05:50 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
«Դեպի լույս» երգչախումբ

Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը

© Photo : provided by Varduhi Khachatryan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
25610

11-ամյա Սենիկը և Գոռն ընկերներ ու համադասարանցիներ են: Մեկը երազում է ֆուտբոլիստ դառնալ, մյուսը՝ դերասան, բայց երկուսի կյանքի ամենամեծ երազանքն էլ նույնն է՝ կարողանան տեսնել շրջապատող աշխարհի գեղեցկությունն ու բոլոր գույները:

Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցական առօրյան փոխվեց 3 տարի առաջ, երբ ուսուցչական թիմին միացավ Վարդուհի Խաչատրյանը: Երգչուհի, երգահան Վարդուհին թույլ տեսնող կամ լրիվ չտեսնող երեխաներին սկսեց սովորեցնել աշխարհը տեսնել ու ճանաչել երգով:

Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց

Գոռ Հովհաննիսյանը ծնունդով Տավուշի մարզի Կողբ գյուղից է: Արդեն քանի տարի է՝ Երևանում են ապրում, բայց սահմանային կրակոցների ձայները հիշում է: Երազում է ֆուտբոլիստ դառնալ, բայց ավելի շատ ցանկանում է, որ տեսողությունը լավանա: Թե ինչն է տեսողության խանգարման պատճառ դարձել, չգիտի, բայց արդեն 4 անգամ վիրահատվել է:

Участники хора К свету Гор Ованнисян и Сеник Мурадян
© Photo : provided by Varduhi Khachatryan
Գոռ Հովհաննիսյանն ու Սենիկ Մուրադյանը

Գոռի համադասարանցին և ընկերը`Սենիկ Մուրադյանը, ասում է, որ տեսողության խանգարման պատճառը բժշկի սխալն է եղել, հատուկ խցիկում (կուվեզ) շատ են թթվածին տվել, դրանից ակնաբիբը վնասվել է: Պարբերաբար բուժում է ստանում Մոսկվայում: Հույսը չի կորցնում՝ բուժումներն ի վերջո արդյունք կտան, տեսողությունը կվերականգնվի: Մի աչքն առհասարակ չի տեսնում, մյուսով թույլ տարբերակում է գույները: Գոռը դասերից հետո ամեն օր տուն է գնում, իսկ Սենիկն ապրում է Արարատի մարզի Գոռավան գյուղում, տուն է գնում միայն շաբաթ-կիրակի օրերին և արձակուրդներին: Մնացյալ օրերն անցկացնում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:

Худрук музыкального хора К свету Вардуи Хачатрян
© Photo : provided by Varduhi Khachatryan
Վարդուհի Խաչատրյանը

Սենիկն ու Գոռը խոստովանում են, որ մինչ ընկեր Վարդուհու` իրենց դպրոց գալը, չէին մտածում, թե մի օր կերգեն: Իսկ հիմա արդեն երգում են ոչ միայն երգի դասերին, այլև տանն էլ՝ հենց այնպես կամ առիթների ժամանակ սիրով իրենց կարողություններն են ցույց տալիս:

«Կարո՞ղ է երգը մի օր թողնեք» հարցիցս զարմանում են, թե ինչու պիտի մտքներով նման բան անցներ: Արդեն հստակ որոշել են՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեն, երգն իր տեղն է ունենալու:

«Սկզբում շատ էի մտահոգվում, վախենում էի, որ երեխաները հանկարծ, օրինակ, բեմից չընկնեն և այլն: Բայց իրենք շատ ընդունակ են, շատ աշխատասեր, բոլոր դժվարություններն արագ հաղթահարեցինք: Կարճ ժամանակում գտա ինձ իրենց աշխարհում»,- խոստովանում է  հատուկ դպրոցում գործող «Դեպի լույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

Երգչախումբը գործում է 2016 թվականից, ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի հովանու ներքո: Կազմում ընդգրկված երեխաները Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից են, ոմանք առանց ծնողական խնամքի են՝ շաբաթ և կիրակի օրերին ոչ թե տուն են գնում` ընտանիքի մոտ, այլ՝ մանկատուն: Ոմանք ոչ միայն տեսողության խանգարումներ ունեն, այլև մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն:

Музыкальный хор К свету
© Photo : provided by Varduhi Khachatryan
«Դեպի լույս» երգչախումբ

Երեխաներից շատերի տեսողությունը հնարավորություն չի տալիս ինքնուրույն սովորելու երգերի բառերը. ընկեր Վարդուհին անձամբ տող առ տող յուրաքանչյուրի հետ պարապում է, սովորեցնում: Զարմանքով նշում է, որ շատերը ֆենոմենալ հիշողություն ունեն: Քանի որ Վարդուհին միաժամանակ մեկ այլ մանկական երգչախմբի՝ «Կանչի» գեղարվեստական ղեկավարն է, հաճախ տարբեր համերգներին միավորում է երգչախմբերը: Անկեղծանում է` ամենասկզբում լինում էին դեպքեր, երբ ծնողները նեղսրտում էին, թե իրենց երեխաները սովորում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, սակայն Վարդուհու համառությունը հաղթեց.

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

«Ինձ համար շատ կարևոր էր, որ իրենք հասկանային, որ սա և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ որևէ հաշմանդամություն չունեցող երեխաների համար ճիշտ է: Նրանք պետք է մանկուց իրար սովորեն, ճանաչեն: Հաշմանդամությունն ընդամենը կարգավիճակ է, դա չպետք է պատճառ դառնա լիարժեք կամ լիիրավ չապրելու համար»,- ասում է նա:

Музыкальный хор К свету с худруком Вардуи Хачатрян
© Photo : provided by Varduhi Khachatryan
«Դեպի լույս» երգչախումբ

Միացյալ երգչախումբն արդեն հասցրել է մի շարք համերգներ ունենալ Հայաստանում, Արցախում, նաև արտերկրում: Նրանք համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր:Այս տարի մեծ հաջողությունների է հասել Վրաստանի Քոբուլեթիում կայացած արվեստների փառատոնում: Վարդուհին ասում է՝ անգամ ժյուրիի թուրք անդամն անտարբեր չգտնվեց երգչախմբի հանդեպ, ամենաբարձր՝ 10 միավորը շնորհեց: Փառատոնից վերադարձան ոսկե մեդալով և դիպլոմով:

Музыкальный хор К свету с худруком Вардуи Хачатрян
© Photo : provided by Varduhi Khachatryan
«Դեպի լույս» երգչախումբ

«Երեխաները շատ ոգևորված էին ընդունելությամբ: Հյուրանոցում ամեն օր փորձեր էինք անում, սենյակները փոքր էին, երկրորդ հարկի միջանցքում էինք փորձում. բոլոր հարկերից կենվորները գալիս էին երեխաների կատարումներն ունկնդրելու»,- պատմում է Վարդուհին:

Музыкальный хор К свету
© Photo : provided by Varduhi Khachatryan
«Դեպի լույս» երգչախումբ

Նա աշխատանքից ու դժվարություններից չի հոգնում. ամենակարևորն այն է, որ կարողանում է փոխել երեխաների կյանքը, նրանց կյանքում գույն և լույս բերել, իսկ երեխաներն էլ իրենց այդ լույսն են տարածում աշխարհում, օգնում տեսնողներին իրականում ավելի լավ տեսնել այս աշխարհի գեղեցկությունը:

Ըստ թեմայի

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան
Ժայռամագլցումից մինչև ուժային եռամարտ. սահմանափակ հնարավորություններով Գևորգի նշանաբանը
թեգերը:
հաշմանդամ, մրցույթ, դպրոց, երգչախումբ, երգչուհի, երգ, երեխա, կույր, Հայաստան

Գլխավոր թեմաներ