09:30 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Նիկիտա Սիմոնյան

Ալեքսանդր Գրիգորյան. «Սիմոնյանի նման կարող են լինել միայն ընտրայլները»

© Sputnik / Alexander Natruskin
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Օրեր առաջ խորհրդային, ռուսական և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը դարձավ 93 տարեկան։ Sputnik Արմենիայի սյունակագիր, «Տամբով» ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմում է «Արարատի» փառավոր օրերի և ֆուտբոլի վարպետի մասին։

Նիկիտա Պավլովիչ։ Այս անունը նույնիսկ առանց ազգանունը շեշտելու` հիանալի գիտեին նախկին խորհրդային հանրապետությունների բոլոր ֆուտբոլասերները, և նույնիսկ բոլոր ոչ ֆուտբոլասերները Ռուսաստանում, առավել ևս` Հայաստանում։ Խորհրդային ֆուտբոլի պատրիարքը, խաղացողը, մարզիչը, կազմակերպիչն օրեր առաջ նշեց իր ծննդյան 93–ամյակը։

Սիմոնյանն, անշուշտ, սրբություն է։  Նա անզուգական ֆուտբոլիստ է, հզոր մարզիչ, բայց ամենակարևորը, և դրանից է պետք սկսել ցանկացած խոսակցություն Նիկիտա Պավլովիչի մասին` նա կարկառուն անձնավորություն է։

Առաջին անգամ հայրս ինձ մարզադաշտ տարավ 1974 թվականի խաղաշրջանի ժամանակ։ Հիշում եմ` «Արարատը» խաղում էր Վորոշիլովգրադի «Զարյայի» հետ։ Այդ օրվանից և մինչև Միության վերջին առաջնությունը, ես միակ ֆուտբոլային «հիվանդությամբ» էի տառապում` «Արարատով»։ Իսկ «Արարատի» հետ, իհարկե, հատկապես այն տարիներին, Նիկիտա Սիմոնյանի անունն անբաժան էր։

Եվ Սիմոնյանի նկատմամբ պատկառանքով լի զգացողությունն ինձ մոտ ճիշտ այնպիսին է, ինչպես և ֆուտբոլով հետաքրքրվող ցանկացած հայի մոտ, իսկ այդպիսիք, հավանաբար, մեծամասնություն են։ Չէ՞ որ հենց նա Երևանի թիմը դարձրեց ոչ միայն ուժեղագույնը ԽՍՀՄ–ում, այլև փառավորեց ամբողջ աշխարհով` հաղթելով այն ժամանակվա ուժեղագույնին` «Բավարիային»։

Իսկ ծանոթանալ Սիմոնյանի հետ` ինձ հաջողվեց ուղիղ 8 տարի առաջ. դա տեղի ունեցավ քննության ժամանակ, երբ մարզչական արտոնագիր էի ստանում։ Սիմոնյանն իր տարիքի համար լավ մարզավիճակում է և արտոնագրային քննությունների ժամանակ միշտ աշխատում է ներկա գտնվել. իսկ դրանք 6 ժամից ավել են տևում։

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

Մեր առաջին զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում. Սիմոնյանն իմ հանդեպ շատ բարյացակամ վերաբերմունք դրսևորեց և մաղթեց ինձ տեսնել Պրեմիեր լիգայի թիմի հետ։ Այդպես էլ ստացվեց. հաջողվեց աշխատել «Մախաչկալայում», այժմ` «Տամբովում»։

Հետաքրքիր է, որ Սիմոնյանի դեպքում մինչ նրան ճանաչելը ստեղծված երևակայական կերպարը լիովին համապատասխանում է նրա իրական կերպարին։

Այսինքն,Նիկիտա Պավլովիչը հենց այնպիսին է, ինչպես դու իրեն պատկերացրել ես և նկարել. ականավոր խաղացող, մարզիչ և ֆուտբոլի կազմակերպիչ, միևնույն ժամանակ` շատ ազնիվ և զարմանալիորեն համեստ մարդ։

Եվ նրա բոլոր որակներին գումարվում է անհավանական չափերի հասնող աշխատասիրությունը։ Բոլոր այս որակներով կարող են օժտված լինել միայն ընտրյալները, իսկ Նիկիտա Պավլովիչին ես իսկապես ընտրյալ եմ  համարում։

Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ականավոր խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ է։ Երևանի «Արարատ» ակումբն առաջին անգամ գլխավորել է 1973 թվականին։ Նրա ղեկավարման ընթացքում ակումբն իր խորհրդային պատմության մեջ բարձրագույն ձեռբերումն է ունեցել` 1973 թվականին հաղթելով «ոսկե դուբլը»,  ԽՍՀՄ չեմպիոն դառնալով առաջին և միակ անգամ, իսկ երկրի գավաթի եզրափակիչում 2:1  հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»։ Երկրորդ անգամ Սիմոնյանը Հայաստանի լավագույն ակումբը ղեկավարել է 1984-85 թվականներին։

Ըստ թեմայի

Երևանում բացվել է «Արարատ–73» արձանախումբը
Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին
«Արարատ-73»-ի լեգենդներից մեկն էլ հեռացավ
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստը 70 տարեկան է. Sputnik–ի հյուրը Սերգեյ Բոնդարենկոն է
«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլ, Նիկիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ