15:28 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
55902

Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը վերհիշում է՝ ինչպես Գերմանիայի կանցլերը հրեաների առաջ խոստովանեց գերմանացիների մեղքերը, և դա փոխեց հրեաների վերաբերմունքը գերմանացիների նկատմամբ։ Արդյո՞ք Թուրքիայի այսօրվա նախագահը կհետևի կանցլերի օրինակին։ Ահա թե որն է հարցը։

Պաշտոնական Անկարան խայտառակություն է համարել այն, որ ԱՄՆ Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դա անվանել է Վաշինգտոնի վրեժը Սիրիայում անցկացված թուրքական ռազմական գործողության համար։

Կարելի է ենթադրել, որ հիմա Թուրքիան Ամերիկայի հետ հարաբերություններում գործելու է «ակն ընդ ական» սկզբունքով, թեև ավելի ճիշտ կլիներ տեղի ունեցածը դիտարկել որպես խելամիտ գործելու ու միակ ճիշտ ուղին ընտրելու ազդանշան։

Իսկ այդ ուղին փնտրելու կարիք չկա, այն արդեն վաղուց է հարթված։ Ճիշտ է, աշխարհագրական առումով այլ կոորդինատներով, բայց ամենակարևորն այստեղ ոչ թե քարտեզի վրա ունեցած տեղն է, այլ բարոյականությունն ու վճռականությունը։

Ինչի՞ կամ, ավելի ճիշտ, ու՞մ մասին է խոսքը։ 70-ականներին Գերմանիայի կանցլեր դարձած Վիլլի Բրանդտի մասին։ Հրեաները գերմանացիներին անիծում էին ոչ պակաս, քան հայերը թուրքերին։ Երկու դեպքում էլ դա անհիմն չէր։ Բայց ահա Գերմանիայում իշխանության եկավ խելացի ու բարեխիղճ մի գերմանացի, որը հասկանում էր` ժողովուրդները դատապարտված են կա՛մ հավերժ ատելության, կա՛մ էլ պետք է փորձել հասկանալ միմյանց։

1970 թվականին կանցլերը Վարշավա այցելեց ու արեց այն, ինչը բոլորին հուզեց։ Հետո հայտնի լուսանկարը տարածվեց աշխարհով մեկ ու ստիպեց խոսել իր մասին։

Բրանդտը, ի նշան գերմանացիների ապաշխարանքի, մի պահ քարացավ Անհայտ զինվորի արձանի և Հրեական գետտոյի ապստամբության հերոսների հուշարձանի մոտ ու ծնկի իջավ։ Այդ աննախադեպ արարքը ոչ ոքի անտարբեր չթողեց։ «Թայմս» թերթը Բրանդտին տարվա մարդ անվանեց, իսկ արդեն հաջորդ տարի նա Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ։

Բրանդտը Գերմանիայի առաջին կանցլերն էր, որ Իսրայել գնաց։ Դա պարզապես այց չէր։ Նա նորից ամբողջ երկիրը ցնցող ժեստ արեց։ Հոլոքոստի հուշահամալիր գնաց մի գլխարկով, որը դնում են օրտոդոքս հրեաները։ Բացեց Սաղմոսագիրքն ու սկսեց գերմաներեն կարդալ հետևյալ տողերը․ «Մենք մեղքեր ու հանցանքներ ենք գործել։ Ողորմած Աստված, ներիր մեզ»։

Բրանդտը գրավեց բազում իսրայելցիների և ոչ միայն իսրայելցիների սրտերը։ Նա իր ամենակարևոր պարտքն էր համարում օգնել իր ժողովրդին հաղթահարել ոչ այդքան հեռավոր անցյալը։ Դեռ Վարշավայում գտնվելիս կանցլերն ասել էր․ «Չկա մի ժողովուրդ, որը կարողացել է թաքնվել իր անցյալից»։

Դիվանագիտությունը դիվանագիտությամբ, բայց կան դեպքեր, երբ պետք է կարողանալ աչքերին նայել ու ճիշտն ասել։ Օրերս դա արեց դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

«Ցեղասպանությունը տեղի է ունեցել, ու Թուրքիան է եղել դրա իրագործողը։ Ես ասում եմ բոլոր ընկերներիս ու գործընկերներիս, որ ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Մեր սենատորները պետք է համարձակություն ունենան և ասեն դա ուղիղ, պարզ ու անվերապահորեն», - ասաց նա նիստի ժամանակ։

Թուրքիայի առաջնորդները ոչ մի նման բան չեն ասում։ Հայաստանի հետ սահմանը փակ են պահում, ապրում են առանց Երևանում դեսպանատան ու բարձր մակարդակով հանդիպումների, մեղադրում են հարևաններին պատմական ճշմարտությունն աղավաղելու մեջ։ Այսինքն՝ իբր այն, ինչ ասում ենք ոչ թե մենք, այլ Ռոբերտ Մենենդեսը, հորինվածքներ են։

«Սպանություններն իրագործվել են կացիններով, դանակներով, բահերով ու եղաններով։ Դա սպանդի էր նման։ Նորածիններին մայրերի աչքի առաջ սպանում էին քարերով։ Հասկանալի է, որ Թուրքիայի վերջնական նպատակը հայ ժողովրդին վերացնելն էր», - ասաց ամերիկյան քաղաքական գործիչը, ու նա գիտեր՝ ինչ էր ասում։

Իսկ հետո ի՞նչ։ Մենք Թուրքիայի հարևաններ ենք, ու դա տևելու է ոչ թե մի կամ երկու դար, այլ հավերժ։ Հարցն այն է` շարունակել նայել միմյանց որպես թշնամիներ, թե այլ ճանապարհ ընտրել։

Այսպիսի իրավիճակ երևակայենք․ զինվելով խիզախությամբ ու ողջախոհությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրում նախկինների կատարած չարագործությունների համար ու առաջարկում է փակել ողբերգական էջը։ Չեմ կարծում, որ հայերը չեն հասկանա ու չեն ընդունի նման քայլը։ Ու ոչ միայն հայերը։

«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

Ըստ թեմայի

Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար
Ցեղասպանության մասին բանաձևը չի կարելի կապել թուրք–ամերիկյան խնդիրների հետ. Սիլաև
Սաֆրաստյան. «Կսկսվի ցեղասպանությունների հետևանքների վերացման գործընթացի ուղին»
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին
թեգերը:
Վիլլի Բրանդտ, Գերմանիա, Ցեղասպանություն, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ