, որտեղ Բրեստի ամրոցի մասին հոդվածում Սամվել Մաթևոսյանը ներկայացվել է մահացածների շարքում: Թվում էր` թյուրիմացություն է, որն ուղղելը հեշտ է: Բայց ոչ:

Ինչ–որ մեկը սկսել է լուր տարածել, որ ամբողջ ԽՍՀՄ–ում հայտնի մարդն իրականում ինքնակոչի մեկն է, որը յուրացրել է մահացած մարտիկի անունը և օգտվում է նրան բաժին հասած բարիքներից ու փառքից: Գործը հասել է քննիչներին, որոնք, չգիտես ինչու, համառորեն հրաժարվել են հաշվի առնել Մաթևոսյանի օգտին եղած փաստերը:

Брестская крепость
© Sputnik / Юрий Иванов
Բրեստի ամրոցը

Չեն օգնել նաև Մաթևոսյանի զինակից ընկերների վրդովված նամակները, ոչ էլ նույնիսկ մարշալ Բաղրամյանի և Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի միջնորդությունը: Քննությունը, որն ակնհայտորեն ուղղորդվել է հզոր ձեռքով, ոչինչ չի ցանկացել լսել և ընկալել: Այդպես էլ գաղտնիք է մնացել, թե ինչու են ոմանք ցանկացել խորտակել Մաթևոսյանի կյանքը:

Կոմկուսի կենտկոմի կուսհսկողության հանձնաժողովը անհատական վարույթ է սկսել Մաթևոսյանի դեմ, իսկ դրա նախագահ Պելշեն Երևան է ժամանել` հանգամանքները պարզելու համար: Հայկական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ նրա հանդիպումից հետո ինչ-որ բան է փոխվել, բայց արդարությունը դեռ չի վերականգնվել. «ինքնակոչության» մասին գործը փակվել է, փոխարենը հայտնվել է նորը:

Հրահանգեցին դիվանագետ դառնալ. ինչպես տնտեսագետ Պողոս Հակոբովն ընկերացավ Քադաֆիի հետ

Ինչ-որ կերպ հայտնաբերվել է, որ իբր Մաթևոսյանն իր առանձնատունը կառուցելիս  մեծածախ գներով ձեռք է բերել 650 ռուբլու շինանյութ. այդ ժամանակների համար քիչ գումար չէր: Առանձնատունն առգրավել են և Մաթևոսյանին կես տարի պայմանական ազատազրկման ենթարկել: Նրան հեռացրել են կուսակցությունից` խլելով Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը:

Գրող Սմիռնովից պահանջել են գրքից հանել այն գլուխները և նախադասությունները, որոնցում նշվում է Մաթևոսյանի անունը: Ի պատիվ Սմիռնովի պետք է ասել, որ նա հրաժարվել է դա անել, ինչից հետո գրքի ամբողջ տպաքանակը ոչնչացվել է:

Եվ միայն 1988թ-ի վերջին Հայաստանի կոմկուսի առաջնորդ Սուրեն Հարությունյանի ջանքերով արդարությունը վերականգնվել է: Այդ ժամանակ վերադարձրել են Մաթևոսյանի կուսակցական տոմսը, իսկ ևս 4 տարի անց` ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը նրան վերադարձրել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը: Այդ պարգևն արդեն անցել է պատմության գիրկը, բայց ամեն դեպքում արդարությունը վերականգնվել է. թե՛ աստղը, թե՛ վկայականը հանել են արխիվներից և վերադարձրել հերոս տիրոջը:

Դրանից հետո Մաթևոսյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 90 տարեկանում` այդպես էլ չհասկանալով, թե ինչու են հալածել իրեն: Հնարավոր է`այդ մասին նա իր դատողություններն է ունեցել: Հայկական գերեզմանատանը նրա շիրիմին համառոտ գրված է. «Սամվել Մաթևոսյան: Բրեստի ամրոցի կոմսօրգ»:

Ըստ թեմայի

Վարդգես Պետրոսյանի «չապրած տարիները». գրողի կինն առաջարկներ ունի պատկան մարմիններին
Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան
Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը
Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի
Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»
թեգերը:
հերոս, ԽՍՀՄ, Սամվել Մաթևոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ