07:30 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Հայաստանի պատմություն

Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ

© Sputnik / Amalia Papyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
45240

Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է ժամանակակից վայ–գիտնականների մասին, որոնք իրենց հայեցողությամբ փոխում են պատմությունը, ինչպես նաև բոլորի մեջ էթնիկ հայեր որոնելու` հայ օգտատերերին համակած մոլուցքի մասին։ Ի դեպ, էսսեն միայն այդ մասին չէ...

Երբեմն, երբ լսում եմ «պատմություն» բառը, ապա, վերաձևակերպելով ոչ այնքան լավ մարդու ասածը, ձեռքս ակամա տանում եմ, ո՛չ, ոչ դեպի ատրճանակը, այլ գրիչը։ Պատմության` որպես գիտության դեմ ոչինչ չունեմ։ Խոսքը վայ–գիտնականների և խաբեբաների մասին է, որոնք խայտառակում են և՛ մեզ, և՛ մեր պատմությունը։

Խորհրդային տարիներին կատակում էին, որ մեր երկիրն անկանխատեսելի անցյալ ունի։ Բայց դա վերաբերել է խորհրդային պատմությանը, որը փոխել են կուսակցության հերթական համագումարի որոշումներից հետո։ Մնացած ամեն ինչում սահմանափակվել են հայ–վրացական կատակներով, թե ով է ավելի հին։ Լուրջ հարցերը լուծվել են ակադեմիական գիտնականների մակարդակով։ Իսկ այն, ինչ հիմա է տեղի ունենում հետխորհրդային տարածքի երկրներում, այլ կերպ, քան «բանականության քուն», չես անվանի։

Պատմությունը երբեմն փոխում են, երբեմն հորինում, ընդ որում` հաճախ պետական ամենաբարձր մակարդակով։ Հասկանալի է, որ ինչ–որ մեկի սրտով չէ սեփական պատմությունը։ Աշխարհի հնագույն քարտեզներում Հայաստանը և Իբերիան կան, իսկ իրենք` ոչ։ Եվ սկսում են լույս տեսնել ծանրակշիռ հոդվածներ` ակադեմիկոսների և պրոֆեսորների ստորագրություններով։ Ոմանք հայտնագործել են անիվը և ընտելացրել ձիուն, մյուսներն օգնել են Կոլումբոսին բացահայտել Ամերիկան և դեռ միջնադարում Վոլգա–Դոնի ջրանցքով Կիևյան Ռուսիա տարել համեմունքներ և այլ բարիքներ։

Որքան գիտեմ, թե՛ մեր, թե՛ վրացի պատմաբանները նման ուսումնասիրություններով տարված չեն։ Դե, դա հասկանալի է։ Մեր ինչի՞ն է պետք փոխել պատմությունը։ Ինչ եղել է, եղել է. կարդացեք Քսենոփոնի «Անաբասիսը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», մյուս պատմաբաններին։ Հայոց և վրաց այբուբենները գոյություն են ունեցել 5–րդ դարից։ Բայց հիմա խոսքը «տանը աճեցրած» գիտնականների մասին է, որոնք բազմացել են և խայտառակում են թե՛ մեզ, թե՛ մեր պատմությունը։

Վերջերս տեսա վրացի պատգամավոր Գերման Պացացիայի «Հրեաները թաքցրել են Հիսուս Քրիստոսի վրացական ծագումը» գիրքը։ Բնականաբար, չկարդացի, բայց չզլացա զանգահարել վրացի ընկերներիս։

– Շատ բարի մարդ էր, – ծիծաղեցին նրանք, – պատմաբան չէր, գինեգործ էր։ Շատ էր խմում, լյարդի ցիռոզից մահացավ։

Եվ իսկույն ավելացրին. «Մենք քո սարկազմը գնահատեցինք, բայց այն մասին, որ Քրիստոսը խոսել է հին հայերենի Մշո բարբառով, գրել է ոչ թե Պացացիան, այլ ձեր գիտնական Սուրեն Այվազյանը»։

Դե, ի՞նչ ասես. «Արարատ» – «Դինամո Թբիլիսի»` 1։1։

Բարի մարդիկ, Այվազյանը ո՛չ գիտնական էր, ո՛չ էլ պրոֆեսոր ու գիտությունների թեկնածու։ Նա ընդհանրապես պատմաբան չէր, դրա համար կարող էր անհեթեթություն դուրս տալ այն մասին, որ անգլոսաքսերը հայեր են, որոնք մ.թ.ա 15–րդ դարում տեղափոխվել են Բրիտանական կղզիներ։

Հերոդոտոս – Փավստոս Բուզանդ – Սուրեն Այվազյան։ Նույն է թե` Հոմեր – Միլթոն – Պանիկովսկի։ Իսկ ահա Պարիս Հերունին իսկապես ակադեմիկոս էր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ռադիոֆիզիկոս, «Հերունու հայելային աստղադիտակի» ստեղծողը, ինչի համար հարգանք ու պատիվ նրան։ Իսկ նրա պատմական մյուս բացահայտումներն այնքան էլ մոտ չէին իրականությանը։

Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային

Հիշում եմ, թե ինչպես էր նա փորձում մեզ` լրագրողների խմբին, բացահայտել հին աշխարհի գաղտնիքները։ Օրինակ` նրա կարծիքով` «մաթեմատիկա» բառը ծագել է «մատ և մատ» հայերեն արտահայտությունից, իբր այդպես են ասել դեռ այն ժամանակներում, երբ մատների վրա են հաշվել։ Մի քսան րոպե ապշած լսում էինք ակադեմիկոսին։ Բայց երբ նա հայտարարեց, որ եգիպտական բուրգերը հայերն են կառուցել, ես չդիմացա.

– Իսկ մենք այդ մասին արդեն գիտենք։

– Որտեղի՞ց, – զարմացավ հարգարժան պրոֆեսորը։

– Մեր «Նոր հայեր» թիմի տղաները Ուրախների և հնարամիտների ակումբի լիգայի եզրափակիչում ասացին. «Եգիպտական բուրգերն էլ ենք մենք կառուցել, ուղղակի Հայաստանում տեղը քիչ էր, դրա համար որոշեցինք դրանք թողնել Եգիպտոսում»։

Հայ պատմաբանները, ակադեմիական գիտնականները, բնականաբար, դեմ են նման պատմական «աշխատություններին»։ Նրանք կարծում են, որ դա ոչ այլ ինչ է, քան փաստերի խեղաթյուրում, որը վարկաբեկում է ժողովրդին։ Բայց նրանք դեռ չեն որոշել, թե ինչ կարելի է անել։ Թեև միջազգային փորձ կա։

Վերջերս նման բան է տեղի ունեցել ԱՄՆ–ում։ Հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնը կյանքի վերջին տարիներին սկսել է գիտական լուրջ ամսագրերում հոդվածներ տպել սպիտակ և սև ռասաների անհավասար ինտելեկտուալ ընդունակությունների մասին։ Ընթերցողը հավատացել է այդ ամենին, չէ՞ որ հեղինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր է, հեղինակավոր ակադեմիաների անդամ։ Եվ նրանք չեն էլ իմացել, որ նա Նոբելյան մրցանակ է ստացել գիտության բոլորովին այլ ոլորտում հայտնագործություն անելու համար։ Նրան մի քանի անգամ նախազգուշացրել են, որ նման բաներ չգրի, իսկ վերջին անգամ միանգամից զրկել են բոլոր պատվավոր կոչումներից` հետևյալ ձևակերպումով. «Դոկտոր Ուոթսոնի արտահայտություններն արժանի են պարսավանքի և գիտականորեն հաստատված չեն»։

Հիմա 21-րդ դարն է, խոսքի ազատություն է տիրում։ Ով ինչ ուզում, գրում է ու հրապարակում։ Կոչ չեմ անում ինչ–որ մեկին զրկել կոչումներից և պարգևներից։ Բայց միգուցե մեր Գիտությունների ակադեմիան ամեն անգամ նման հրապարակումից հետո պաշտոնապես դատապարտի այն և հայտարարի, որ դա «գիտականորեն հաստատված չէ»։ Այլապես կարելի է անվերջ խայտառակվել։ Համացանցում Այվազյանի «աշխատություններն» ակտիվորեն տարածում են մեր անբարյացակամ հարևանները` անպայման հավելելով` տեսեք ինչ զառանցանք են դուրս գալիս հայ գիտնականները։

Հարևանների դեպքում ամեն ինչ հասկանալի է. նրանց նպատակներն ու խնդիրները պարզ են։ Անհասկանալի է մեր ֆեյսբուքյան ակտիվիստների խանդավառությունը։ Եթե ուրիշ գործ չունեն (դատելով սոցիալական ցանցերում ժամանակի և գրառումների քանակից), ավելի լավ է` ծառ տնկեն և լավ ջրեն։ Կամ հավաքվեն միասին և ընդհանուր ջանքերով ինչ–որ օգտակար ու բարի գործ անեն այսօրվա Հայաստանի համար։ Այլապես ստացվում է. «Մենք չենք ցանում, չենք հնձում, այլ հպարտանում ենք հասարակական կարգով»։

Վերջին օրերին տեսնում եմ, թե ինչպես է Facebook–ում ակտիվորեն տարածվում շատ կարևոր և ուրախալի նորություն։ Պարզվում է, որ Բյուզանդիայի 20 կայսրերն էլ են էթնիկ հայեր եղել։ Եվ ի՞նչ։

Վիշապաքարի հանելուկը. ինչի մասին են վկայում հին Հայաստանի առեղծվածային վիշապաքարերը

Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ ուզում էին Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրել։ Ինչպիսի՜ աղմուկ բարձրացավ, իբր ի՞նչ ենք անում հուշարձանը, ի՞նչ է նա արել իր հայրենիքի համար։ Վիճելի հարց է։ Իսկ ի՞նչ են արել Բյուզանդիայի` հայկական ծագում ունեցող կայսրերը Հայաստանի և հայերի համար, դուք գիտե՞ք։ Հարցրել եմ լուրջ պատմաբաններին։ Ինչպես և կասկածում էի` ոչ մի լավ բան։ Ավելին, Հայաստանի համար նրանք միայն դժբախտություն ու աղետ են բերել։ Հասկանալի չէ, թե ինչով ենք ուրախանում։

Հուսով եմ, որ մեր սերունդներն այլ կերպ կմտածեն ու կհպարտանան ոչ միայն հեռավոր նախնիներով, այլ նաև կմտածեն այն մասին, թե անձամբ իրենք ինչ են արել հայրենիքի համար կամ ինչպես դաստիարակել երեխաներին, որպեսզի նրանք փառաբանեն այն։ 10 դար անց մեր հեռավոր սերունդները Facebook–ում տարածելու են. հազար տարի առաջ աշխարհի քարտեզում եղել է ԽՍՀՄ անունով պետություն և այդ երկրի գերագույն խորհրդի նախագահը եղել է հայազգի Անաստաս Միկոյանը (ի դեպ, ես Անաստաս Իվանովիչի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի նրա պատմությունը ակնառու օրինակ է)։ Միգուցե Ֆիլիպ Կիրկորովին հիշեն` որպես երրորդ հազարամյակի Օրփեոս։

Այստեղ կարելի էր վերջակետ դնել, բայց քիչ առաջ աչքովս ընկավ մի շատ արդիական տեղեկություն։ Եթե նախկինում մենք գիտեինք միայն Սուվորովի տատիկի մասին, ապա հիմա պարզվում է, որ գեներալիսիմուսի մոր ազգանունն էլ Մանուկով է եղել։ Միգուցե հենց այդ պատճառո՞վ է նա կարողացել անցնել Ալպերը։ Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանի տատը ռուս է։ Երևի դրա համար է նրան հաջողվել հաղթական գոլ խփել Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Ալյասկայի» հետ խաղում։

Մի խոսքով, սա այնպիսի խնդիր է, որ առանց 100 գրամի գլուխ չես հանի։ Խմեցի «Մոսկովսկայայի» պահանջվող քանակը և, պիտակին նայելով, սկսեցի մտածել, որ աշխարհում ոչ ոք չի կարող հավակնել այս հայտնագործությանը ռուսներից բացի։ Բոլորին հայտնի է հեղինակը` ռուս գիտնական Մենդելեևը։ Հետո օղին սկսեց ազդել, և կասկածը սկսեց կրծել սիրտս։ Մի րոպե։ Իվանով, Պետրով, Սիդորով` հաստատ ռուսական ազգանուններ են։ Իսկ Մենդելեևը տարօրինակ ազգանուն է։ Պետք է ֆեյսբուքյան փորձագետներից ճշտել` ազգությամբ ով է եղել Դմիտրի Իվանովիչի տատիկը։ Ծիծաղելի է, այնպես չէ՞։ Թե ընդհանուր առմամբ տխուր է։

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

Ըստ թեմայի

Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը
Ուզում էր վերականգնել Հայոց թագավորությունը, բայց դարձավ գիտելիքի կայսրության պահապան
«Այստեղ օդն ուրիշ է». ինչպես վրացին սիրեց Հայաստանն ու Արցախը, իսկ մյուսները տուն գտան
թեգերը:
հայ, հայու գեն, այբուբեն, պատմություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ