19:59 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Տիգրան Առաքելյան

Մայրն անընդհատ շոյում է հեռախոսը, որ Տիգրանի նկարը երևա. ինչ գիտենք սպանված ոստիկանի մասին

© Photo : provided by Liparit Avagyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
621910

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, ծառայողական պարտքը կատարելիս զոհվեց 38-ամյա ոստիկան, երկու երեխաների հայր Տիգրան Առաքելյանը։ Նա սպանվել էր սեփական զենքով՝ 16-ամյա տղայի ձեռքով։ Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է նրա հայրենի գյուղում, զրուցել մոր ու ընկերների հետ։

Կարմրած աչքերով, սևը հագին տիկին Օֆիկը հեռախոսը ձեռքից բաց չի թողնում։ Ամեն զանգի հետ մի տեսակ վեր է թռչում։ Զանգողը Տիգրանը չէր․․․ Հայրական տուն ամեն օր այցելել չէր հասցնում, աշխատանքը շատ էր, բայց օրվա ընթացքում մի քանի անգամ պարտադիր զանգում էր։

«Շատ հոգատար տղա էր․․․ Որ մի հատ զանգում էր, հարցնում էր՝ մամ, ոնց ես․․․ Էլ էդ զանգն էլ չի լինելու է»,- ծանր հոգոցով ասում է տիկին Օֆիկն ու շոյում հեռախոսի էկրանին տեղադրված Տիգրանի նկարը։

Ասում է՝ այդ չարաբաստիկ օրը, վաղ առավոտյան իրենց տուն եկած ոստիկանները չհամարձակվեցին որդու մահվան լուրն իրեն հայտնել, Սպարտակին՝ Տիգրանի կրտսեր եղբորը հարցրին։

«Սպարտակս մեքենայի գործ է անում, դրա համար ոչինչ չկասկածեցի։ Ասացի՝ խանութի վրա համարը գրած է, թող զանգեն»։

Երկու անգամ էլ հայուհու հետ է ամուսնացել. հնդիկ սրտաբանը սիրահարված է հայերին և Հայաստանին

Տիկին Օֆիկն ասում է, որ հյուրերին միշտ մինչև շեմքը ճանապարհում է, բայց այս անգամ այդպես չարեց․ տնից դուրս գալ ընդհանրապես չէր ուզում, գնաց, նորից տանը փակվեց։ Մի քիչ անց հարևանուհին իրեն ներս գցեց՝ հարցնելով, թե ինչ է եղել։

«Ասաց՝ տղադ դուրսը սրտահան է լինում, այնպես է լացում։ Դուրս վազեցի։ Չգիտեի, որ Տիգրանը գիշերային հերթապահության էր, մեքենան էլ նոր էր վաճառել, այնպես որ առաջին բանը, որ մտքովս անցավ, ամուսինս է վթարի ենթարկվել․․․»։

Տիգրանի մանկության ընկերը՝ Լիպարիտ Ավագյանը, լուրն իմանալու պահին Սպարտակի կողքին էր։

«Միանգամից հարցրեցինք՝ լավ, կրակել են, հիմա որտե՞ղ է, ո՞ր հիվանդանոցում է, վիճակը ո՞նց է․․․ Չէինք հավատում, որ նա էլ չկա»,- ասում է Լիպարիտը։

Տիկին Օֆիկը շարունակում է շոյել հեռախոսի էկրանը՝ անընդհատ ակտիվացնելով այն, որ Տիգրանի նկարը երևա։ Հեռախոսը լուսանկարել մեզ թույլ չի տալիս․ պաշտպանում է տղային։ Հիշում է, որ ոստիկան դառնալու որոշում շատ անսպասելի կայացրեց։ Նախկինում երբեք այդ մասին չէր խոսել։ 2001թ․-ին բանակից վերադարձավ ու մի քանի ամիս անց աշխատանքի անցավ իրավապահ համակարգում։

«Շատ հաճույքով էր աշխատանքի գնում։ Սկզբում աշխատում էր Շամպայնի ձորում, այդ ժամանակ անգամ մեքենա չուներ, ամեն առավոտ ոտքով էր ձորն իջնում։ Հետո մի հատ կապույտ ժիգուլի առավ»։

Тигран Аракелян
© Photo : provided by Liparit Avagyan
Տիգրան Առաքելյանն ընկերների հետ

Լիպարիտն էլ հիշում է, որ առաջին մի 10 օրն անգամ ընկերներից գաղտնի էր պահում աշխատանքը, հետո խոստովանեց․ զարմացան։ Տիգրանի ու Լիպարիտի ընկերությունը մանկապարտեզից էր սկսվել, շարունակվել դպրոցում ու դրանից հետո։ Այդպես արդեն 35 տարի։ Սեպտեմբերի 22-ին էլ Տիգրանի 38-ամյակն էին նշում։ Ուրախ էր, կատակասեր, դրա կողքին նաև նուրբ հոգի ուներ, կարող էր նեղանալ, վիրավորվել, եթե, օրինակ, վստահ էր, որ ինքը ճիշտ է, բայց իրեն չեն լսում։

Тигран Аракелян
© Photo : provided by Liparit Avagyan
Տիգրան Առաքելյանն ընկերների հետ

Տիկին Օֆիկն էլ հիշում է որդու հետաքրքրասիրությունը, փոքր տարիքում մեծերին խճճող անվերջ հարցերը։ «Մի անգամ հորաքրոջ будильник-ը փախցրեց։ Տարել, քարուքանդ էր արել, որ տեսներ, թե ինչպես է մեխանիզմն աշխատում»,– պատմում է նա։

Զարմանքով հիշում է, թե ինչպես Տիգրանը մի տեսակ միանգամից մեծացավ, տղամարդ դարձավ։ Շատ ուշադիր էր մարդկանց նկատմամբ, մայրը զարմանքով ասում է, որ կապ էր պահում նույնիսկ հեռու ազգականների հետ, որոնց հետ նույնիսկ ինքը չէր շփվում։ Շատ նվիրված էր ընտանիքին, կնոջ՝ Գայանեի ու երկու երեխաների հետ առանձին էին ապրում, ինքն էլ աշխատանքից հետո տան վրա էր աշխատում, սիրունացնում, ավելի հարմարավետ դարձնում։ Հիմա որդու կիսատ թողած գործերը հայրն է շարունակում․․․

Իսկ Տիգրանի դպրոցի ուսուցիչներից մի քանիսը չգիտեին էլ, որ նա ոստիկան է դարձել: Աշխարհագրության ուսուցչուհի Մելանյա Սարիբեկյանը հուզմունքով ասում է, որ միայն այս սարսափելի դեպքից հետո իմացավ: Գյուղում հաճախ էր տեսել, բայց միշտ քաղաքացիական հագուստով, մտքով չէր անցել․մի անգամ նույնիսկ նրա վարած տաքսին էր նստել։ Հայրը գյուղում տաքսի ծառայություն ուներ, ինքն էլ այնքան աշխատասեր էր, որ ծառայությունից դուրս՝ ազատ ժամերին հորն էր օգնում։

Тигран Аракелян
© Photo : provided by Liparit Avagyan
Տիգրան Առաքելյանը դասընկերների հետ

«Երբեք կողքովդ այնպես չէր անցնի, որ քեզ չտեսնելու տար։ Եթե անգամ դու չտեսնեիր կամ չճանաչեիր, ինքը կմոտենար, կներկայանար, կհիշեցներ, որ ինքը Տիգրանն է»,- արցունքն աչքերին պատմում են ուսուցիչներն ու շեշտում նրա համեստությունը. այսքան տարի անց էլ իրենց հետ խոսելիս աշակերտական ամաչկոտությամբ աչքերի մեջ չէր նայում։

Հիշում են Տիգրանի դպրոցական տարիները՝ հանգիստ աշակերտ էր, ոչ մի անգամ որևէ կռվի կամ վիճաբանության մեջ նրան ներքաշված չեն տեսել։

Тигран Аракелян
© Photo : provided by Liparit Avagyan
Տիգրան Առաքելյանը դասընկերների հետ

Ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանն ասում է, որ Տիգրանի պատասխանատվությունն ու բարությունը կյանքի վերջին վայրկյաններին էլ երևացին․

«Կարող էր, չէ՞, ինքն առաջինը զենքը բարձրացնել, կրակել, բայց տեսավ երեխաներ են, ձեռքը չգնաց․․․»։

Տիգրանը երկու երեխաների հայր էր. աղջիկը 9 տարեկան է, որդին՝ 15։ Նրան սպանողը գրեթե որդու տարիքին էր՝ 16 տարեկան․․․ Ընդամենը մի քանի ամսից Տիգրանի ծառայության 20 տարին էր լրանալու, նա վաստակած հանգստի էր գնալու։

Ոստիկանին սպանելուց առաջ եղբայրները գողություն են արել. նոր մանրամասներ

Տիգրան Արամի Առաքելյանը ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ էր։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ «Սխրագործության համար» մեդալով:

Ոստիկանության ծառայողին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել 2 եղբոր

Ըստ թեմայի

Երկու անչափահասների մայրը կախվել է Գյումրիում. ամուսինը փրկել է կյանքը
Երևանում 83–ամյա կնոջ այրված դի են հայտնաբերել
«Սպանողը պրոֆեսիոնալ է եղել». մանրամասներ և տեսանյութ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանությունից
թեգերը:
Տիգրան Առաքելյան, Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ