03:50 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
214220

Տաքսու կին վարորդի Երևանում հաճախ չես հանդիպի։ Առավել ևս մեկին, ում հետ ճանապարհ անցնելուց հետո տուն հրավիրելու ցանկություն է առաջանում։ Sputnik Արմենիայի թղթակցի մեքենայի հերթական պատվերն այս անգամ ավարտվեց վարորդ Թամարայի հետ ծանոթությամբ։

Հավելվածներից մեկով պատվիրում ես տաքսի. անձրևի տակ կանգնած անհամբեր սպասում` մեքենայի ու վարորդի հարցում այս անգամ բախտդ կբերի՞, թե՞ ոչ ։ Մեկ էլ մոտենում է սիրունիկ, մաքուր արծաթագույն մեքենա (հեղ. ներեցեք, մեքենաները միայն գույներով եմ տարբերակում). արդեն խոստումնալից է։ Դուռը բացում ես, մի քանի կաթիլ քիչ թրջվելու հույսով նետվում մեքենայի մեջ ու բարևիդ ի պատասխան կնոջ ուրախ ձայն լսում։ Թամարա Կապրելյանն է՝ Հայաստանում տաքսի վարող հազվադեպ կանանցից մեկը։

Водитель такси Тамара
© Photo : provided by Tamara
Թամարա Կապրելյան

Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է տարբեր ոլորտներում, հիմա էլ անշարժ գույքի առուվաճառքով է զբաղվում, աշխատանքից հետո էլ նստում է մեքենայի ղեկին ու երկրորդ գործին անցնում։ Նրա հետ ճանապարհի երկարությունը չես զգում, խցանումները չեն նյարդայնացնում, որովհետև տպավորություն է, թե հին բարեկամիդ ես հանդիպել, վաղուց չէիք խոսել, հազիվ հարազատաբար զրուցելու առիթ է ստեղծվել։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

«Օրեր առաջ մի կնոջ տուն էի տանում, հասանք շենքի մոտ, ասում է՝ դե արի բարձրանանք, սուրճ խմենք։ Քաղաքավարի մերժեցի, ասում է՝ տորթիկ էլ ունեմ։ Ստիպված էի նորից մերժել, որովհետև որքան էլ հաճելի լինի խոսելը, շփվելը, բայց դա աշխատանք է, սահմաններ կան, որ պահել է պետք»,- ասում է Թամարան ու ավելացնում, թե քանի անգամ են դեպքեր եղել, երբ ընտանիքի ինչ-որ արարողության, միջոցառման է տարել, իրեն էլ են հրավիրել միանալ։

Թեպետ միշտ մերժում է, բայց զգացված է, որ մարդկանց դուր է գալիս իր ընկերակցությունը։

«Մի անգամ էլ մի տղա ասաց՝ քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես, այնքան հանգստացնող է քեզ հետ զրուցելը»։

Թամարան խոստովանում է, որ փոքր տարիքում հոգեբան դառնալու մասին իրականում մտածել է։

Водитель такси Тамара
© Photo : provided by Tamara
Թամարա Կապրելյան

Ասում է՝ թեպետ կանայք այդքան ակտիվ են տարբեր ոլորտներում, բայց տղամարդիկ հիմա էլ են զարմանում տաքսու ղեկի դիմաց կին տեսնելիս։ Զարմանքին հաջորդում է շփոթմունքը, հետո էլ սովորաբար դրական վերաբերմունքը։ Նյարդայնանում է, երբ պատվիրատու տղամարդիկ շատ ակնհայտ սկսում են իրեն սիրահետել, սուրճի հրավիրել։ Շունչը պահած սպասում է պատվերի ավարտին։ Բայց և ասում է՝ շատ նյարդայնանալու դեպքում պատրաստ է միանգամից արգելակել ու մեքենայից դուրս հրավիրել։ Ապահովության համար ձեռքի տակ նաև արցունքաբեր գազ է պահում, պատրաստվում է էլեկտրաշոկեր ձեռք բերել։ Ասում է՝ դա ոչ միայն կին, այլև տղամարդ տաքսու վարորդներին էլ է պետք։ Պատվերը ստանալուն պես կապվում է պատվիրատուի հետ, մի քանի բառ փոխանակում, ճշտում ուղղությունը։ Միշտ վստահում է իր ներքին ձայնին։ Եթե ձայնն ասում ՝ այս պատվերը չեղարկիր, կարող է լավ բան դուրս չգալ, այդպես էլ անում է։

Նյարդայնացնող «խոսեցնողների» կողքին նաև շատ հաճելի մարդիկ են հանդիպում։

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ խնդրել են ինչ-որ ծաղկի խանութի կամ սուպերմարկետի մոտ կանգնել։ Ասել են, որ հյուր են գնում։ Վերադարձել են ծաղիկները ձեռքին կամ շոկոլադով լի տոպրակով, դրել հետևի նստատեղին և միայն մեքենայից իջնելուց հետո ասել, որ դրանք ինձ համար են, ու անմիջապես հեռացել»,- ժպտալով պատմում է Թամարան։

Որքան երկար ես Թամարայի հետ խոսում, այնքան զրույցի թեմաների սահմաններն ընդարձակվում են։

Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը

Հայրը ծնվել է Բաքվում, մայրը՝ Ստեփանակերտում. ազգականներին այցելության ժամանակ նրանք հանդիպել են, ընտանիք կազմել ու բնակություն հաստատել Բաքվում։ Թամարան այնտեղ է ծնվել։ 5 տարեկան էր, երբ սկսվեցին Բաքվի ջարդերը, և ընտանիքը փախուստի դիմեց հազարավոր հայերի նման։ Ծնողների պատմություններից գիտի՝ իրենց Բաքվի տունը գնել ցանկացող կար, հայրը հրաժարվեց վաճառել՝ ասելով, որ հայրական տունն իր ձեռքով ոչ մեկին չի տա։ Դռները փակեց, բանալին վերցրեց, ու մեկնեցին Ռուսաստան։ Մի քանի տարի անց եկան Երևան։

Թամարան ասում է՝ «տուն կորցնելն» իրենց ընտանիքին մի տեսակ հետապնդել է։ Մի տուն էլ Ստեփանակերտի կենտրոնում են կորցրել՝ մայրական տունը։ Պատերազմի տարիներին ականն ուղիղ տան վրա է ընկել ու քարը քարի վրա չի թողել։ Բարեբախտաբար, տանը մարդ չի եղել։ Ասում է՝ համաձայնեցին չնչին գումարով վաճառել միայն այն պայմանով, որ տան տեղում երեխաների համար խաղահրապարակ է կառուցվելու։ Այդպես էլ եղավ։ Արդեն երևանցի դարձած Թամարային տանն անհամբեր սպասում է Բոնին. նա աղջիկ է, ավելի ճիշտ՝ սպիտակաթույր 6 ամսական նապաստակ, որին նա «փրկել է» հարևանի երեխայի ձեռքից։

Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց

Թամարան, շատ մեղմ ասած, կենդանասեր է։ Խոստովանում է, որ տաքսի վարում է ոչ թե միայն այն պատճառով, որ սիրում է մեքենա վարել, լիցքաթափվում է, այլև կողմնակի եկամտի համար։ Կենդանասեր լինելն «էժան սեր» չէ։ Ոչ մի հիվանդ, անօգնական կենդանու կողքով անտարբեր չի անցնում։ Հատկապես սիրտը «փափկում է», երբ ձագուկ է տեսնում։ Երբեք փողոցում չի թողնում, վերցնում է, կերակրում, մեքենայով տեղափոխում բժշկի, եթե պետք է, հետո էլ օրավարձով խնամքի հանձնում ու ի վերջո որդեգրման։ Սա ամենաբարդ պրոցեսն է, որին Թամարան շատ բծախնդրորեն է վերաբերվում. Նախ` որդեգրի ընտրությանը, հետո էլ շարունակում է հետևել, թե ինչպես է անցնում կենդանու կյանքը նոր տանը, ինչպես են նրան վերաբերվում։ Թամարայի մեքենայում միշտ կենդանիների համար կեր կա։ Տանը Բոնին է սպասում, իսկ բակում՝ 5 փիսիկները։

Водитель такси Тамара
© Photo : provided by Tamara
Թամարա Կապրելյան

Թամարայի տարիների մեծ երազանքն է՝ կացարան ստեղծել հիվանդ, վիրավոր կենդանիների համար, որտեղ յուրաքանչյուրը հոգատար վերաբերմունք ու խնամք կստանա։

Водитель такси Тамара
© Photo : provided by Tamara
Թամարա Կապրելյան

Ըստ թեմայի

Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ
Պատռած ջինսեր, օնլայն ծանոթություններ. այն, ինչն արգելված էր երեկ, այսօր դարձել է նորաձև
Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել
թեգերը:
վարորդ, տաքսի, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ